Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կիպրոս-Թուրքիա լարվածության աճի ֆոնին Հայաստանի դիրքորոշման հստակեցումը կարևոր էր

 Կիպրոս-Թուրքիա լարվածության աճի ֆոնին Հայաստանի դիրքորոշման հստակեցումը 
կարևոր էր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու շուրջ տիրող լարվածությունը վերջին օրերին էլ ավելի է սրվել: Պատճառը Թուրքիայի կողմից այդ տարածքում հորատման աշխատանքներն են՝ չնայած միջազգային հանրության կոչերին, որոշ դեպքերում նաև սպառնալիքներին:

Նշենք, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում,  որտեղ առկա են գազի որոշ պաշարներ, դեռևս մայիսից Թուրքիան հետախուզական և հորատման աշխատանքներ է իրականացնում: Թուրքական կողմը հայտարարել է, որ հորատման աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 3-ը՝ հավելելով, որ այդ աշխատանքների վերաբերյալ ցանկացած քննադատություն անընդունելի է, և Թուրքիան շարունակելու է պաշտպանել Կիպրոսում ապրող թուրքական համայնքի շահերը: Ավելին, պաշտոնական Անկարան վստահեցնում է, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից աշխատանք իրականացնելու լիազորությունն ամրագրված է միջազգային իրավունքով: «Որպես երաշխավոր երկիր՝ մենք հանձնառու ենք Միջերկրական ծովում պաշտպանել մեր, ինչպես նաև թուրք կիպրացիների շահերը: Թուրք կիպրացիները հավասար իրավունքներ ունեն՝ օգտվելու այդ տարածքի ածխաջրածնային ռեսուրսից, և մենք պայքարում ենք՝ պաշտպանելու նրանց շահերը», - ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Հատկանշական է, որ ո՛չ Կիպրոսը, ո՛չ միջազգային հանրությունը չեն ճանաչում Թուրքիայի կողմից հայտարարված իրավունքը՝ դիտարկելով Անկարայի այդ գործողությունները բացառապես ապօրինի:

Ավելի ուշ՝ հուլիսի 10-ին, տարածվեց տեղեկատվություն, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իր աշխատանքն են սկսում թուրքական երկրորդ և երրորդ հորատող սարքերը, ինչը հանգեցրեց միջազգային հանրության համեմատաբար առավել կտրուկ արձագանքին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ավելի վաղ արված կոչերը պաշտոնական Անկարայի կողմից փաստացի անտեսվել էին: Մասնավորապես, Հունաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Ռուսաստանը քննադատել են Թուրքիայի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում՝ կոչ անելով չսրել տիրող իրավիճակը: Հուլիսի 15-ին ԵՄ-ն անգամ հայտարարեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին. Բարձր մակարդակի երկխոսության սառեցում և դեպի Թուրքիա ֆինանսական հոսքերի դադարեցում: Պատժամիջոցներին ի պատասխան, սակայն, պաշտոնական Անկարան որոշում է կայացրել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում տեղակայել չորրորդ հորատող սարքը:

Հետաքրքրական է, որ Թուրքիայի գործողությունները քննադատել են նաև Եգիպտոսը և Իսրայելը, որոնք իրենց հետաքրքրություններն ունեն Կիպրոսի սահմանին նավթային և գազային հանքավայրերի շահագործման հարցում: Նշենք, որ 2003 և 2010թթ-ին Եգիպտոսն ու Իսրայելը համապատասխանաբար Միջերկրական ծովում նավթի և գազի պահուստների բաժանումը հեշտացնող ծովային սահմանների մասին համաձայնագիր են ստորագրել:

 Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու հետ կապված իր մտահոգությունն է հայտնել նաև Հայաստանը: ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ կոչ է արվում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները: Հայաստանի արձագանքը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողություններին բավական կարևոր էր՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք: Նախ, Կիպրոսի հետ Հայաստանն ունի բավական սերտ և բարեկամական հարաբերություններ, իսկ 2019թ. հունիսին էլ հաստատվեց Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության ձևաչափը, որը նոր մակարդակի բարձրացրեց այդ երկրների հետ Հայաստանի փոխգործակցությունը: Այս գործոններով պայմանավորված բավական կարևոր էր, որ Երևանը՝ որպես Կիպրոսի սերտ գործընկեր, միջազգային հանրության մյուս դերակատարների հետ որդեգրեց հստակ դիրքորոշում և աջակցություն հայտնեց Նիկոսիային: Ստեղծված իրավիճակում ցանկալի է, որ հայկական կողմը շարունակի Կիպրոսին աջակցություն ցուցաբերել նաև միջազգային կառույցներում, խորհրդարանական դիվանագիտության ձևաչափերում և, կիպրական կողմի հետ համագործակցելով, բարձրաձայնի Թուրքիայի ապօրինի գործողությունների, հարևանների դեմ Անկարայի կողմից իրականացվող թշնամական քայլերի վերաբերյալ:  

Գրետա Ավետիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]