Մատչելիության հղումներ

Հուլիսի 4-ից Բրիտանիայում բացվելու են փաբերը, ռեստորանները, թանգարանները և գյուղատնտեսական ֆերմաները


Հուլիսի 4-ից Բրիտանիայում բացվելու են փաբերը, ռեստորանները, թանգարանները, ինչպես նաև գյուղատնտեսական ֆերմաները։ Մինչ պաշտոնական բացումը արքայազն Չարլզը չորեքշաբթի օրը այցելել է գյուղատնտեսկան ֆերմաներից մեկը, որտեղ ընտանի կենդանիներ են պահում՝ այծեր, խոզեր, ձի։ Նա նաև հին ջրաղաց է այցելել, որտեղ ցորենը մշակում են ավանդական մեթոդներով։

Արքայազնի հետաքրքրությունը ձևական չէ, նա օրգանիկ գյուղմթերքներ արտադրող ֆերմա ունի։ Մարտին 71-ամյա Չարլզը թեթև կորոնավիրուս էր տարել, նա ինչպես նաև թագուհի էլիզաբեթ Երկրորդը ինքամեկուսացվել էին, վարչապետ Բորիս Ջոնսոնն էր հիվանդացել ու տեղափոխվել հիվանդանոց, ինտենսիվ թերապիայի բուժում ստացել։

Անցած գարունը ծանր էր Բրիտանիայի համար։ Համավարակի բռնկումից ի վեր այնտեղ 300 հազարից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով, գրեթե 44 հազարը մահացել են։ Վարակվածների թվով Բրիտանիան աշխարհում 5-րդն է։ Կորոնավիրուսով ամենաշատ վարակվածների երկրների ցանկը տևական ժամանակ չի փոխվում։ Բրիտանիայից կրկնակի շատ դեպքեր արձանագրվել են Հնդկաստանում և Ռուսաստանում, Բրազիլիան ավելի քան մեկ միլիոն 400 հազար դեպքով երկրորդն է։ Իսկ առաջին տեղում երկար ժամանակ Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոն 700 հազարը, ավելի քան 130 հազար մարդ մահացել է։

Հայաշատ Կալիֆորնիայում նորից սահմանափակումներ են մտցվել` հաշվի առնելով կորոնավիրուսի նոր բռնկումները։ Նահանգապետ Գևին Նյուսոմն ասել է, որ առնվազն երեք շաբաթ արգելվում են միջոցառումները ռեստորաններում, կինոթատրոններում, հանրային այլ հաստատություններում, որտեղ դրանք շենքի ներսում են անցկացվում։

Նահանգի 19 շրջաններում, որտեղ բնակվում է Կալիֆորնիայի բնակչության 70 տոկոսը, պետք է փակվեն բոլոր բարերն ու գարեջրատները։ Գևին Նյուսոմն ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 110 մարդ է մահացել։ Նա նշել է, որ վիրուսի տարածման տեմպերը անհանգստացնող են, և խնդրել է ըմբռնել համավարակի լրջությունն ու կյանքեր փրկել։

COVID-19-ի աճ է արձանագրվել Արիզոնայում, Ֆլորիդայում, Տեխասում։ Վերջին օրերին ԱՄՆ-ի խիտ բնակեցված շրջաններում աճել են վարակվածներին հոսպիտալացնելու, ինչպես նաև ծանր հիվանդների մահվան դեպքերը։ Չորեքշաբթի օրվա ամփոփիչ տվյալներով` ԱՄՆ-ում մեկ օրվա կտրվածքով վարակվածների ռեկորդային բարձր թիվ է գրանցվել, կորոնավիրուսի շուրջ 50 հազար` նոր դեպք մեկ օրում։

Ամբողջ աշխարհում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերն անցել են 10 միլիոն 800 հազարը։ Կեսից ավելին` 6 միլիոնից ավելի մարդ, բուժվել է, ավելի քան կես միլիոնը` մահացել։ Վատթարագույն իրավիճակներից մեկը Բրազիլիայում է: Նախօրեին այնտեղ հազարից ավելի մարդ է մահացել, ու այսօրվա տվյալներով այդ խոշոր երկրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերն անցել են 60 հազար 800-ը:

Ռուսաստանում անցած օրվա ընթացքում վիրուսով վարակվածների թիվը 6,5 հազարով է ավելացել։ Ընդհանուր վարակակիրների թիվը 654 հազար է, իսկ մահվան դեպքերը մոտենում են 10 հազարին: Մոսկվան մնում է կորոնավիրուսի հիմնական օջախներից մեկը։

Չորեքշաթի օրը կորոնավիրուսի դեպքերի աճի մասին է հայտարարել նաև Ֆրանսիայի առողջապահության նախարարը: Երեկ երեկոյան նա ասել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 900-ից ավելի նոր դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը մոտենում է 166 հազարին։

Թուրքիայում ևս մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի թվերն աճել են հազար հարյուրով, 19 մարդ է մահացել: Թուրքիայում մահվան դեպքերն անցել են 5 հազար 100-ը, իսկ վարակվածներինը` 200 հազարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսն աշխարհի երկրների իշխանություններին կոչ է արել «գտնել, մեկուսացնել յուրաքանչյուր կոնտակտավորի, ինչպես նաև վերապատրաստել բուժաշխատողներին, կրթել բնակչությանը և ընդլայնել կորոնավիրուսից նրանց պաշտպանունակությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG