Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հարստացնում է փոքր բեմի խաղացանկը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հարստացնում է փոքր բեմի խաղացանկը

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի վերջին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Էլֆիք Զոհրաբյանի «Սե՞ր, թե՞ քուանշ» պիեսի բեմադրության առաջնախաղը: Ներկայացման բեմադրիչը թատրոնի երիտասարդ դերասան Ժիրայր Գաբրիելյանն է:

Ներկայացման մեջ զբաղված են Մարիամ Ղևոնդյանը, Հակոբ Դեմիրճյանը, Ալլա Դարբինյանը և պիեսի հեղինակը: Երաժշտական ձևավորումն Էրիկ Մարտիրոսյանինն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է, որ ներկայացման հաջողության մեջ կարևոր է համարում երիտասարդների՝ սիրով և նվիրումով ստեղծագործելու, աշխատելու անմնացորդ ձգտումը, թատրոնում ինչ-որ բան նոր, չբացահայտված տեղից սկսելու մղումը:

«Մենք որդեգրել ենք թատրոնի և՛ Վանաձորում, և ՛ Լոռիում թատերարվեստի զարգացման այլ մարտավարություն՝ երիտասարդացող թատրոն՝ նոր լուծումներով ու երանգներով... Մենք գիտենք, որ ուժեղ է այն ծառը, որի արմատները խորն են թաղված հողում... իսկ բնականոն աճի համար ամենօրյա հոգատարություն է անհրաժեշտ... Մենք սիրում ենք մեր թատրոնը, մեր հանդիսատեսին... Սպասեք նոր ներկայացումների՝ արդեն նոր թատերաշրջանում»,- ասել է նա:

Գեղարվեստական խորհրդի անդամներից Ջանիբեկ Ղուկասյանը նշել է, որ իր դուրը եկել է ներկայացումը, որ որտեղ և՛ հումոր կար, և՛ ֆարսի մոտիվներ, և՛ ռեժիսորի աշխատանքն էր երևում: «Հետաքրքիր լուծումներ կան, պրոեկցիան է ճիշտ աշխատում: Դրանք գուցե փոքրիկ դետալներ են, բայց հարստացնում են ներկայացումը: Դերակատարները հաջողված են: Կարծում եմ՝ հանդիսատեսը կընդունի և հաճույքով կգա դիտելու: Շնորհավորում եմ բոլորին»,- հավելել է նա :

Սեյրան Ղամբարյանի դիտարկմամբ՝ պիեսում խոսվում է մի կարևոր դրվագի մասին, որը շատ արդիական է և դաստիարակչական միտում ունի, սակայն կրճատված է. «Դա այն հատվածն է, երբ հերոսուհին պատմում է, թե ինչպես է տան գույքը վաճառել և ուղարկել սահման՝ որպես օգնություն: Առաջարկում եմ վերանայել և այս հատվածն ընդգրկել ներկայացման մեջ, նաև այն հատվածները, որտեղ խոսվում է այն մասին, որ հերոսուհին չի գայթակղվում օտար երկրում բարեկեցիկ կյանքով ապրելով և վերադառնում է հայրենիք, և որտեղ հերոսուհին, կաշառելով հերոսին իր սիրո հավատարմությամբ, խոստանում է գողին՝ պատերազմում զոհվելու դեպքում միանալ նրան»:

Մայիս Սարգսյանն էլ նշել է, որ հպարտ իր թատրոնի համար. «Այսօր ես շատ դրական լիցքեր և էմոցիաներ ստացա, որ դժվարանում եմ հերթականությամբ արտահայտել: Նախ ուզում եմ շնորհավորել դրամատուրգին: Պիեսին ծանոթ լինելով՝ չէի պատկերացնում, որ այդ փոքրիկ գործից կարելի է այսպիսի մեծ ներկայացում ստանալ: Մեծ, բայց ոչ ծավալի առումով: Սա իր կառուցվածքով բարձր մակարդակի դրամատուրգիա է, իսկական եվրոպական կոմեդիաներին հավասար կոմեդիա է, որը հաջողվել է մեր թատրոնում: Ճիշտ է՝ փոքր բեմում, բայց այսպես էլ շատ լավ աշխատեց ներկայացումը: Հիացած եմ ռեժիսորի աշխատանքով: Շնորհավորում եմ. դեբյուտը կայացավ և բարձր գնահատվեց: Հրաշալի դերակատարումներ էին: Շնորհավորում եմ Մարիամին (Աննա), ուրախ եմ նաև Հակոբի (գող) համար, քանի որ այս դերը համարում եմ նրա դերակատարումների մեջ ամենահաջողվածը: Հետաքրքիր էր նաև հեղինակի դերակատարումը՝ գրոտեսկային մոտեցմամբ: Կարծում եմ, որ այս ներկայացումը այս փոքր բեմում շատ երկար է ապրելու: Բոլորին շնորհավորում եմ»:

Գեղարվեստական խորհրդի անդամ Վրույր Հարությունյանը, գնահատելով թատրոնի աշխատանքը, ընդգծեց, որ այստեղնոր սերունդ է բոցկլտում, նոր գործեր են ծնվում։ «Կարող ենք վստահաբար ասել, որ մեր թատրոնը հուսալի ձեռքերում է: Ուրախությամբ պիտի նշեմ, որ թատրոնը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին լիիրավ և լիարժեք դրսևորվելու, աշխատելու, ստեղծագործելու: Այսօր ուզում եմ բոլորիս շնորհավորել և շնորհակալություն ասել խմբին: Սա մայրաքաղաքային մակարդակի ներկայացում է. կարող ենք արտերկրի ցանկացած փառատոնում պարզերես ներկայանալ այս ներկայացումով»,- նկատեց Հարությունյանը:

Դրական կարծիքներ են արտահայտել նաև դերասանական խմբ ի անդամները: Էլֆիք Զոհրաբյանը նշել է, որ առանձնահատուկ շնորհակալություն է ուզում հայտնել Լուսինե Սահակյանին, ով, համառությամբ կանգնելով բեմադրիչի կողքին, ամեն ինչ արեց այս ներկայացման կայացման և հաջողության համար:

ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, ով նաև թատրոնի գեղխորհրդի փոխնախագահն է, շնորհավորել է՝ նկատելով. «Սա այն եզակի դեպքերից է, երբ ստացվել է կատարյալ ներկայացում: Կարծում եմ, որ մի քանի դիտումից հետո շատ բաներ կհղկվեն ու նոր գույներ կստանան՝ ավելի տպավորիչ դարձնելով արդյունքը: Այս իմաստով փոքր բեմը կրկին սկսում է մեզ գայթակղել. հանդիսատեսը տեսնում է հերոսների հոգեվիճակները «խոշորացույցի» տակ: Ի պատիվ դերակատարների՝ ասեմ, որ ոչ մեկն իր նախկին դերակատարումների նման չէ: Սա հաջողություն է և՛ դերասանական, և՛ դրամատուրգիական, և՛ բեմադրական իմաստներով: Ձևավորումը հրաշալի օգտագործվում էր` վերափոխվելով մե՛կ գնդակի, մե՛կ անկողնու, մե՛կ քարի: Այս թատերաշրջանի մեր վերջին աշխատանքն է՝ բոլորովին նոր մակարդակով»:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմի խաղացանկը թատրոնում աստիճանաբար հարստանում է. վերջին ամիսներին հանդիսատեսի դատին են հանձնվել Լորկայի «Արյունոտ հարսանիք», Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ» (առաջնախաղը տեղի է ունեցել հունիսի 28-ին, բեմադրիչ՝ Արեն Օսիպյան), ըստ Մարկեսի՝ «Ես միայն զանգահարելու էի եկել» (առաջնախաղը տեղի է ունեցել հուլիսի 23-ին, բեմադրիչ՝ Մարիամ Մնացականյան) և «Սե՞ր, թե՞ քուանշ» ներկայացումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]