211652_close_icon
views-count150066 դիտում article-date 23:54 11-05-2022

Սևանա լճում ջրահեղձ եղած 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակվում են. այսօր լիճ է դուրս եկել նաև «Սևան» ազգային պարկին պատկանող նավը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մայիսի 11-ին, առավոտյան ժամը 07:00-ից Գեղարքունիքի մարզում շարունակվել են օրեր առաջ Սևանա լճում անհայտ կորած 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները:

Ինչպես դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը որոնողական աշխատանքներին դարձյալ լծվել են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն  ու Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ջրասուզակները:

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի միջնորդությամբ լիճ է դուրս եկել նաև նավ, որը մասնակցում է որոնողական աշխատանքներին:

Ինչպես առաջին իսկ օրվանից, այնպես էլ այսօր, որոնողական աշխատանքներում ներգրավված են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի կարգադրությամբ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ:

Առաջին իսկ օրվանից որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Զոլաքար, Վարդենիկ, Նորատուս և մի քանի գյուղերի, ինչպես նաև Մարտունի քաղաքի ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ:

Այսօր դարձյալ լճի հատակում՝ մոտ 250 մ խորությամբ կատարվում էին որոնողական աշխատանքներ և այդ հատուկ տեխնիկաները բերվել էին ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի հարազատների կողմից:

Ժամը 19:00-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նավը, որով այսօր սկսվել էին որոնողական աշխատանքներ, պատկանում է «Սևան» ազգային պարկին, որի մի քանի աշխատակիցներ նույնպես միացել են որոնողական աշխատանքներին:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 10-ին, առավոտյան ժամը 07։00-ից Գեղարքունիքի մարզում շարունակվում էին Սևանա լճում Վարդենիկ գյուղի 2 բնակիչների որոնողական աշխատանքները։

Նշված վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ու ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։   3 ժամից ավելի էր՝ նախարար Ա. Փամբուխչյանը հետևում էր որոնողական աշխատանքներին, որին ներգրավված են Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության մեծ թվով հրշեջ-փրկարարներ, Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ջրասուզակներ։ 

4-րդ օրն էր արդեն, որ մի քանի գյուղերի բնակիչներ, այդ թվում՝ Վարդենիկից, Նորատուսից, Զոլաքարից, Մարտունի քաղաքից, հարևան մի քանի գյուղերից ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ իրենց մոտորանավակներով (30-ից ավելի) ջրի ափից մոտ 3 կմ դեպի Սևանա լիճ կատարում էին որոնողական աշխատանքներ։ 2-3 ջրասուզակներ, եթե եղանակային պայմանները թույլ են տալիս, 1 ժամից ավելի 30-40 մետր խորության վրա հետախուզական աշխատանքներ են կատարում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի եղբայրը իր ընկերների օգնությամբ Ռուսաստանի Դաշնությունից բերել էր տվել 2 հատուկ սարքավորում, որոնց արժեքը 7000-8000 ԱՄՆ դոլար է, որոնցով հնարավոր է ջրի տակ ճշգրտությամբ հայտնաբերել կասկածելի կամ փնտրվող առարկաներ։  Արդեն մի քանի ժամ էր, այդ 2 հատուկ սարքավորումներով ջրի տակ դիտարկվում էր տեղանքը։

Նշված սարքավորումը մոտ 90 տոկոս ճշգրտությամբ ցույց է տալիս ջրի հատակը, ինչը 100 տոկոսով հեշտացնում է ջրասուզակի աշխատանքը, մինչդեռ մինչ այդ, ջրասուզակները օգտագործում էին իրենց մոտ եղած ոչ որակյալ տեսախցիկը, որի տեսանելիությունը այնքան էլ օգուտ չի տալիս։ Որոնողական աշխատանքները փրկարարների, ջրասուզակների, մեծ թվով գյուղացիների կողմից շարունակվում էին։

Տեղում քաղաքացիները, այդ թվում՝ որոնվողների հարազատները, իրենց շնորհակալությունն էին հայտնում ԱԻ նախարարությանը, Փրկարար ծառայությանը, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանն ու Մարտունու հրշեջ-փրկարարներին՝ ասելով. «Ուզում ենք շնորհակալություն հայտնել 4 օր շարունակ ջրահեղձ եղած  քաղաքացիների հայտնաբերման աշխատանքներին ներգրավված հրշեջ-փրկարարներին, ջրասուզակներին, Մարտունու ոստիկաններին, Արտակարգ իրավիճակների նախարարին, Փրկարար ծառայության տնօրենին, ովքեր վաղ առավոտվանից մինչև երեկո տիտանական աշխատանք են կատարում մեր համագյուղացիների դիերը հայտնաբերելու համար։ Բայց նաև խնդրանք-հորդորով դիմում ենք նախարար Արմեն Փամբուխչյանին, որպեսզի նախարարությունը միջնորդություն ներկայացնի կառավարությանը, որպեսզի բարի կամք դրսևորեն և Ռուսաստանից գնեն նմանատիպ հատուկ սարքավորումներ, որը հաստատ ավելի օգտակար կլինի, քան իրենց մոտ եղած ու դարն ապրած տեսախցիկն են օգտագործում ջրի տակ։ Ռուսաստանից բերված այս տեսախցիկները համ մատչելի են, համ որակյալ, համ էլ կարելի է ջրի գնով ձեռք բերել։ Պատրաստ ենք անգամ մենք մեր ընկերների միջոցով 10 հատ չէ, 20 հատ բերենք, բայց ուզում ենք, որպեսզի դա կառավարությունը անի, իսկ կառավարությունը հաստատ կարող է, եթե ցանկություն ունենա»։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր