Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ոսկե Ծիրան» և «Արտավազդ» փառատոնները կանցկացվեն նաև Գորիսում. ԱՊՀ տարածքում 2018-ի մշակութային մայրաքաղաք է հայտարարվել Գորիսը

«Ոսկե Ծիրան» և «Արտավազդ» փառատոնները կանցկացվեն նաև Գորիսում. ԱՊՀ 
տարածքում 2018-ի մշակութային մայրաքաղաք է հայտարարվել Գորիսը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքը 2018 թվականին հռչակվել է Անկախ Պետությունների Համագործակցության մշակութային մայրաքաղաք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի մեկնարկը տրվելու է հունիս ամսվա վերջին, այդ ժամանակ տեղի կունենա Գորիսի՝ մշակութային մայրաքաղաքի տիտղոսը քաղաքին փոխանցելու պաշտոնական արարողությունը։

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ  Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա շատ նշանակալի իրադարձություն է ԱՊՀ տարածքում։

«Կարծում եմ՝ անելիքները շատ են և՛ Գորիսի ղեկավարության կողմից, և՛ Մշակույթի նախարարության։ 2018 թվականի ընթացքում մենք բավականին մեծ և լայնածավալ միջոցառումներ ենք իրականացնելու Գորիսում, որոնց ներկա են լինելու ԱՊՀ երկրներից մտավորականներ, մշակույթի գործիչներ։ Նախարարության և Գորիսի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ նախապատրաստական մի շարք աշխատանքներ են իրականացվել՝ մասնավորապես հաստատվել է քաղաքի խորհրդանիշը»,- ընդգծեց նախարարի տեղակալը։

2017 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գորիսի համայնքապետարանում կայացած նիստի ընթացքում մրցույթի հանձնաժողովը քննարկել է ներկայացված աշխատանքները։ Բաց քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել մրցույթի մասնակից Էդուարդ Քանքանյանի աշխատանքը։

Ընտրվել է այն լոգոտիպը, որտեղ ներառված է Գորիսի պատմամշակութային ժառանգությունից մի հատված՝ քարանձավներ, Գորիսի կարմիր տանիքները, յուրօրինակ պատուհանները, կա նաև ԱՊՀ լոգոտիպը և զանգակ, որը խորհրդանշում է Գորիսի մշակութային մայրաքաղաք հռչակելու գաղափարը։

Արթուր Պողոսյանը նշեց, որ ծրագրերը ֆինանսավորվելու են և՛ պետական բյուջեից, և՛ ԱՊՀ հումանիտար ֆոնդից։

«Առաջիկայում Մշակույթի նախարարության և Գորիսի քաղաքապետարանի համատեղ պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մտավորականության 12-րդ ֆորումին։ Այնտեղ մենք մանրամասն կներկայացնենք ծրագրի նախնական տարբերակը, լինելու է մեծ շնորհանդես և համաժողովի մեկ ամբողջ նիստ նվիրված է լինելու Գորիսին»,- ասաց ՀՀ մշակույթի փոխնախարարը։

Կազմակերպչական հարցերի վերաբերյալ Պետրոսյանը նշեց, որ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետի գլխավորությամբ։ Նա տարվա ընթացքում պետք է գլխավորի բոլոր միջոցառումները։

Տարվա ընթացքում նախատեսվում է անցկացնել 50-ից ավելի միջոցառում։

«Տարվա ընթացքում անցկացվող փառատոնների մի մասը ցանկանում ենք իրականացնել Գորիսում։ Արդեն նախնական համաձայնություն կա «Ոսկե Ծիրան»-ի, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության, ինչպես նաև մի շարք այլ փառատոնային ծրագրերի հետ»,- տեղեկացրեց նա։

«Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտե է ներկայացրել առաջարկություն՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ։ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին այն հաստատվել է ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների կողմից՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ։

2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարվել Գյումրի քաղաքը։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]