Կանադայի ԱԳ նախարարը նշել է արտատարածաշրջանային դերակատարների` չմիջամտելու անհրաժեշտությունը

Կանադայի ԱԳ նախարարը նշել է արտատարածաշրջանային դերակատարների` չմիջամտելու անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը hոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում, իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, ընդգծել է արտատարածաշրջանային դերակատարների՝ հակամարտությանը չմիջամտելու անհրաժեշտությունը։

Նախարար Մնացականյանն իր հերթին բարձր է գնահատել Կանադայի ղեկավարության սկզբունքային որոշումը՝ իրականացվող հետաքննության շրջանակում կասեցնել Թուրքիա ռազմավարական նշանակության ապրանքների արտահանման թույլտվությունները։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը հնարավոր է հակազդել բացառապես միջազգային հանրության վճռական և գործուն ջանքերի միջոցով:

Արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից պատերազմի հանցագործությունների, այդ թվում` Արցախի քաղաքացիական բնակչության և կենսապահովման ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման, կրոնական պաշտամունքի վայրերի և մշակութային օբյեկտների հրետակոծման, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունը։

Անդրադառնալով կրակի դադարեցման վերաբերյալ հոկտեմբերի 10-ի և հոկտեմբերի 17-ի համաձայնություններին՝ Մնացականյանն ընդգծլ է ձեռք բերված պայմանավորվածությունների չիրականացման Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը։ Նա վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Ողջունելով հոկտեմբերի 17-ին ձեռք բերված հումանիտար զինադադարը՝ նախարար Շամպայնն ընդգծել է վերջինիս պահպանման և կյանքի կոչման անհրաժեշտությունը, ինչպես նաև համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---