211652_close_icon
views-count39390 դիտում article-date 20:56 17-06-2022

Քեզ բացակա չենք դնի. Երևանի Ս. Շահումյանի դպրոցում լավագույն ավանդույթները շարունակվում են. այս անգամ մեծարեցին Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած շրջանավարտ Բաղդասար Ղարիբյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում բարի ավանդույթները շարունակվում են: Նշված դպրոցը հայտնի է իր մշակութային միջոցառումներով:

Հունիսի 15-ին դպրոցի տնօրինության կողմից կազմակերպվել էր հուշի և մեծարման երեկո:
Դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած,  դպրոցի շրջանավարտ Բաղդասար Ղարիբյանին նվիրված հիշատակի երեկո:

Միջոցառմանը ներկա էին  հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից,  դասընկերները, հերոսածին մայրեր, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու սաները:

Երեխաներն իրենց գեղեցիկ կատարումներով ներկայացան  ներկաներին, իսկ միջոցառման ավարտից հետո այցելեցին հերոսի շիրիմին, որտեղ  խոնարհեցին ծաղիկներ և կատարեցին խնկարկում:

Բաղդասար Արմենի Ղարիբյանը ծնվել է 1997 թ. հունիսի 12-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում, Ղարիբյանների ընտանիքում։ Հաճախել է Վազգեն Սարգսյանի անվան մանկապարտեզը, աչքի է ընկել իր ակտիվությամբ և չարաճճիությամբ։

2014 թ-ին ընդունվել է Յուրի Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գյուղը ինքը հերոսների ոգին է ժառանգել։ Այնտեղ մեծանալով և կրթվելով՝ ժառանգել է քաջություն, ուժ, հայրենասիրություն։ Բաղդասարը սովորել է գյուղի, իսկ հետո ավարտել Երևանի Ստեփան Շահումյանի անվան Հ.1 դպրոցը։

Սիրված աշակերտ, օրինակելի զավակ, լավ ընկեր, յուրահատուկ անձնավորություն, իսկական հերոս։ Ոմանք Բղդո էին ասում, իսկ տանը՝ Ապեր։ Նա բնավորությամբ շատ խիստ էր, պահանջկոտ, մաքրասեր, խիզախ, կայուն, խոսքի տեր, եթե մի բան մտքին դներ, ուրեմն անում էր, ընկերասեր և անսահման բարի էր, չէր սիրում փնթիությունն ու կեղծիքը։ Սիրած զբաղմունքը ավտոմեքենա վարելն էր։ Սիրում էր քույրերին, ծնողներին ում առհասարակ, կյանքը։ Ուներ բազում նպատակներ։

Դպրոցն ավարտելուց հետո 2015 թ-ի հունիսի 27-ին զորակոչվել է Հայոց բանակ, 1 ամիս ուշացումով զորակոչվեց և շատ էր տխրել. Ասում էր. «Մամ ջան, ես հիմա 1 ամսվա ծառայող կլինեի, ինչի՞ են էսքան ձգձգում»։

Ծառայությունն անցկացրել է Ջաբրայիլում՝ վաստակելով բոլորի վստահությունն ու հարգանքը։

Երբ սկսվեց ապրիլյան չարաբաստիկ քառօրյա պատերազմը, 15 օր դիրքերում էր, իր պարտականությունը կատարելու ընթացքում նա իջնում է դիրքերից, անմիջապես հրաման է ստանում՝ բարձրանալ դիրքեր։ Թեժ մարտեր են ընթանում։ Ապրիլի 3-4-ը ընկած պատերազմի ընթացքում «Սմերչ» տեսակի զենքն ընկնում է իր դիրքի ուղղությամբ, բայց չի պայթում։ Թշնամին մոտենում է իրեն, ինքն իրեն հատուկ քաջությամբ տեղեկացնում է իր հրամանատարին կապի միջոցով. «Պարոն հրամանատար, թշնամին մոտենում է, ինձանից 30 մ հեռավորության վրա է»։ Հրամանատարը. «Զինվոր, հրաման չկա, չկրակես»։ Որոշ ժամանակ անց՝ «Պարոն հրամանատար, թշնամին մոտենում է, 20 մ-ի վրա է»...«Զինվոր, չկրակես, հրաման չկա»... «Պարոն հրամանատար, 10-մետրից էլ քիչ է մնացել, տեսնում եմ նրան»....«Զինվոր, չկրակես, հասնում եմ»...

Այ քեզ խիզախություն...

Մինչ հրամանատարը կհասներ իրեն, ինքը 5 մետրի վրա ասել է թուրքին՝ «ձեր տիրու մերը...» ու կրակել։ Հրամանատարը, հասնելով իրեն, ասել է՝ «Սպրես զինվոր, դու չխփեիր, ինքն էր խփելու», ու թևը պարզում է ուսին։

Բաղդասարը զորացրվել է 2017-թ հուլիսի 30-ին՝ անցնելով բազում փորձությունների միջով։ Կատակում էր. «Պապ ջան, մորս հո չե՞ս նեղացրել էս 2 տարվա մեջ»։ Երբեմն էլ ծնողների հետ խոսում էր ինչպես հավասարը հավասարի։ Շատ խելացի էր, ընկերասեր, ակտիվ կազմակերպող, մարդամոտ, հասնող։ Սիրում էր մոր պատրաստած ցանկացած ճաշատեսակ, հատկապես թխած գաթան և այլ խմորեղեն։ Մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր, երբեմն մանկանում էր իր քույրերի հետ։ Շատ կապված էին մայր ու որդի։

Սեպտեմբեր 27-ի չարաբաստիկ լուրը տարածվեց.. Պատերազմի հաջորդ օրը Բաղդասարը զանգում է մորը և շնորհավորում ծննդյան տարեդարձն ու խնդրում. «Մամ ջան, արի Հայաստան, էլ չի լինում առանց քեզ»։

Հոկտեմբերի 1-ին նա գնում է զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու։ 1-2 օր հետո որոշեցին 13 մեքենայով գնալ Շուշի՝ մարդկանց տեղափոխելու իրենց անձնական միջոցներով։ Ընկերներով գնացին, բայց ոչ մեկի ծնողը չգիտեր այդ մասին։ Առաջին օրը Շուշիում մնալուց հետո վերադառնում են, ճանապարհին և հետադարձին ավտովթարի են ենթարկվում, բայց իր անկոտրուն ոգով շարունակում է գնալ զինկոմիսարիատ. անընդհատ մտնում է, հարցնում, թե «ինչի՞ չեք տանում», ասում են՝ «Պեկաի» հաստիք չկա», ասում է՝ «ինչ զենք ունեք, մի հատ զենք կցեք վրես, գնամ»։

Եվ գնում է, բայց մորն ասում է. «Մամ ջան, չե՞ս ուզում հերոսի մամա դառնաս»։

Բաղդասար Ղարիբյանը նահատակվել է Ֆիզուլիում, 2020 թ հոկտեմբերի 11-ին։ Ամուսնացած չէր, ունի 2 քույր։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և մի շարք պատվոգրերով։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 247+
247+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր