×


«Տղայիս հետ երբեք այսքան մտերիմ չէինք եղել». Հարութ Փամբուկչյան

Հարութ Փամբուկչյանը կարանտինն անցկացնում է Միացյալ Նահանգներում: Երգիչը BRAVO.am-ին է տրամադրել Վիգեն Մնոյանի իրականացրած ֆոտոշարքը, պատմել լուսանկարչի հետ համագործակցության, տղայի հետ հարաբերությունների եւ չեղարկված ծրագրերի մասին: Ձախ Հարութը նաեւ անակնկալ ունի երկրպագուների համար. քանի որ շատ համերգներ հետաձգվել են, նա տանը կատարել է աշուղ Զաքարյանի երգերից մեկը՝ տեսանյութը հրապարակելով Յութուբի իր էջում:



«Երեւանի փողոցներում սովորականի նման շրջում էինք ես եւ իմ պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը եւ որոշեցինք պաղպաղակ ուտել: Նստեցինք մոտակա սրճարաններից մեկում եւ պատահական հանդիպեցինք Վիգեն Մնոյանին, ով էլ տեղում գաղափար տվեց մոտ օրերին ֆոտոշարք անել: Բնականաբար, սիրով համաձայնեցի։ Ճիշտ է, այդ անգամ չստացվեց, բայց մյուս Երեւան գալուս պես իրականացրինք»,-ասել է նա:

Վիգեն Մնոյանն ու Հարութ Փամբուկչյանը


Երգիչը խոստովանել է, որ կարանտինային օրերը նպաստել են իր եւ տղայի հարաբերությունների լավացմանը.«Երկուսով Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքի իմ առանձնատանն ենք մեկուսացել: Տղայիս հետ երբեք այսքան մտերիմ չէինք եղել: Իհարկե, ամբողջ աշխարհում շատ վատ բան կատարվեց, բայց եղածն եղած է, եւ ես էլ փորձում եմ այդ վատից որոշակի լավը քաղել եւ շարունակել լավատեսորեն ապրել»,-ասել է նա եւ հավելել.«Հորդորում եմ՝ հույսով, Աստծով ապրի մեր ժողովուրդը եւ, պահպանելով անվտանգության կանոնները, տանը մնա: Միասին կհաղթահարենք այս փորձությունը»։

Հարութ Փամբուկչյանը


Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ սիրված երգիչը չեղարկել է մի շարք ելույթներ.«Այս տարի համերգային շատ շրջագայություններ ունեինք Եվրոպայում, Ռուսաստանում, Հայաստանում: Լոս Անջելեսում հոբելյանական մեծ մենահամերգներ ունեի: Այս ամենը, ցավոք սրտի, հետաձգվեց»,-եզրափակել է նա։

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վիգեն Մնոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին