211652_close_icon
views-count2635 դիտում article-date 13:58 26-11-2020

Կոմիտասի պողոտայում կկառուցվի վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 10 մլն դոլարի չափով ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է Կոմիտասի պողոտայում կառուցել վերնանցում, այգի, ամֆիթատրոն, շատրվան-ջրավազաններ: Ներդրումային ծրագիրը ներկայացրել է «Հայկ 88» ՍՊԸ-ն՝ Կառավարությունից խնդրելով կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելու: ««Հայկ 88» ՍՊԸ-ն հանդիսանում է Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում 2774 քմ մակերեսով շինության սեփականատեր և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալ: Ծրագրով նախատեսում է ապամոնտաժել ընկերության սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով»,- ասաց նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատնող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում կառուցվելիք այգին: Ծրագրով նախատեսված ներդրումները կկազմեն 10 մլն դոլար: Այգու բարեկարգման և վերակառուցման համար կներդրվի մոտ 1 մլն դոլար, որն ուղղվելու է ամֆիթատրոնի կառուցմանը, շատրվան-ջրավազանների կառուցմանը, կաթիլային ոռոգման ապահովմանը, լուսավորությանը և այլ աշխատանքների իրականացմանը: «Նշեմ նաև, որ ներկա պահին այդ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում և այստեղ ներդրումների կարիք կա»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Նմանատիպ նյութեր