×


«Նոր երգ ասա՝ լսեմ»․ Ջեյմս Բլանտ, «Գաթա» բենդ, Արետա Ֆրանկլին, Սելենա Գոմես

Ի՞նչ երգ լսել, եթե արդեն հոգնել ես սմարթֆոնիդ չթարմացվող երգացանկից կամ նոր թողարկված երգերի բազմազանության մեջ չես գտնում ճաշակիդ ու տրամադրությանդ համապատասխան որեւէ գործ: BRAVO.am-ը ներկայացնում է նախորդ շաբաթվա նոր ու հետաքրքիր երգերը, տեսահոլովակները, որոնք ոճային ու ժանրային առումով տարբերվում են միմյանցից: Այդպիսով դուք կկարողանաք առանձնացնել ձեր նախընտրելի երգերն ու դրանցից մի քանիսն ավելացնել սիրելի փլեյլիսթում:

Սիրուշո - «Vision»

Սիրուշոն նոր սինգլ է ներկայացրել: Այդ մասին երգչուհին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով.«Այս երգը գրել էի որոշ ժամանակ առաջ։ Ամերիկայում ձայնագրությունների արդյունքում ստեղծված երգերից մեկն է, որի վրա աշխատել ենք Ջարեդ Լի Գոսլինի եւ Էնդրյու Կապրայի հետ։ Շուտով նոր մի քանի նախագիծ եմ ներկայացնելու, մինչ այդ կիսում եմ «Vision»-ը ձեզ հետ»։



«Խեղճ հայրիկին» - «Գաթա» բենդ եւ Աշոտ Թադեւոսյան

«Խեղճ հայրիկին»՝ այսպես է կոչվում «Գաթա» բենդի եւ «Տաշեղ» (A Splinter) խմբի ղեկավար, երգիչ-երգահան Աշոտ Թադեւոսյանի նոր երգը, որն աչքի է ընկնում իր կատակային տրամադրությամբ։ Նշենք, որ «Տաշեղը» Լոս Անջելեսում ստեղծված հեղինակային երգի եւ ֆոլկ երաժշտության միասնություն է՝ երկլեզու երգացանկով։



Արետա Ֆրանկլին եւ «The Boys Choir of Harlem» - «Never Gonna Break My Faith»

Ամերիկացի երգչուհի, սոուլի թագուհի Արետա Ֆրանկլինի «Never Gonna Break My Faith» երգը նոր կյանք ու նշանակություն է ստացել օրեր առաջ հրապարակված տեսահոլովակից հետո։ Հիշեցնենք, որ երգն առաջին անգամ ձայնագրվել ու թողարկվել է 14 տարի առաջ։ Այսօր այն ներկայացվում է նոր տեսանյութով, որում համադրված են 20-րդ դարի 60-ական թվականներին սեւամորթների հանդեպ իրականացված բռնաճնշումների եւ այսօր տեղի ունեցող «Black Lives Matter» շարժման կադրերը։ «Դուք կարող եք կոտրել իմ ոսկորները, կարող եք կոտրել հրեշտակի թեւերը, բայց երբեք չեք կարողանա կոտրել իմ հավատը»,- երգում է Ֆրանկլինը։ Ենթադրվում է, որ այս խոսքերը կարող են դառնալ «Black Lives Matter» շարժման հիմնը։



Ջեյմս Բլանտ - «Should I Give It All Up»

Բրիտանացի երգիչ, երաժիշտ Ջեյմս Բլանտը նոստալգիկ տեսահոլովակ է ներկայացրել՝ «Should I Give It All Up» երգի հիման վրա։ Հոլովակում երգիչը շրջում է տաբեր վայրերում եւ հիշում իր համերգները, երկրպագուների հետ հանդիպումները, նախկին տեսահոլովակները... Երգն ընդգրկված է Բլանտի վերջին՝ «Once Upon A Mind» ալբոմում։



Թրեւոր Դենիել, Սելենա Գոմես - «Past Life»

Ամերիկացի երգիչ, երգահան Թրեւոր Դենիելը շարունակում է իր հաջողությունները «Past Life» երգի շնորհիվ, որն այս անգամ ներկայացրել է Սելենա Գոմեսի հետ համագործակցությամբ։ Նշենք, որ երգի նախնական տարբերակը թողարկվել էր մարտի սկզբին եւ ընդգրկվել էր երգչի «Nicotine» դեբյուտային ալբոմում։ Այս անգամ երգը նոր կյանք է ստացել զուգերգի տեսքով ու նոր տեսահոլովակով։ Տնային պայմաններում նկարահանված հոլովակում Սելենան ու Թրեւորը հանդես են գալիս ինստագրամյան լայվով, իսկ երգի խոսքերն էկրանին հայտնվում են իբրեւ երկրպագուների կողմից գրվող մեկնաբանություններ։



Bring Me The Horizon - «Parasite Eve»

Ռոքի սիրահարների համար եւս հետաքրքիր երաժշտական նորություն կա այս շաբաթ։ Բրիտանական «Bring Me the Horizon» ռոք-խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել իր «Parasite Eve» սինգլի հիման վրա։ Որպես տեսահոլովակի ռեժիսոր է հանդես եկել խմբի վոկալիստ Օլիվեր Սայքլը։ Երգը, որ ձայնագրվել է այս տարվա փետրվարին, նվիրված է վախի եւ զայրույթի զգացողություններին։ Ինչպես նշում են երաժիշտները՝ «աշխարհին այժմ պետք չէ թեթեւ փոփ երաժշտությունը, նրան պետք են զայրույթին նվիրված հիմներ»։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում խումբը կթողարկի եւս չորս նոր սինգլ՝ «Post Human» շարքի շրջանակում։



Anderson .Paak - «Lockdown»

«Մենք ավելի շատ կարիք ունենք այնպիսի արտիստների, ինչպիսին Anderson .Paak-ն է», «Նա մեր ժամանակների տաղանդն է. ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ»՝ այսպիսի բազմաթիվ մեկնաբանությունների կարելի է հանդիպել ռեփեր Անդերսոն Պակի նոր տեսահոլովակի ներքո, որ նկարահանված է «Lockdown» երգի հիման վրա։ Այն նվիրված է ԱՄՆ-ում ստրկության արգելքի ոչ պաշտոնական տոնակատարությանը։ Երգը միաժամանակ նվիրված է այս օրերին ԱՄՆ-ում ընթացող բողոքի ակցիաներին, որ ուղղված են ռասիզմի եւ ոստիկանության դաժանությունների դեմ։ Հոլովակն ավարտվում է «Black Lives Matter» շարժման պատկերանշանով եւ կոչ է անում մարդկանց միջոցներ տրամադրել՝ ցույցերի հետեւանքով ձերբակալված մարդկանց օգնելու համար։



G-Eazy - «Had Enough»

Ամերիկացի ռեփեր եւ պրոդյուսեր G-Eazy-ն նոր տեսահոլովակ է ներկայացրել իր «Had Enough» երգի հիման վրա, որը կարծես նամակ լինի՝ ուղղված նախկին ընկերուհուն։ Հոլովակի մեկնաբանություններում երկրպագուներից շատերը նկատել են, որ երգն, ամենայն հավանականությամբ, նվիրված է երգչուհի Հոլզիին, որին, ըստ ռեփերի, «նույնիսկ ժամանակ պետք չէր՝ իրեն նոր տղայով փոխարինելու համար»։



Ասաֆ Ավիդան - «Lost Horse»

Էմոցիոնալ ու գեղեցիկ տեսահոլովակով է ներկայացել իսրայելցի երաժիշտ Ասաֆ Ավիդանը՝ թողարկելով իր «Lost Horse» երգը վերջին ալբոմից։ Երգիչը միաժամանակ հրապարակել է 2021 թվականի իր համերգային շրջագայության ժամանակացույցը՝ հույս ունենալով առանց փոփոխությունների ու խոչընդոտի հանդիպել երկրպագուներին։



Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին