Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողներին կաշառք տված քաղաքացիներին

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողներին կաշառք տված քաղաքացիներին

PanARMENIAN.Net - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են քաղաքացիների կողմից ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և տալու դեպքեր: Ոստիկանության ծառայողներին կաշառք տված քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել։

Հիմնավորվել է, որ 2021թ. նոյեմբերի 12-ին ոստիկանության պարեկը Երևանի Բագրատունյաց փողոցում կանգնեցրել է չամրակապված և ոչ սթափ վիճակում երթևեկող Ստյոպա Կիրակոսյանի ավտոմեքենան: Արձանագրություններ չկազմելու նպատակով Կիրակոսյանը մի քանի անգամ պարեկին որպես կաշառք առաջարկել է գումար, սակայն վերջինս մերժել է վարորդի առաջարկը` քանիցս զգուշացնելով, որ ոստիկանության աշխատակցին կաշառք առաջարկելը քրեորեն պատժելի արարք է: Կիրակոսյանը, սակայն, շարունակել է պնդել իր առաջարկը, որից հետո կաշառք առաջարկելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Ոստիկանության աշխատակցին կաշառք տալու փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մյուս քրեական գործով հիմնավորվել է, որ Գեղամ Նազարյանը կաշառք է տվել ոստիկանության պարեկին, սակայն վերջինս հրաժարվել է այն վերցնելուց և իր ծառայակցի հետ բերման է ենթարկել Նազարյանին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու համար Նազարյանը 20,000 դրամ է դրել պարեկի գրպանը, որից հետո, սակայն, բերման է ենթարկվել:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ստյոպա Կիրակոսյանին և Գեղամ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Կաշառք տալը /առաջարկելը/, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի, նույնպես համարվում է քրեորեն հետապնդելի արարք, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---