Դեպի վեր

Լեռ Կամսար. Նյութեր իմ կենսագրության համար

hetq.am10/23/2017, 8:50

Լեռ Կամսար. Նյութեր իմ կենսագրության համար


Հոկտեմբերի 24-ը Լեռ Կամսարի ծննդյան օրն է

Ես վերին աստիճանի ամաչկոտ մարդ եմ։ Մինչև ինձ չհրավիրեն, ես ուրիշի դուռ բաց չեմ անի, ներս չեմ մտնի։

Այնպես որ հիմա ինքս էլ ինձ վրա զարմանում եմ, թե ինչպե՞ս այս աշխարհի դուռը բացի ու աշխարհ եկա առանց հրավերի։ Անգամ առանց դուռը ծեծելու։

Ծնվեցի, ու երբ իմացա հայ եմ՝ գնացի թուրք կառավարությանը ներկայացա, թե՝ հայ եմ, խնդրում եմ ինձ կոտորես։

Կառավարությունն ասաց․

-Ուշացել ես։ Ես տասը տարին մի անգամ եմ կոտորում, ութ տարի պիտի սպասես, մինչև հաջորդ տասնամյակը։

Ճա՞րս ինչ, պիտի սպասեի։

1915 թվի հունիսին, թուրք կառավարությունը զորքով պաշարեց Վան քաղաքը, ուր ծնված էի ես և ասաց․

- Ես ռուսների դեմ պատերազմ պիտի գնամ, չեմ կարող մինչև ծծկեր երեխան կոտորել։ Համառոտակի կկոտորեմ, նոր վերադարձին կամբողջացնեմ։ Շտա՛պ շարվեցեք։

- Վե՛ր եք կոտորվենք, - ասացի իմ հայրենակիցներին։

Տեսնեմ տեղիցը չեն շարժվում։

- Ի՞նչ եք նստել, հայ չե՞ք, - բարկացա ես։

- Հայ ենք, բայց այս անգամ չենք ուզում կոտորվել, - ասացին։

- Բա ի՞նչ պիտի անեք։

- Մեր անձը պիտի պաշտպանենք և թուրքերին կոտորենք։

․․․ Ամբողջ հայոց պատմության մեջ չլսված խոսքեր․․․

-Ա՜յ տղերք, - ասում եմ, - նրանք ի՞նչ գիտեն կոտորվելն ինչ բան է, նրանք միայն կոտորել են։ Դե հա՛, կոտորվել չիմացողին կոտորիր, տեսնենք ո՞նց ես կոտորում։

Ու զարկինք, զարկվանք՝ մինչև հայ կամավորները հասան ու մեզ ազատեցին թուրքի ձեռքից։

Ես էլ ազատվեցի։

Ազատվեցի ու մտածում եմ։ Արդյոք իմ արածն անազնվություն չէ՞ր։ Ո՞նց կարելի է ազատվել, երբ թուրքն ուզում է անպատճառ կոտորել․․․

Վերջը՝ գաղթեցինք եկանք Կովկաս։

Այստեղ մեր կորցրած հայրենիքը լացինք-լվացինք, վերջում հաշտվեցինք մեր վիճակի հետ, մեր վիշտը սրբեցինք մեր երեսից և ապրելու համար ուզում էինք մի թեթև ժպտալ՝ երբ հանկարծ Ռուսաստանը բոլշևիկ դարձավ, ռազմաճակատը լքեց ու թուրքերը մեր ետևից հասան, թե՝ մենք ռուսներից պրծանք, դե եկեք մեր կիսատ թողած կոտորածը շարունակենք։

Այն ժամանակ ես դարձա հայրենակիցներիս ասացի․

-Տեսա՞ք։ Ես որ ասացի այսօրվա գործը վաղվան ձգելու չէ՝ դուք ինձ չլսեցիք։ Եթե այն օրը Վանում կոտորվեինք, մեր պարտքը հատուցած կլինեինք ու այսօր նորից չէինք կոտորվի։

Բայց հայրենակիցներս ելան «վանսկի պոլկ» կազմեցին և թուրքին ասացին՝ եկ կռվենք։

-Կատակի ժամանակ չէ, - ասաց թուրքը նեղացած ու ավելացրեց, - կատակը գործից հետո են անում։ Հիմա կոտորեմ, հետո զվարճանանք։

Այս առուտուրի մեջ, հանկարծ բոլշևիկները զոռեցին Հայաստան մտան։

Հայերը մի պահ ուրախացան, բայց երբ սկսեցին մեկ-մեկ բռնել ու բանտերը լցնել հայերին՝ հարցրին․

- Այդ ի՞նչ եք անում։

- Հավաքում ենք բանտերում, որ ձեզ կոտորենք։

Զարմացան հայերը և ասացին․

- Թուրքը մեզ ազատ օդի մեջ կոտորում է, մենք չենք հոժարում՝ գանք բանտի մե՞ջ կոտորվենք․․․

Այդ ժամանակ թուրքերն ու բոլշևիկները առանձնացան ու սկսեցին իրար մեջ կամաց խոսել։

Վերջացնելով խորհրդակցությունը՝ թուրքն ասաց․

- Հայե՛ր, եթե ուզում եք փրկվել՝ կամ թուրք պիտի դառնաք, կամ բոլշևիկ։ Փրկության ուրիշ ելք չկա։ Եթե ոչ, ուղիղ կես կանենք ձեզ, մի մասը ես կկոտորեմ, մի մասը՝ բոլշևիկները։

- Ինչո՞վ կկոտորեք , - հարցրին հայերը։

- Ես սրով, բոլշևիկները կացինով։

Հայերը ծանր ու թեթև արին՝ կարճ եկավ։

Հետո հարցրին․

- Եթե թուրք դառնանք ինչ է սպասում մեզ, եթե բոլշևիկ դառնանք՝ ինչ։

- Թուրք դառնալը շա՜տ հեշտ բան է։ Եթե թուրք դառնաք՝ կթլպատենք ձեզ, կտրելով ձեր մարմնի մի շա՜տ աննշան մաս, իսկ եթե բոլշևիկ դառնաք՝ կացինով ձեր ամբողջ գլուխը կկտրի։

- Պրովոկատո՜ր, - թուրքի վրա բղավեց բոլշևիկը այն կողմից, մենք ռուսներս չենք անում այդպիսի բան, այդ հայ բոլշևիկներն են անում։

- Ո՛չ, ռուսներն են անում, - չարացավ թուրքը։

- Աթարբեկյանը, որ կացնահար էր անում, հա՞յ էր, թե՞ ռուս։

Սրա վրա թուրքերի ու ռուսների մեջ կռիվը բորբոքեց (լեզվակռիվ, իհարկե, որոհետև բոլշևիկյան Ռուսաստանը սո՞ւր կբարձրացնի թուրքի վրա։ Հայ չկա՞, որ թուրքին կոտորի․․․):

Հայերը, տեսնելով, որ իրենց պատճառով լեզվակռիվ բարձրացավ երկու պետությունների մեջ և կարող էր գործը վիրավորանքի հասնել՝ ասացին․

- Մի կռվեք։ Վարվեցեք մեզ հետ ինչպես կամենաք։

Այն ժամանակ կիսեցին հայերին, իր փայը թուրքը տարավ մի մասին Էրզրում աշխատանքի ուղարկելու պատրվակի տակ սպանեց, մյուս մասը լցրեց Շիրակի հարդանոցները կրակի տվեց և ամեն ինչ վերջացրեց։

Բայց ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ թուրքը կոտորում էր հային առանց մեկ-մեկ ջոկելու, այլ առհասարակ, բայց բոլշևիկները այդպես չարին։ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR407419
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր