Չնայած Վաշինգտոնից հնչող զգուշացումներին, Թուրքիան կրկին վերահաստատում է ռուսաստանյան արտադրության S-400 տիպի հակաօդային համակարգերի ձեռքբերման իր հաստատակամությունը:
Այս մասին երկուշաբթի երեկոյան Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը:
«Ի՞նչու են Ամերիկայում մտահոգվել S-400 տիպի հակաօդային համակարգերի ձեռք բերման հեռանկարից: Չէ՞ որ ցանկացած պետություն պետք է հստակ քայլեր ձեռնարկի սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով», - լրագրողների հետ զրույցում նշել է Էրդողանը` հատուկ ընդգծելով, որ հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացման շուրջ ռուսաստանյան կողմի հետ տարվող բանակցությունները գրեթե ավարտված են:
Էրդողանի այս հայտարությունները յուրատեսակ պատասխանն էին Միացյալ Նահանգների Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի` կիրակի օրը արտահայտած մտահոգությանը: Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում կազմակերպված համաժողովի ընթացքում ամերիկացի գեներալը հայտարարել էր․ - «Եթե Թուրքիան ի վերջո որոշի Ռուսաստանից ձեռք բերել S-400 համակարգերը, ապա դա Միացյալ Նահանգներում չի կարող մտահոգության տեղիք չտալ»:
Ամերիկյան կողմը նաև նշում է, որ ռուսաստանյան արտադրության այդ սպառազինությունը գրեթե անհնարին է ինտեգրել Հյուսիսատլանտյան դաշինքի հակաօդային պաշտպանության միասնական համակարգում:
Վաշինգտոնից հնչող այս պնդմանը Ռեջեպ Թայիփ Էրդողանն անդրադարձավ մի քանի ժամ առաջ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում․ - «ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկը` Հունաստանը տարիներ շարունակ արդեն օգտագործում է Ռուսաստանում արտադրված S-300 տիպի հակաօդային պաշտպանության համակարգերը: Որևէ մեկին դաշինքում դա կարծես չէր մտահոգել: Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ շատ շուտով մենք կտեսնենք S-400 համակարգերը մեր...