«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստեղծված ողբերգական իրադրության ֆոնին քանոն նվագած ու նկարահանված աղջկան հանրության որոշ հատված շարունակում է պարսավանքի ու սուր քննադատության արժանացել։ Չնայած նրա տված բացատրություններին՝ երեկվանից չեն դադարում վերջինիս լուսանկարի ու տեսանյութի տարածումը՝ համակցված վիրավորանքի ու դատապարտման խոսքերով։
Երեւանի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ այդ պահին աղջկա ելույթը, իհարկե, շատ խորթ էր, սակայն, վերջինիս համոզմամբ, չափից ավելի շատ ուշադրության կենտրոնում հայտնվեց, եւ յուրաքանչյուրն իր պարտքը համարեց առաջ բերել սեփական բարոյականությունը՝ քարկոծելով նրան։
«Աղջիկը, կարծում եմ, սխալ բան է արել եւ գիտեմ, որ հետո հրապարակավ հազարապատիկ ներողություն է խնդրել։ Ամեն դեպքում, նման գործողություն անելուց առաջ պետք էր մի քիչ մտածել, մտածել հետեւանքների, արձագանքների մասին։ Խոսքը նաեւ գլոբալ իմաստով եմ ասում, քանի որ շատ հաճախ մենք անում ենք արարքներ եւ հետո արդարանում, թե չմտածեցինք հետեւանքների մասին։ Մտածեք, ուղեղն ինչի՞ համար է տրված»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Բաբայանը։
Անդրադառնալով տեղի ունեցած ողբերգությանը՝ նա նշում է՝ մեծ ողբերգություն է եղել, իսկ ողբերգությունների ժամանակ խրատներով չեն զբաղվում, ինչը, ցավոք, մեր ազգաբնակչության մի ստվար զանգված անում է սոցիալական հարթակներում. «Նման դեպքերում փորձում են իրավիճակը հաղթահարել, յուրաքանչյուրն իր ձեւով, իր կարողության չափով, իսկ այս դեպքում ողբերգությունը մղելով երկրորդ պլան՝ մարդիկ առաջին պլան էին բերել աղջկա դեպքն ու իրենց բարոյախրատական մտքերը»։
Ինչ վերաբերում է մեղադրանք-հայտարարություններին, թե աղջկա նվագն ավելորդ աղմուկ է եղել, որը կարող էր խանգարել որոնողական աշխատանքներին, Բաբայանը նկատում է՝ նման դեպքերում կան հատուկ լռության պահեր, քանի որ ե՛ւ տեխնիկա է աշխատում, ե՛ւ մարդիկ են աղմկում, բայց դժվար թե լռության պահին էլ նա նվագեր։
Ռուբեն Բաբայանի դիտարկմամբ՝ եթե քանոն նվագող աղջիկն ուզում էր այդ արարքով իրեն գովազդել, ապա նրան այդ աստիճանի քննադատողներն ու կարեւոր անելիքները թողած՝ գրառումներ կատարող անձինք էլ գովազդում են սեփական բարոյականությունը․ «Մեծ ողբերգության դեպքում, իսկ երեկվա կատարվածը իսկապես մեծ ողբերգություն է, ավելի կարեւոր հարցեր կան»։
Նկատենք՝ երեկ քանոն նվագող աղջկա լուսանկարի հետ տարածում էին նաեւ Շուշիում ռմբակոծության ենթարկված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նվագող բելգիահայ Սեւակ Ավանեսյանի լուսանկարն ու կարծիք հայտնում, թե աղջիկը, աչքի առաջ ունենալով 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցում նվագող երիտասարդին, փորձել է կրկնել նույնը, որպեսզի հայտնիություն ձեռք բերի։ Շատերը, համեմատելով կատարվածները, նշում էին՝ երկու դեպքում էլ արարքը պաթետիկ է։
Անդրադառնալով այդ համեմատություններին եւ տարատեսակ մեկնաբանություններին՝ Բաբայանը նկատում է․ «Լրիվ անհամեմատելի երեւույթներ են, այլ գաղափար, այլ նպատակ։ Ղազանչեցոցում նվագելու գաղափարն այն էր, որ այդ հրեշավոր ռմբակոծությունից հետո կյանք կա ու պետք է շարունակվի։ Այդ երիտասարդը, ինչ-որ տեղ վտանգելով իր...