Մի քանի ժամ առաջ Վիեննայում մեկնարկել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) խորհրդի նիստը, որի օրակարգային միակ հարցը Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված կացությունն է:
Նիստի մեկնարկից առաջ գործակալությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ արձանագրելով, որ Իրանը հատել է 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրով ուրանի հարստացման ծավալների և պաշարի վերին շեմերը:
«Այս պահին ուրանի հարստացման մակարդակը իրանցիները հասցրել են 4,5 տոկոսի` թույլատրելի 3,67 փոխարեն: Հարստացված ուրանի ծավալները Իրանում այժմ գերազանցում են 213 կիլոգրամը` համաձայնագրով սահմանված առավելագույն 202 կիլոգրամի դիմաց», - նշում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները:
Իրանի խնդրով շտապ նիստ հրավիրելու պահանջով ԱԷՄԳ-ին նախորդ շաբաթ դիմել էին ամերիկացիները: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի համոզմամբ, այդ փաստն ինքնին խիստ զավեշտալի է:
«Ինչպե՞ս կարող են ամերիկացիները, որոնք ամբողջությամբ հրաժարվեցին միջուկային համաձայնագրից, այժմ Ատոմային էներգիայի գործակալության կառավարիչների խորհրդից պահանջել, որպեսզի այն շտապ կարգով քննարկի Իրանի կողմից այդ համաձայնագրի մի շարք դրույթներից հրաժարումը: Աշխարհի քաղաքական պատմության մեջ հազվադեպ են նման զավեշտալի դեպքեր պատահում», - նշում էր Իրանի նախագահը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության այս հավաքը մեկնարկում է Վաշինգտոնից հնչող կտրուկ հայտարարությունների ֆոնին: Ամերիկացի զինվորականները հայտարարում են, որ այս փուլում Պենտագոնի գլխավոր նպատակը Պարսից ծոցում և դրան հարող տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովմանն ուղղված շուտափույթ քայլեր ձեռնարկելն է:
«Մենք այժմ մի շարք երկրների հետ բանակցությունների մեջ ենք ներգրավված՝ փորձելով մի կոալիցիա ստեղծել, որը կապահովի նավագնացության անվտանգությունը Հորմուզի և Բաբ- էլ-Մանդեբի նեղուցներում», - հայտարարում էր Միացյալ Նահանգների Զինված ուժերի Միացյալ շտաբերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:
Ամերիկացի զինվորականի խոսքով, ի դեպ, փաստացի հակաիրանական այս կոալիցիայի ստեղծումը մոտ ապագայի խնդիր է:
«Կարծում եմ, որ առաջիկա մի քանի շաբաթներին մենք կհստակեցնենք, թե հատկապես որ պետություններն են, որ պատրաստ են քաղաքական կամք դրսևորել և սատարել այս նախաձեռնությունը: Մենք ուղղակիորեն կաշխատենք այդ պետությունների զինվորականների հետ, որ...