Դեպի վեր

«Գերմանիայի խոստումները մնացին խոստումներ». հայ-գերմանական հարաբերությունների վիճակը Փաշինյան-Մերկել հանդիպումից առաջ

1in.am02/11/2020, 11:36

«Գերմանիայի խոստումները մնացին խոստումներ». հայ-գերմանական հարաբերությունների վիճակը Փաշինյան-Մերկել հանդիպումից առաջ

Եվրոպայի առաջատար երկրներից մեկի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) հետ Հայաստանի հարաբերություններում վերջին 2-3 տարիներին որոշ աշխուժություն է նկատվում: Ցավոք, հայ-գերմանական փոխհարաբերությունների ակտիվությունը կարծես թե առայժմ քաղաքական ժեստերի մակարդակից առաջ չի անցել ու չի տեղափոխվել փոխգործակցության զարգացման պրակտիկ հարթություն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին պաշտոնական այցը Հարավային Կովկաս, այդ թվում՝ Հայաստան, իհարկե, պատմական իրադարձություն էր: Դրանից ամիսներ անց՝ 2019 թ. հունվարին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանցլեր Մերկելի հրավերով պատասխան պաշտոնական այցով մեկնեց ԳԴՀ, որտեղ գերմանական և հայկական կողմերի միջև տեղի ունեցան բարձր մակարդակի բանակցություններ, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր հարցեր:

Այս տարին ևս մեկնարկում է հայ-գերմանական ակտիվ շփումներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր անց աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա, որտեղ կմասնակցի փետրվարի 14-16-ին կայանալիք Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին: Բայց մինչ այդ Հայաստանի կառավարության ղեկավարը Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական կայքը՝ նշելով հետևյալը. «Հանդիպմանը քննարկման առանցքում կլինեն երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաները»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեռլինի ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը։

– Պարոն Քոչարյան, այսօր ի՞նչ վիճակում են Հայաստան-Գերմանիա հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին երկու տարիների փոխայցելությունները:

– Ուզում եմ ազնիվ գտնվել և ասել, որ Մերկելի՝ Հայաստան կատարած այցելությունից ես որևէ արդյունք չտեսա: Դուք կարո՞ղ եք ասել, թե ինչ արդյունքի հասանք: Ես որևէ շահ ո՛չ Հայաստանին, ո՛չ Գերմանիային չտեսա, թեև կցանկանայի, որ Հայաստանի հարաբերությունը Գերմանիայի հետ ավելի զարգանար, որովհետև Գերմանիան Եվրամիության առաջատար երկրներից մեկն է՝ Ֆրանսիայի հետ միասին: Բայց Հայաստանը պետք է ունենա նախօրոք պատրաստված և մշակված ծրագիր, որպեսզի ներկայացնի: Ամեն ինչ կախված է հենց Հայաստանից, որ հետաքրքրի եվրոպական երկրներին և հատկապես Գերմանիային: Ես այդպես եմ մտածում:

– Լուրջ մակարդակ կա՞ երկու երկրների հարաբերություններում, թե՞  դրանք  զուտ դեկլարատիվ, գեղեցիկ հայտարարություններով են սահմանափակվում:

– Ես շատ չեմ խորացել այս հարցի մեջ: Նաև գիտեմ, որ Հայաստանն ունի ներքին խնդիրներ հեղափոխությունից հետո և նախ պետք է այդ խնդիրները լուծի: Իսկ հայ-գերմանական հարաբերություններում, դժբախտաբար, այդպիսի շոշափելի արդյունք մինչև հիմա չեմ տեսել:

– Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո նաև Գերմանիան էր պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանում սկսված ռեֆորմներին: Ոչ մի քայլ այս ուղղությամբ Գերմանիայի կողմից չե՞ք տեսել:

– Գոնե ես չեմ տեսել: Միակ բանը, որն այս կողմից-այն կողմից լսում եմ, և որն, իհարկե, կապ չունի երկու երկրների հարաբերությունների հետ, կապված է Գերմանիայի մուտքի արտոնագրի հետ: Անցյալում, երբ Հայաստանի քաղաքացին դիմում էր Գերմանիայի վիզա ստանալու համար, շատ դժվարություններ էին հարուցում: Իսկ հիմա ավելի հեշտացել է: Բայց սա խնդիր չի լուծում մեր երկկողմ հարաբերություններում: Ես կուզենայի, որ ավելի շատ քաղաքական, տնտեսական հարաբերությունները զարգանային: Դա չեմ տեսնում:

– Այսինքն՝ առևտրատնտեսական լուրջ համագործակցություն չկա՞ երկկողմ հարաբերություններում:

– Գոնե ես չեմ տեսնում, բայց նորից ասում եմ՝ ամեն ինչ Հայաստանի ձեռքերում է: Հայաստանը պետք է մշակված ծրագիր ներկայացնի, որ գերմանական տարբեր ընկերություններ, կազմակերպություններ ներդրումներ անեն Հայաստանում: Կուզեի, որ տնտեսական, քաղաքական և տեխնիկական ոլորտներում վերելք լիներ: Ճիշտ է, հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ, և դա դրական ընդունվեց Եվրամիության անդամ երկրների կողմից, բայց Հայաստանն ունի ներքին շատ խնդիրներ և նախևառաջ այդ խնդիրները պիտի լուծի, հետո նոր փորձի հարաբերություն ստեղծել այլ երկրների հետ:

– Ամեն պետության հետ հարաբերություն, այդ թվում՝ Հայաստանի համար, իր առանձնահատկությունն ու կարևորությունն ունի: Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը կոնկրետ ի՞նչ օգուտներ կարող է տալ Հայաստանին: Գերմանիան, որպես գործընկեր, ինչո՞վ կարող է օգտակար լինել:

– Օրինակ՝ ես, Գերմանիայում ապրելով, կցանկանայի, որ հատկապես զարգանային երկու երկրների տնտեսական հարաբերությունները, արտահանում-ներմուծումը զարգանար, տեխնիկական, գիտական ոլորտներում զարգացում լիներ: Բայց ես դա չեմ տեսնում: Գոնե ինձ ներկայիս մակարդակը չի բավարարում: Եվ դա ոչ միայն Գերմանիայի հետ է կապված, այլև Հայաստանը մշակված ծրագիր, քաղաքականություն չունի այս ուղղության վերաբերյալ:

– Բայց դա կախված չէ՞ նաև Գերմանիայի հետաքրքրություններից: Որքանո՞վ է առաջնահերթ մեր տարածաշրջանը Գերմանիայի համար: Լուրջ հետաքրքրություններ կա՞ն: Այնպիսի հետաքրքրություններ, ինչպիսիք մեր տարածաշրջանում ունեն, օրինակ, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները:

– Անշուշտ, Եվրամիությունն՝ ընդհանրապես և մասնավորապես՝ Գերմանիան չունեն այդ կշիռը, ինչ Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը բնական պաշարների, ռազմական ներուժի տեսակետից: Ամերիկան ջանում է ազդեցություն ունենալ Կովկասում, բայց առայժմ դա տեղի չի ունենում: Այս իմաստով հեռանկարային են հարաբերությունները Եվրամիության ու մասնավորապես Գերմանիայի հետ հատկապես տնտեսական, գիտական, համալսարանական, տեխնիկական և այլ ոլորտներում: Իսկ դրա համար առաջին հերթին Հայաստանը պիտի ցանկություն ցույց տա, ծրագիր ներկայացնի: Ես այդպես եմ մտածում:

Եվրամիության երկրների հետ հարաբերություն ստեղծելը՝ լինի Գերմանիան, Նիդեռլանդները թե այլ երկիր, մեզ համար շատ ավելի կարևոր է, քան նրանց: Նրանք անպայման մեր կարիքը չունեն: Մե՛նք ունենք նրանց կարիքը: Դրա համար մենք պետք է ավելի պատրաստված լինենք, ավելի շատ ուսումնասիրենք, ավելի լավ ծրագրեր ունենանք ներկայացնելու, նրանց հետաքրքրությունը Հայաստանի ուղղությամբ գրգռելու: Իրենք առանց Հայաստանի հանգիստ կարող են ապրել, ու այդպես շատ երկրներ կան:

– Արդեն անդրադարձանք Գերմանիայի քաղաքական, տնտեսական կշռին Եվրոպայում: Մի քիչ ավելի աշխարհաքաղաքական տեսանկյունից նայենք հարցին: Վերջին 4-5 տարիներին, երբ սկսվեց Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Բրեքսիթի պրոցեսը, Միացյալ Նահանգներում իշխանության եկավ «ոչ ավանդական» մոտեցումներ ունեցող Թրամփը, և սկսեցին ավելի ակնհայտ դառնալ տարաձայնությունները, հակասությունները Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջատար երկրների միջև, շատ արդիական դարձան խոսակցությունները միաբևեռ աշխարհակարգի փլուզման և բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին: Գերմանիան, Ձեր կարծիքով, կարո՞ղ է դա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր