Դեպի վեր

«Հայերը մեզ պատերազմի են դեմ տալիս, բոլորը ծիծաղում են նրանց վրա․․․ բացատրե՛ք աշխարհին՝ ի՞նչ է ուզում Փաշինյանը»

1in.am09/7/2019, 5:48

«Հայերը մեզ պատերազմի են դեմ տալիս, բոլորը ծիծաղում են նրանց վրա․․․ բացատրե՛ք աշխարհին՝ ի՞նչ է ուզում Փաշինյանը»

«Մենք չենք պահանջում, որ Հայաստանը այս կամ այն կերպ իրեն պահի։ Մենք պահանջում են, որ Հայաստանը հստակ արտահայտի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Եթե Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ դա մի դիրքորոշում է, եթե հակամարտության կողմ չէ՝ դա այլ դիրքորոշում է։ Եթե գնում եք «Միացման» ճանապարհով՝ խնդրեմ, անցկացրեք խորհրդարանով, հանրաքվե իրականացրեք և հայտարարեք, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Մենք դա էլ կհասկանանք։ Բայց դուք Ղարաբաղի անկախությունը չեք ճանաչում, «Միացումը» խորհրդարանով չեք անցկացնում»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ Ֆրանսիայի հարավում՝ Բրեգանսոնում, տեղի ունեցած հանդիպմանը, ի թիվս միջազգային տարբեր հարցերի, անդրադարձել են նաև տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցին։ Ֆրանսիան և Ռուսաստանը համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող երկրներ՝ Միացյալ Նահանգների հետ միասին։ Անշուշտ, պատկերացնելով Ռուսաստանի և Ֆրանսիայի պես ազդեցիկ միջազգային դերակատարների արտաքին քաղաքական հետաքրքրությունների, շահերի, խնդիրների մասշտաբները և միջազգային օրակարգի գերհագեցվածությունը՝ միամտություն կլինի կարծել, թե Ղարաբաղյան հարցը Պուտինի ու Մակրոնի՝ շուրջ երկուսուկես ժամ տևած հանդիպմանը քննարկված առաջնահերթ խնդիրներից է եղել։ Այնուամենայնիվ, հանդիպումից հետո Պուտինի խոսնակն իր խոսքում շեշտել է, որ երկու նախագահները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչն ինքնին ուղերձ է առ այն, որ Մինսկի խումբը շարունակում է իր ուշադրության տիրույթում պահել այս հիմնախնդիրը։ Եվ այս իմաստով, իհարկե, հետաքրքիր է հասկանալ, թե ի՞նչ դիտանկյուններից են միջնորդ երկրների ղեկավարները մոտենում Արցախի հիմնահարցին, ո՞ր հարցերն են հատկապես կարևորում՝ հարաբերական անդորրի և կայունության պահպանո՞ւմը հակամարտության գոտում, գուցե նաև խաղաղ կարգավորման հեռանկարնե՞րը։ Ինչպե՞ս են միջնորդները ընկալում Երևանի և Բաքվի դիրքորոշումները։ Ինչպե՞ս են ընկալել, օրինակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը Ստեփանակերտում՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» կարգախոսով։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ, ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

– Պարոն Տարասով, կոնկրետ ի՞նչ են, Ձեր կարծիքով, խոսել Պուտինն ու Մակրոնը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ։ Ի՞նչ ենթադրություններ կարելի է անել։

– Ես ուզում եմ ձեզ ասել, որ Լեռնային Ղարաբաղը մեծ ուշադրության էպիկենտրոնում չէ։ Նրանք շոշափել են այս հիմնախնդիրը միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահներ են։ Այս ձևաչափով ինչ-որ բանակցություններ են ընթանում։ Այսօր տեղեկություն եղավ այն մասին, որ նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում։ Բայց ամսաթիվն ու հանդիպման վայրն առայժմ չեն նշվել։ Բայց ընդհանուր առմամբ ինչ-որ շիզոֆրենիա է տեղի ունենում, քանի որ Ֆրանսիան չի հստակեցրել իր դիրքորոշումը, Ռուսաստանը ևս չի հստակեցնում իր դիրքորոշումը, և ամեն ինչ ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգով։ Ահա և վերջ։ Սա նորմալ գործընթաց է, քանի որ այս երկու երկրները համանախագահում են Մինսկի խմբում։ Նրանք ոչ թե երկրորդական խաղացողներ են, այլ անմիջականորեն ներքաշված են այս հակամարտության կարգավորման գործընթացի մեջ։ Այստեղից էլ գալիս է նրանց ուշադրությունը։ Ավելի մանրամասն հայտարարություններ Պուտին-Մակրոն հանդիպման մասին չեղան, ինչը նշանակում է, որ նրանք, ըստ էության, համաձայն են Մինսկի խմբի առաջարկած օրակարգի հետ, և գործընթացը շարունակվում է։

– Այսինքն՝ հերթապահ քննարկում է եղել։

– Այո, միանգամայն ճիշտ եք, հերթապահ քննարկում է եղել, առանձնահատուկ որևէ բան չկա։
– Իսկ ի՞նչ օրակարգ ունի Մինսկի խումբը։

– Պատկերացրեք, որ մենք հարևաններ ենք, մեր միջև լիճ կա, որը ժամանակ առ ժամանակ եռում է, երբեմն այնտեղ ինչ-որ բաներ են տեղի ունենում, և մենք պարբերաբար ուշադրություն ենք դարձնում նրան և համատեղ ինչ-որ որոշումներ ենք ընդունում, միջոցներ ենք ձեռնարկում։ Բայց տվյալ պարագայում առանձնահատուկ որևէ բան չկա, պարզապես անդրադարձ է եղել հիմնախնդրին։ Բայց ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Միացյալ Նահանգները ինչ-որ առանձնահատուկ դիրքորոշում չունեն Ղարաբաղի վերաբերյալ։

Նախ՝ սա շատ լոկալ կոնֆլիկտ է, որն այսօր տեսադաշտից դուրս է մնացել։ Երկրորդ՝ բոլորն էլ, իհարկե, այսօր ուշադրությամբ հետևում են, այսպես ասած, «Միացում» իրականացնելու Փաշինյանի փորձերին։ Եվ ոչ ոք չի կարողանում հասկանալ նրա դիրքորոշումը։ Նա մի կողմից՝ իր հայտարարություններում ասում է, թե ես չեմ կարող Լեռնային Ղարաբաղի անունից խոսել բանակցություններում, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն ինձ չի ընտրել, մյուս կողմից՝ խոսում է «Միացումի» մասին, ասում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ավելին, հայտարարեց, որ ոչ կառավարական կազմակերպության դիտորդներ են Երևանից ուղարկվելու Արցախ՝ տեղական ինքնակառավարման ընտրություններին դիտորդություն իրականացնելու համար։ Սա իսկական շիզոֆրենիա է, ամբողջ աշխարհը ծիծաղում է այս ամենի վրա։ Ես չգիտեմ՝ հայերը, ի՞նչ է, խելագարվե՞լ են։ Հայերը խելացի, կրթված, հնագույն ժողովուրդ են, չե՞ն հասկանում, որ բոլորը ծիծաղում են նրանց վրա։ Էլ չեմ խոսում մասնագետների, քաղաքագետների, դիվանագետների մասին. ոչ ոք չի կարողանում հասկանալ՝ ի՞նչ դիրք է զբաղեցնում Հայաստանը Ղարաբաղի հարցում, ի՞նչ նպատակներ է իր առջև դրել։ Տպավորություն է ստեղծվում, որ «Միացումի» մասին հայտարարություններով ուզում են պատերազմ սադրել։ Այստեղից էլ մեկ այլ հարց է առաջանում՝ նրանց ինչի՞ն է պետք պատերազմը: Նշանակում է՝ նրա դիրքերը երկրում կայուն չեն, և մտածում են՝ եթե ադրբեջանցիները վաղը հարձակվեն, Փաշինյանը կդառնա համազգային լիդեր և այլն։ Բայց բանն այն է, որ ադրբեջանցիները չեն հարձակվելու, նրանք հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սպասում են Ղարաբաղում տեղի ունենալիք ընտրություններին։ Նրանք հասկանում են, որ Փաշինյանը թուլացնում է Ղարաբաղը։ Ղարաբաղն ուժեղ է, իսկ Փաշինյանը թույլ է, կթուլացնի Ղարաբաղը, և այդ ժամանակ կարող են շատ հեշտությամբ լուծել իրենց խնդիրները։ Հայերն իրենք իրենց ոչնչացնում են։ Սա զարմանալի է և շատ տարօրինակ։ Ոչ թե ադրբեջանցիները, այլ հայերն իրենք են իրենց ոչնչացնում…

– Ներեցեք, պարոն Տարասով, իսկ չէի՞ք ասի, թե ինչո՞ւ է աշխարհը մեզ վրա ծիծաղում։

– Վերցրեք ձեր վարչապետի ելույթը և նորմալ բացատրեք ամբողջ աշխարհին, ոչ թե ինձ՝ Տարասովին, թե ի՞նչ է նա ուզում ասել։

– Սպասեք։ Եվ խնդրում եմ՝ փորձեք ավելի կոռեկտ լինել  Ձեր ձևակերպումներում, երբ խոսում եք հայերի և Հայաստանի մասին։

– Մենք չենք կարող կոռեկտ լինել և չասել ճշմարտությունը, որովհետև, նախևառաջ, Հայաստանը մեր գործընկերն ու դաշնակիցն է։ Երկրորդը՝ մենք որոշակի պատասխանատվություն ենք ստանձնել։ Երրորդը՝ մենք չենք կարող կոռեկտ լինել, քանի որ հայերը մեզ պատերազմի են դեմ տալիս։ Չորրորդը՝ հայերը մտածում են, թե մենք ենք կռվելու իրենց փոխարեն։ Ինչպե՞ս կարող ենք այս իրավիճակում կոռեկտ լինել։ Հասկանո՞ւմ եք։ Մենք չենք պահանջում, որ Հայաստանը այս կամ այն կերպ իրեն պահի։ Մենք պահանջում ենք, որ Հայաստանը հստակ արտահայտի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Եթե Ղարաբաղը հակամարտության կողմ է՝ դա մի դիրքորոշում է, եթե հակամարտության կողմ չէ՝ դա այլ դիրքորոշում է։ Եթե գնում եք «Միացման» ճանապարհով՝ խնդրեմ, անցկացրեք խորհրդարանով, հանրաքվե իրականացրեք և հայտարարեք, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Մենք դա էլ կհասկանանք։ Բայց դուք Ղարաբաղի անկախությունը չեք ճանաչում, «Միացումը» խորհրդարանով չեք անցկացնում։ Միայն հայտարարություններ են, համատարած բլա, բլա, բլա։

– Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչ քարոզչության մեջ եք ներգրավված վերջին մեկ տարում Ձեր ղեկավարի՝ Կոլերովի հետ…

– Ի՞նչ քարոզչություն։ Մենք այն մարդկանցից ենք, ովքեր միշտ աջակցել են հայերին։

– Դուք հիմա աջակցում եք Հայաստանի նախկին ռեժիմին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի, և նույն հռետորաբանությամբ եք խոսում, ինչ Քոչարյանի ու Սարգսյանի կողմնակիցները։

– Դե լավ, վերջացրեք, Քոչարյանը նստած է բանտում, դա ձեր ներքին գործն է։

– Շատ լավ։ Դուք ասում եք՝ Փաշինյանը հստակ դիրքորոշում չի հայտնում Ղարաբաղյան հարցի վերաբերյալ։ Ես հիմա կպատասխանեմ Ձեր հարցին։ Փաշինյանը դեռ նախորդ տարի հայտարարել է, որ իր դիրքորոշմամբ՝ «Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած կենսունակ տարբերակ պիտի ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար»։ Եվ այս հայտարարությունը կրկնել է նաև եվրոպական ամբիոններից, մասնավորապես՝ Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսին և Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում։ Ի՞նչն է Ձեզ համար անհասկանալի այս հայտարարության մեջ։

– Ասացեք՝ Դուք ինչ-որ տեղ, որևէ դպրոցում, համալսարանում սովորե՞լ եք։

­- Այո, ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետում, հետո՝ Պատմության ֆակուլտետում։

– Շատ լավ, ուրեմն մենք կոլեգաներ ենք։ Նշանակում է ձեզ հետ հեշտ կլինի շփվել, և Դուք պիտի որ հասկանաք, թե ինչ եմ ասում…

– Սպասեք։ Դուք ասում եք, թե Փաշինյանը թուլացնում է Ղարաբաղը։ Հիմնավորեք Ձեր հայտարարությունը։ Եթե չհիմնավորեք՝ դա ևս մեկ անգամ կապացուցի, որ Դուք հակափաշինյանական քարոզչությամբ եք զբաղվում։ Պատասխանեք, խնդրում եմ։

– Ո՛չ, ո՛չ, հարգելի գործընկեր։ Դուք բացատրեք Ադրբեջանի շահերը։ Փաշինյանն ասել է, թե կարգավորման դեպքում պիտի հաշվի առնենք նաև Ադրբեջանի շահերը։ Ճի՞շտ եմ մեջբերում նրա խոսքերը, թե՞ ոչ։ Պետք է հաշվի առնել Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի շահերը։ Ադրբեջանի ի՞նչ շահեր նա պիտի հաշվի առնի։ Դուք գիտե՞ք Ադրբեջանի շահերը։

­- Ոչ, նա նկատի ունի, որ հիմնախնդիրը պիտի լուծվի փոխզիջման հիման վրա։ Ի՞նչն է անհասկանալի։

– Սպասեք։ Տանգոն պարում են երկուսով։ Դու ունես գործընկեր, հակառակորդ, դու պատերազմի վիճակում ես Ադրբեջանի հետ ու ասում ես, թե պետք է հաշվի առնել այն կողմի շահերը, որի հետ դու պատերազմի մեջ ես։

– Ոչ, նա նման բան չի հայտարարել։ Բայց եթե այդքան «արմատական» մոտեցում ունեք փոխզիջումների, տարածքների հարցում ու հարում եք սերժսարգսյանական, քոչարյանական գծին, որոնք իբր թե հող չէին հանձնում, բայց Մադրիդյան սկզբունքներ էին ստորագրում, ապա պետք է հատուկ Ձեզ համար հիշեցնել այս տարվա հունվարի վերջին Քյոլնում, հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ մենք չենք խոսելու որևէ փոխզիջման մասին, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին՝ պատրա՞ստ է փոխզիջումների, թե՞ ոչ։ Դուք ամիսներ առաջ հարցազրույց եք տվել «168 Ժամ» թերթին և հայտարարել, թե «հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու, որով հայկական կողմը մի քանի շրջան է զիջելու Ադրբեջանին»: Հիմա պատասխանեք…

– Այո, այո։ Ու նորից կրկնում եմ՝ այն ձևը, որով նա մատուցեց իր դիրքորոշումը, ու ինչպես այն ընկալվեց, բերում է նման եզրակացության։

– Դուք կոնկրետ հայտարարություն եք արել ու հիմա պիտի պատասխանեք՝ ինչո՞ւ եք խաբել, ինչո՞ւ եք մարդկանց մոլորության մեջ գցել։ Դուք ասել եք՝ Փաշինյանը հունիսին շրջաններ է հանձնելու։ Պատասխան տվեք Ձեր հայտարարության համար։

­ – Ես խոսում եմ տրամաբանական դատողության մասին։ Կրկնում եմ՝ հարցն այն չէ, թե ինչ դիրք ենք մենք զբաղեցնում։ Մենք ուղղակի ուզում ենք հասկանալ Հայաստանի դիրքորոշումը։ Դուր գալիս է այն մեզ, թե ոչ՝ այլ հարց է։ Կարևորը, որ ձեզ դուր գա։ Մենք ուզում ենք հասկանալ՝ ի՞նչ եք ուզում։ Երբ դուք ասում եք, թե պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի շահերը… Ա՛յ բալա, ասա՝ ի՞նչ ես ուզում ասել այս կապակցությամբ։

– Նա ասաց՝ Արցախը Հայաստան է և վե՛րջ։ Սրանից ավելին ի՞նչ ասեր։

– Շատ լավ։ Դուք միջազգային համաձայնության մեջ եք, մասնակցում եք բանակցությունների Մինսկի խմբի շրջանակներում։ Շատ լավ, ես ծափահարում եմ։ Կեցցե՛ք։ Ապրե՛ք։ Մենք երբեք չենք ասել, որ Ղարաբաղը Հայաստան չէ։ Հայաստանի խորհրդարանում մեծամասնությունը Փաշինյանի կողմնակիցներն են։ Թող համապատասխան հրամանագիր, օրենք անցկացնեն Ազգային ժողովում, հանրաքվե իրականացնեն և հայտարարեն, որ Լեռնային Ղարաբաղը իրավականորեն Հայաստանի մասն է։ Իրավական առումով հանրաքվե իրականացվել է միայն Լեռնային Ղարաբաղում 1991թ.-ին։ Հանրաքվե անցկացրեք Արցախը Հայաստանին միացնելու հարցի շուրջ։ Վե՛րջ, գլխարկս հանում եմ ձեր առաջ։ Ասել է՝ թող անի։ Ո՞ւմ համար եք այդ հայտարարությունն անում։ Մեզ համա՞ր եք անում։ Դրանով քանդում եք Մինսկի գործընթացը։ Մի կողմից՝ նման հայտարարություն եք անում, մյուս կողմից՝ ուղարկում եք Փաշինյանին բանակցությունների հին ձևաչափով՝ ինչպես Սերժ Ազատիչն էր անում։ Ոչինչ չեք փոխել։

– Բայց չէ՞ որ Դուք էլ եք հասկանում, որ այդ հայտարարությունը ներքին լսարանի համար էր արված, ոչ թե միջազգային հանրության։

– Լսեք, միայն մեծ գերտերությունները կարող են իրենց թույլ տալ խոսել ներքին և արտաքին լսարանների մասին։ Հայաստանում ընդամենը 2 միլիոն հայ է ապրում, մնացածը սփյուռք են։ Սփյուռքը ներքի՞ն լսարան է, թե՞ արտաքին։ Ձեզ աշխարհի բոլոր հայերն են նայում, հետևում։ Ռուսաստանի հայերն են հետևում և չեն կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում։ Չէ՞ որ մենք այստեղ շփվում ենք Ռուսաստանի հայերի հետ։ Մենք չենք հասկանում՝ ի՞նչ է անում Փաշինյանը, նրանց ենք հարցնում, նրանք էլ ուսերն են թափահարում։ Ի՞նչ ներքին լսարան։ Նորմալ լեզվով բացատրեք՝ ի՞նչ եք ուզում անել։

– Հայաստանի արտգործնախարարությունը վարչապետի այդ ելույթից հետո արված հայտարարության մեջ հստակ բացատրել է, թե ինչ համատեքստում է արվել այդ հայտարարությունը։...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր