Դեպի վեր

[storynews] Անցյալի կնիքը. «4-ը»

newmag.am03/15/2018, 11:42

[storynews] Անցյալի կնիքը. «4-ը»

Հասավ սենյակ։ Շարֆը խանգարում էր, հանեց՝ ուղղակի նետելով․ կոկորդը չորացել էր․ տարիներ անց համբուրեց՝ նույն զգացողությունը ստանալով, սակայն այժմ համբույրի բերկրանքն ավելի մեծ էր։ Վերարկուն ուղղակի հատակին նետելով՝ հասավ վիսկիի շշին։ Կոկորդի աշխատանքը վերականգնվեց։ Սակայն ներսը, ներքին շարժիչն էլ վառում էր, ստիպում գնալ հարևան համար, որտեղ Նա էր։ Նրա դեմ ունեցած ամբողջ վրդովմունքն ու թվացյալ ատելությունը չքվեց, մնաց վերելակի մեջ։ Նրա պատճառով իր անձնականն ուղղակի երկրորդ պլան էր մղվել, իր կյանքի ընթացն էր փոխվել, սակայն այժմ մոռացավ, ամենքին ու ամեն ինչ։ Հասկացավ, որ երկուսով ի վիճակի են մի քանի օր երջանիկ լինել։ Համակարգիչը միացրեց ու հերթական անգամ սկսեց սոցիալական կայքերում դիտել Ջուլիայի ընտանեկան լուսանկարները։ Քանի-քանի՜ անգամ էր դիտել այս նկարները, հիացել երեխաներով․ մի պահ անգամ պատկերացրել էր, որ իրենը կարող էին լինել, սակայն երևակայականից իրականություն վերադառնալը շատ ավելի կարճ է տևում, քան երևակայական կոնկրետ ուզածդ կետին հասնելը։ Երբ կորցնում ենք մեկին անսպասելիորեն՝ նրա հետ կապված պատրանքներից ազատվելը դառնում է չափազանց դժվար, երբեմն՝ անհնարին։ Ինչքան էլ անսպասելի էր Ջուլիայի հետ հանդիպումը, այդքան  խանգարող էին Լիլիայի՝ իր կյանք մտնելու փորձերը։ Անցած-գնացած կյանքը մեկ անգամ ևս եկավ աչքերի առաջ, անցավ՝ կարճամետրաժ ֆիլմի նման, հասկացավ, որ անցյալով ապրել պետք չէ։ Ընդունեց։ Ուներ երկու տարբերակ՝ Լիլիայի հետ լուրջ հարաբերություններ սկսել, չնայած՝ ինքն այդ աղջկա հոր տարիքին էր, և երկրորդը՝ Ջուլիայի հետ մեկ շաբաթ գոնե երջանիկ ապրել։ Մեկ շաբաթ, որը կլցներ իրարից առանձին ապրած, անցած-գնացած տարիների դատարկությունը։ Անսպասելիորեն ու անհասկանալի կերպով պարտավորվածություն էր զգում՝ անփորձ աղջկա սիրտը չկոտրելու, սակայն այդ պարտավորվածությանը հակադրվում էր երջանիկ լինելու բնազդային մղումը։ Այլընտրանք չկար՝ հնարավոր չէր միանգամից երկուսին էլ ստանալ։

* * *

Մարկոյի համար ենթադրյալ մենակության առաջին երկու օրը անցան գերհագեցած։ Ռեստորանի գործերը, որոնք ինքն անպայման պետք է վերահսկեր, կուտակվել էին՝ տոների հետ կապված պատվերների մեծացմամբ։ Հոգնած աշխատանքային օրերին հաջորդում էին գերհագեցած ու լիցքաթափող գիշերները, ինչը Նեապոլում կարելի էր կազմակերպել ուզածիդ պես՝ հաշվի առնելով թեթևաբարո կանանց առատությունն ու պրոֆեսիոնալությունը։ Մարկոն անգիր էր արել քաղաքի բոլոր հասարակաց տները, իսկ այժմ, երբ կինը տանից բացակայում էր, ու բացառված էր նրա անսպասելի վերադարձը, նա երեխաներին ուղարկել էր ծնողների մոտ՝ կատարյալ ազատ լինելու համար։ Նա գիշերները գալիս էր տուն՝ որևէ էլիտար մարմնավաճառի հետ, իսկ խմիչքն այնքան էր, որ երկուսին կբավականացներ՝ ամբողջ գիշերվա համար։ Շրջապատի համար նա ուղղակի երջանիկ տղամարդ էր՝ սեփական բիզնես, կայացած ու սիրող կին, հրաշք երեխաների հայր, սակայն ինքն էլ հասկանում էր, որ որոշ  մարմնավաճառների հետ ավելի շատ է քնել, քան սեփական կնոջ, որոշ կանանցից ավելի շատ սեր է ստացել, քան սեփական կնոջից։ Սա նրան ամենաշատն էր վրդովմունք ու ցավ պատճառում՝ «ծախու սերը», սերը որի դիմաց նա վճարում էր փողոցային թեթևաբարո կանանց, սակայն չէր կարողանում ստանալ իր սեփական կնոջից, իր երեխաների մորից։ Ամուսնանալիս այլ էին պատկերացումները, նա սպասում էր, որ սերը կհայտնվի մի օր, սակայն այդ մի օրն այդպես էր մնաց սպասված՝ անսպասելի հայտնվելու հույս ներշնչելով․․․

Ջուլիայի բացակայությունն ուղղակի զգացնել էր տալիս։ Թեև կինը իրենից, իր կյանքից ու իրականությունից բացակա էր անգամ տան եղած ժամանակ, սակայն հիմա հասկացավ՝ թեկուզ միայն ֆիզիկական ներկայությունն էլ կբավարարեր իրեն, միայն լիներ հիմա տանը։ Անվստահություն էր զգում։ Թեև ամուսնական համատեղ կյանքի տարիների ընթացքում կինը երբևէ առիթ չէր տվել կասկածելու, սակայն ինչ-որ բան իրեն ստիպում էր մեկնել Հռոմ։

* * *

Լիլիան որոշեց թափառել քաղաքում։ Կհասցնի տեսարժան որոշ վայրեր այցելել, իսկ Հռոմում դրանց պակասը չկա։ Կլուսանկարվի ու կտեղադրի սոցցանցերում, որտեղ դրանք հավանումների պակաս չեն զգա։ Իսկ եթե առաջարկի՝ Չեսկոն էլ միանա իրեն, ու միասին լավ ժամանակ անցկացնեն։ Ինքն ուղղակի առաջին հանդիպման ժամանակ չափազանց ազատ պահվածքով՝ ներքին խոռոչ առաջացրեց դեռևս չկայացած հարաբերություններում, իսկ այժմ պետք էր ուղղել այդ սխալը։ Իր համար էլ մնաց անհասկանալի՝ ինչպես գրավեց իրեն Չեսկոն․․․ իրենից ակնհայտ ավելի մեծ տղամարդու արժանիքը, սակայն, միայն հասուն դատողությամբ չէր սահմանափակվում․․․ Նրա մագնիսական ձայնը, աչքերի հսկայական խորությունը, քունքերի մոտ սպիտակին տված մազերը, արտահայտվելու ձևը․․․  Մեծ սիրո կայացման առաջին դրսևորումներից մեկը սիրելիին գրեթե կրոնական մոլեռանդությամբ երկրպագելն է, նրա մեջ բոլոր բացասական հատկանիշների վերացարկումը, նրա՝ ավելորդ մասերի մտովի ջնջումն լավագույնը թողնելու ձգտումը։ Հիմա սկսում էր հասկանալ Միքելանջելլոյի մեթոդը՝ կատարյալ քանդակներ ստեղծելու։ Մեծ հանճարն այդպես էր կերտում իր գործերը՝ մարմարի ավելորդ մասերը հեռացնելով։ Ինքը հիմա երևակայական քանդակ էր ստեղծել, որի յուրաքանչյուր խոսքը բերկրանք էր պարգևում, հայացքը՝ երջանկություն և ամեն մի ժպիտը՝ հիացմունք։ Սակայն յուրաքանչյուրի համար, ով նոր է սկսել սիրահարվել՝ կարևոր է կողքին հավատարիմ մեկին ունենալը, ում հետ կկիսի խոհերը։ Լիլիան այդպիսի մեկի կարիքն ուներ այժմ։ Նա լավ էր հասկանում, որ հարաբերություններից առավելագույն բավարարվածություն ստանալու միակ միջոցը որևէ ակնկալիք չունենալն էր, իսկ Չեսկոյից՝ առավել ևս պետք չէր որևէ բան ակնկալել, քանզի նա իրեն առավելագույնս փակ ու ինքնամփոփ էր պահում՝ հասուն զսպվածությամբ ու հավասարակշռված։

 Մոտակա խմիչքի խանութից ընտրեց լավագույն գինին ու գնաց նոր ընկերոջն այցելության։ Երկմտեց՝ մինչև կհասներ 298 համարի դռան մոտ, սակայն երկմտանքը՝ կարևոր քայլեր կատարելիս մշտապես սխալ որոշման է հանգեցնում։ Ժամանակը տատանումներ չի սիրում։ Փոխեց քայլերի ուղղությունն ու գնաց իր սենյակ։ Որոշեց զանգել, հրավիրել ընթրիքի։

* * *

Երեկոն սովորականից ուշ եկավ։ Սպասու՞մն էր պատճառը։ Մարկոյի զանգը սպասված էր ու միաժամանակ՝ անսպասելի։ Ամուսինը խոստացավ ամեն կերպ ժամանակ գտնել ու այսօր իրեն միանալ։ Արդեն պետք է եկած լիներ։...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր