Դեպի վեր

Հովհաննես Քաջազնունու 150-ամյակի առիթով

lragir.am02/20/2018, 4:18

Հովհաննես Քաջազնունու 150-ամյակի առիթով

«Հիանալի լուսաբաց էր: Լույսն ու խավարը մարտնչում էին իրար հետ: Մոտակա անտառից հասնում էր սոխակների զվարթ երգեցողությունը: Արու և էգ իրար էին հրապուրում:

- Մի տե՛ս, ինչ սքանչելիք է,- ասաց Քաջազնունին իր բարեկամ Հաջինսկուն: Ինչ երջանկություն է բուրում բնությունից, իսկ մենք իրար ենք հոշոտում:

- Այո՛, պատասխանեց Հաջինսկին,- ես կուզեի այդ թռչունների տեղը լինել և թռչուններին կառաջարկեի մեր տեղը:

Երբ վերջապես արտոնություն ստացվեց և մենք, անքուն գիշերից հետո, կեսօրվա մոտ մտանք Բաթում, տեղատարափ անձրևը դիմավորեց մեզ:

- Վատ նշան,- ասաց Քաջազնունին: Ուրիշ տեղ անձրևը բարիք է, բայց Բաթումի համար չարիք է: Վատ նշան…

Մեզ տեղավորեցին «Բելվիլ» պանդոկում, ծովափին: … Հազիվ էինք տեղավորվել, երբ բարի գալուստի այցելության եկավ Կովկասյան ճակատի հրամանատար և թուրք պատվիրակության անդամ Վեհիր փաշան մի քանի բարձրաստիճան սպաների հետ: Մեր ընկճված, խեղճ երևույթի հետ համեմատած գոռոզ հաղթականների տեսք ունեին նրանք, թեև Վեհիբ փաշան ակնհայտ կերպով աշխատում էր բարեկամական սիրալիր վերաբերմունք ցուցադրել: … Չեմ հիշում, Խորհրդաժողովի պաշտոնական բացումից քանի օր առաջ Բաթում եկավ Իթթիհատական եռապետության անդամ Ջեմալ փաշան: Մի քանի օր առաջ եկել և գնացել էր Էնվերը: Վեհիբ փաշայի կողմից լուր բերին, թե Ջեմալը ուզում է այցելության գալ Կովկասյան պատվիրակության մեր պանդոկը:

Եկավ: Կովկասյան պատվիրակություններս ընդունեցինք նրան պանդոկի սրահում: Կարճահասակ, դուրս ցցված կուրծքով, խնամված մորուքով, զինվորական շքեղ հագուստի մեջ- այնքան հիշեցնում էր փքված հնդկահավի:

… Ըստ «փրոթոքոլի» տեղ էինք գրավել սրահում. ազրբեյջանցիները «ամենալավ» մասում, ապա՝ լեռնականները, ապա՝վրացիք և վերջը՝ մենք՝ հայերս: Ջեմալը իր վեհության գիտակցությամբ նստեց սեղանի գլուխը, մի պահ լուռ դիտեց ժողովականներին, ինչպես ուսուցիչը դիտում է աշակերտներին դասից առաջ: Ապա ողջույնի խոսք ուղղեց Կովկասյան ժողովուրդների պատվիրակություններին առանձին-առանձին: Առաջին շատ սիրալիր խոսքը ասաց ադրբեջանցիներին՝ թուրքերեն: Ասածի իմաստն այն էր, որ թուրքերը և ազրբեյջանցիները հարազատ եղբայրներ են, որ երկար ժամանակ բաժանված էին միմյանցից: Հիմա ժամանակը հասել է միանալու: Եվ փաստորեն մենք արդեն միացած ենք:

Ազրբեյջանցիների կողմից պատասխանեց Հաջինսկին՝ ռուսերեն: Հաստատելով Ջեմալի խոսքերը՝ նա շեշտեց թուրք-ազրբեյջանական եղբայրությունը:

Նույն իմաստով ու ոգով խոսք փոխանակեցին և Ջեմալն ու լեռնականները:

Վրացիներին ուղղած խոսքում Ջեմալը ավելի զուսպ էր՝ թեև թուրք և գյուրջի հարևանների միջև անցյալում թյուրիմացություններ պատահել են, բայց դրանք անցողական բաներ են, փաշան համոզված էր, որ Թուրքիայի և գեղեցիկ Վրաստանի հարաբերությունները պիտի լինեն փայլուն ապագայում: Չխենկելին պատասխանեց նույն իմաստով և միևնույն ոգով:

Երբ հերթը հասավ հայերին, Ջեմալ փաշալի դեմքը խոժոռ երևույթ ստացավ, թավ հոնքերը կախվեցին և կարճատև լռությունից հետո նա հատիկ-հատիկ արտասանեց.

- Ձեզ՝ հայերիդ, շատ բան չունիմ ասելիք, միայն կմաղթեմ, որ անցյալը չկրկնվի: Ինչ որ դուք արիք մեզ, շատ հեշտ չէ մոռանալ: Այժմ ձեր ընթացքից է կախված ձեր և մեր ապագա հարաբերությունները:

Հայերի կողմից պատասխանեց Խատիսյանը՝ աշխատելով մեղմացնել Ջեմալի խոսքերի տպավորությունը, բայց նույնիսկ Խատիսյանի ճարտարությունը անզոր գտնվեց:

… Քաջազնունու հետ գնացինք մեր սենյակը: Նրա դեմքը մեռելի գույն էր ստացել: Անվերջ կրկնում էր ռուսերեն.

- Ա՛խ, նեգոդայ, ա՛խ, պոդլեց…(Ա՛հ, անպիտան, ա՛հ, սրիկա…):

Այդ օրը չճաշեց: Սենյակից դուրս չեկավ: Չէր էլ խոսում: Լուռ ծխում էր անվերջ, և ծխից դեղնած բեղերը, կարծես, ավելի էին դեղնել: Ինչքան աշխատեցի խոսեցնել, դուրս բերել ծովափ՝ մերժեց:

Ավելի սարսափելի հարված եղավ սակայն Բաթումի Խորհրդաժողովի բացման օրը՝ Մայիսի 11-ը:

… Խալիլը Կովկասյան պատվիարկության նախագահին հանձնեց մի գոց ծրար, որի մեջ ներկայացված էին հաշտության թրքական պայմանները՝ առաջարկելով, որ Կովկասյան պատվիրակությունը ծանոթանա այդ պայմաններին և շուտով իր համաձայնությունը հայտնե … դաշնագիրը ստորոգրելու համար: Վերջնագրի հոտ էր գալիս Խալիլի խոսքերից:

Երբ ակումբից դուրս էինք գալիս, թուրք ասկեարները նվագում էին «Քարմենի» ցլամարտի կտորը…

Պանդոկի սրահում, կովկասյան բոլոր պատվիրակների ներկայությամբ, բացվեց Խալիլ բեյի հանձնած ծրարը: Իրենց ներկայացրած պայմաններով՝ թուրքերը ստեղծում էին մեծ Ազրբեյջան ի հաշիվ Հայաստանի. Վրաստանից առնում էին Բաթումի շրջանի հարավային մի կտոր և Ախալցխայի գավառը, հայերին թողնում էին էջմիածինը և Սևանա լիճը, շուրջ 11.000 քառ. կիլոմետր լեռնային տարածություն:

- Գերեզմանոցի համար էլ բավական չէ, -ասաց Խատիսյանը: Ազրբեյջանցիների դեմքերը տոնական տեսք առին: Ըստ էության գոհ էին և վրացիները, թեև տխուր էին ձևանում: Հայերիս վիճակը սարսափելի էր:

Քաջազնունիի հետ բարձրացանք մեր սենյակը: Նա հազիվ ոտներն էր շարժում: Առանց մի խոսք ասելու վրայից հանեց հագուստը, մտավ անկողին, վերմակը գլխին քաշեց և այդպես մնաց մինչև հաջորդ առավոտ՝ անխոս և անշարժ, առանց մի բան ուտելու…»,- հիշում է Սիմոն Վրացյանը:

Մինչ Բաթումում 1918 մայիսի 11-ից Թուրքիայի պատվիրակները վերաձևում էին մանավանդ Հայաստանի քարտեզը՝ կաթվածի հասցնելով Հովհաննես Քաջազնունուն և հայ պատվիրակության մյուս երկու անդամներին, Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերը ջախջախում էին արևելյան Հայաստան մտած երիտթուրքերի եղբայրներին: Մերոնք չգիտեին այդ մասին: Ինֆորմացիա չկար: Լուրը Բաթում չէր հասել: Քաջազնունին չգիտեր անգամ, որ իր որդին՝ Աշոտը զոհվել է Ղարաքիլիսայի ճակատամարտում: Եվ, փաստորեն, հաղթանակած հազարավոր տղաների, այդ թվում և 20-ամյա Աշոտ Քաջազնունու թափած արյան վրա դրվում է Հայաստանը մոտ տասը հազար քառակուսի կիլոմետր բնակավայր դարձնելու որոշման կնիքը:

Հայաստանի առաջին hանրապետությունը այսպես սկսեց իր անդրանիկ քայլերը արտաքին քաղաքական դաշտում: Բարեբախտաբար շուտով իրավիճակը փոխվեց, 1-ին համաշխարհային պատերազմում Թուրքիան պարտություն կրեց, կնքվեց Մուդրոսի զինադադարը, Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը չեղյալ հայտարարվեց, և Հայաստանը կարողացավ հրաժարվել Բաթումի պայմանագրի բեռից: Բայց շարունակենք պատմությունը Հովհաննես Քաջազնունու՝ անչափ համակրելի և ազնիվ հոգու տեր մարդու և դժբախտ քաղաքական գործչի մասին: Ով ծնվել և ապրել էր խառը ժամանակներում, ով իր կյանքն անմնացորդ նվիրել էր իր հայրենիքին, ով հյուսել էր գեղեցիկ երազներ և գնացել էր դրանց ետևից, ու նաև ականատեսը եղել այդ երազների կործանմանը: Ով 17 տարեկանից մինչև ԿԳԲ-ի բանտում 1938-ին չարաբաստիկ սպանությունը սիրել և երախտապարտ է եղել Սաթենիկ անունով կնոջը իր ընտանեկան երջանկության և իր երազների ըմբռնման ու սատարման համար:

Երբ 1914 թ. նրանց ավագ որդին՝ անչափահաս Արամը, ծնողներին հայտարարեց, թե ուզում է կամավոր մեկնել ռազմաճակատ, հայրը ոչ թե բարկացավ կամ սաստեց որդուն, այլ խոստացավ բարեխոսել կամավորական բյուրոյում մեկ պայմանով, որ երեխան համբերի 2-3 ամիս, մինչև կավարտի դպրոցը: Մայրը ոչ թե ուշաթափվեց կամ սրտի տագնապ ունեցավ, այլ ասաց. «Թող գնա, մյուս գնացողները նույնպես մայրեր ունեն»: Մայիս ամսին Արամը ավարտեց դպրոցը, և հայրը նրան տարավ երկաթգծի կայարան՝ Թիֆլիսից Երևան ճանապարհելու համար:

Հիշում է Սիմոն Վրացյանը. «Կայարանում նրանք պինդ սեղմեցին ձեռքները և վերջ: Տնաշեն , գոնե համբուրվեք: Քաջազնունին ասաց,- Դեռ ժամանակը չէ, կհամբուրվենք, երբ հաղթությամբ վերադառնա պատերազմից»:

Եվ, փառք Աստծո, այդ օրը եկավ: Պատերազմում երկու անգամ վիրավորված Արամը վերադարձավ, և հայրը նրան համբուրեց: Ապաքինվելուց հետո կրկին մեկնեց ռազմաճակատ:

Հովհաննես Քաջազնունու երեք տղաներն էլ՝ Արամը և երկվորյակներ Աշոտն ու Ռուբենը, կամավոր մեկնեցին ճակատ: 4-րդ՝ կրտսեր որդին շատ էր փոքր: Նրանց հայրը բոլոր լծակներն ուներ տղաներին կռիվ չուղարկելու: Նախ կապերը և երեխաների՝ Թիֆլիսում ապրելու հանգամանքը միանգամայն լուծելի էին դարձնում ծառայությունից ազատելու հնարավորությունը: Իսկ արդեն վարչապետ նշանակվելուց հետո առավելապես դա հեշտ էր անել: Բայց ըստ երևույթին ժամանակները ավելի ազնիվ էին և Հայաստանը ավելի սիրելի՝ 1918թվի կառավարության և մասնավորապես վարչապետ Քաջազնունու համար: Նա իր երեխաներին ոչ միայն չթաքցրեց զինկոմիսարիատից, այլև քաջալերեց դեռ զինվորական տարիքի չհասած 3 տղաների կամավորական գրվելու ցանկությունը:

Նա շատ լավ գիտակցում էր, թե ուր են գնում տղաները և որ նրանց վերադարձը չափից դուրս անհավանական է: 1918 թ. սեպ.14-ին Երևանից Թիֆլիս կնոջը նամակ է ուղարկում: Նրանք արդեն 3-4 ամիս է որևէ տեղեկություն չունեին Աշոտի մասին:

«Մի բան միայն գիտեմ հաստատապես և ուզում եմ, որ դու ևս գիտենաս, որովհետև դրա մեջ մեծ մխիթարություն կա, եթե Աշոտը սպանված է, ուրեմն սպանված է Ղարաքիլիսայում, պատերազմի դաշտում, կռվի ժամանակ, իր զինվորական, քաղաքացիական ու հայրենասիրական բարձր պարտքը կատարելիս, սպանված է հերոսաբար, զենքը ձեռքին, մի այնպիսի փառավոր կռվի մեջ, որի մասին իրենք՝ տաճիկները, խոսում են հիացմունքով ու պատկառանքով: Մեր փոքրաթիվ զորքերը չորս օր անընդհատ կռվել են առյուծների պես իրենցից շատ գերազանց ուժերի դեմ և նահանջել են միայն վերջին փամփուշտը այրելուց հետո: Ողջ է դուրս եկել Աշոտը այդ կռվից, թե սպանվել է - երկու դեպքում էլ նա վաստակել է հայրենիքի սերը, հարգանքը ու երախտագիտությունը. նա կռվել է մինչև վերջ և գուցե իր մատաղ կյանքի գնով բարձր է պահել զինվորական պատիվը: Էլ չեմ կարող գրել»:

Նա արդեն վարչապետ էր նշանակվել: Կաբինետը Թիֆլիսից տեղափոխվել էր Երևան: Ընտանիքը դեռ Վրաստանում էր, բայց շուտով նույնպես տեղափոխվեց: Չնայած Երևանում սոսկալի վիճակ էր: Քաջազնունու քաղաքական ռոմանտիզմը, երևի թե, երկրորդ լուրջ և սասանող հարվածը ստացավ հե՛նց այստեղ՝ առաջինը Բաթումն էր: Միևնույն ժամանակ, հենց այստեղ է՛լ ավելի մեծացավ նրա պատկառանքը և սերը հայության նկատմամբ: Այստեղ՝ Երևանում, նա գուցև առաջին անգամ իսկապես տեսավ և զգաց, թե ինչպես է ապրում հայ մարդը, ինչի է ունակ և ինչքան անտեր է:

Պետերբուրգում, Թիֆլիսում նա ապրել էր հայերի մեջ և ճանաչել իր հայրենակիցներին: Բայց դա այլ բան էր: Դրսում հայեր լավ են ապրել, եղել են կրթված և հարուստ, համարձակ և հայրենիքի վերաբերյալ ռոմանտիկ, անգամ՝ սենտիմենտալ: Այստեղ՝ տեղում, այլ իրավիճակ էր: Աղքատ, քաղցած, հիվանդ, անզեն, անհույս, բայց, այնուամենայնիվ, բնազդորեն դեռ որ պինդ: Դրա վկայությունը Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի փառահեղ ճակատամարտերն էին: Մի խոսքով, Թիֆլիսից Երևան տեղափոխված կառավարությունը՝ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ, տեսավ այն, ինչը հեռվից չէր երևում՝ իրականությունը: Եվ նրա սերը իր ժողովրդի նկատմամբ վերածվեց անզոր կարեկցանքի:

1919 թ. հունվար 9-11 կնոջը գրում է.

«Աչքերիս առաջ տեսնում եմ այն ժողովուրդը, որոնց կառավարելը ինձ է վիճակված: Հիշում, մտածում և խելագարվում եմ ցավից ու կսկիծից: Չգիտեմ, արդյոք երբևիցե որևէ ժողովուրդ եղել է այն օրհասական, այն անելանելի կացության մեջ, որ ապրում է այսօր հայ ժողովուրդը: Տեղեկություն չունեմ, թե ինչ դրության մեջ են մեր փախստականները Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, Ազրբեյջանում: Բայց մեր հանրապետության սահմաններում ժողովուրդը հասել է ծայր աստիճան թշվառության, ժողովուրդը հոգեվարքի մեջ է , ժողովուրդը մեռնում է: Հաց չունինք ուտելու, անոթի ենք, բծավոր տիֆը այնպիսի ծավալ է ստացել: Երևան քաղաքում, որ ունի 60-65 հազար ազգաբնակչություն, այսօր ավել քան 20000 հիվանդ կա: Բժիշկներ չունինք, ֆելդշերներ չունինք, եղածները կամ հիվանդ պառկած են, կամ մեռած: Փող չունինք, մեր փողերը վրացիք ձերբակալել են Թիֆլիսում, հաղորդակցության միջոցներ չունինք, երկաթուղային գիծը ավերված է… Միայն հայի անսահման տոկունությունն է, որ կարող է դեռևս դիմանալ: Մեր զորքերը, որ Լոռիում այդպես քշեցին վրացիներին՝ մերկ են և քաղցած: Որբանոցներում 10 հազարից ավել որբ ունենք, մոտ 300 հազար տնավեր գաղթականություն ունենք, որ մեռնում են մեր աչքի առջև և որոնց ոչ մի օգնություն չենք կարող տալ: Պետական մեխանիզմը չենք կարող կարգի բերել, որովհետև միջոց չունենք վարձատրելու: Ընդհանուր թշվառության վրա ավելանում է նաև կաշառակերությունը, գողությունն ու թալանը, շանտաժը, որոնց դեմ հնար չունենք կռվելու»:

Բայց ոչ մի ծանր պայման, հուսահատություն, անզորություն չնսեմացրին հայրենասիրության զգացումը: Նա ոչ մի ակնթարթ չափսոսաց իր ընտրած ճանապարհի համար: Հայաստանը գերագույն արժեք էր, որի համար ինքը և իր ընտանիքի անդամները պարտավոր էին ծառայել:

1919-ի ապրիլի 30-ին ավագ դստերը գրում է.

«Աշոտը սպանվեց անցյալ գարնան Ղարաքիլիսայի կռիվներում: Արամը վիրավորված է 2 անգամ, մի անգամ շատ լուրջ, բայց բժշկվել է: Ռուբենը չի ունեցել բախտ ու պատիվ հայրենիքի համար վերք ստանալու, բայց 2 անգամ մերձ ի մահ հիվանդ է եղել Պարսկաստանում: Այժմ միանգամայն առողջ է: Երկուսն էլ ներկայիս զինվորական ծառայության են Հայաստանի բանակի մեջ»:

Քաջազնունին ընդամենը 6 ամիս եղավ վարչապետի պաշտոնում:

«Այսօր կառավարությունը տալու է իր հրաժարականը, և կազմակերպվում է նոր կառավարություն՝ Դաշնակցական և Ժողովրդական կուսակցության մասնակցությամբ,- գրում է կնոջը1918 նոյեմբերի 4-ին,- Ես մնում եմ պրեմիեր առանց պորտֆելի: Շատ դժվար օրեր ապրեցի, մինչև կարողացա հասցնել այս ելքին»:

1919թ. փետրվարին նա կմեկնի Միացյալ Նահանգներ Հայաստանի համար օգնություն բերելու: Նյու Յորք, Մեդիսոն ավենյու 121 հասցեում կբացվի ժամանակավոր գրասենյակ՝ հետևյալ ցուցանակով. Հովհաննես Քաջազնունի, Հայաստանի նախկին վարչապետ, ԱՄՆ-ում տնտեսական առաքելության նախագահ:

Երևի դժվար չէ պատկերացնել, թե նա ինչ հնարավորություններ ուներ գոնե իր ընտանիքի անդամների տանելի կեցությունը ապահովելու համար: Փրկելու համար իր ողջ մնացած 5 զավակների կյանքը և բարվոք ապագայի դռներ բացելու նրանց առջև: Նա արդեն որդիներից մեկին կորցրել էր պատերազմի դաշտում և կարող էր այդ նահատակությունը միանգամայն բավարար համարել հայրենիքի համար: Այսպես կարող էր վարվել որևէ մեկը: Բայց Քաջազնունին որևէ մեկը չէր: Եվ նրա մտքերն ու գործելակերպը հիմնված էին միանգամայն այլ արժեքների վրա:

1920, հունվար 2-ին ի պատասխան դստեր՝ Մարգարիտի՝ արտասահմանում ուսանելու ցանկությանը, Ամերիկայից գրում է .

«Մարգուշ ջան. Իմ վրա ծանրացած է մի ամբողջ ժողովրդի հոգսը: Ես չեմ կարող ու նույնիսկ ամաչում եմ էլ կենտրոնացնել ուշադրությունս սեփական ընտանիքի հոգսերի վրա: Ի՞նչ պատասխան պիտի տայի իմ խղճին, եթե, վերադառնալով Ամերիկայից, ստիպված լինեի ասել, թե հայկական դատը վիժել է, բայց ես ապահովել եմ իմ որդկերաց կրթությունը: Հայկական դատի պրոպագանդայի տեսակետից այստեղ շատ խոշոր բան ենք արել: Ամերիկայի ամենամեծ թերթերը զբաղված են շարունակ մեր հարցով: Եթե միջազգային քաղաքական հարցերը լուծվելու լինեին հասարակական կարծիքը շահագործելով, մենք վստահ կարող էինք ասել, որ մեր ցանկությունների իրագործումը ապահովված է, որովհետև Միացյալ Նահանգների հասարակական համակրությունը համարյա ամբողջությամբ մեր կողմ է»:

«Ի՞նչ պատասխան պիտի տայի իմ խղճին…» պետական պաշտոնյայի շուրթերից հնչող՝ մեր ականջին շատ անսովոր խոստովանություն:

Նա Ամերիկայում էր, երբ Զանգիբասարի կռիվներում հերոսի մահով ընկավ իր մեծը՝ Արամը:

«Ինձ չէր վիճակված վերջին համբույրը տալ որդուս, շատ հեռու էի Հայաստանից, երբ Արամի անշնչացած մարմինը՝ արյան մի փոքրիկ բիծ ճակատին՝զինվորական պատիվներով հանձնեցին հողին»:

Միայնությունը, անձնական, ծնողական ողբերգությունը, կնոջը մխիթարելու և այդ դժվար պահին նրա կողքին լինելու անհնարինությունը, միաժամանակ երախտագիտության զգացումը Արամի հանդեպ` իսկական զինվոր և հայրենիքի ծառա լինելու համար միախառնվել էին իր չստացվող գործերին: Մեդիսոն ավենյու 121 հասցեում բացված Հայաստանի համար տնտեսական օգնություն հայթայթող գրասենյակի պատուհանից երևում էր Նյու Յորքը՝ իր աղմոտ, քաոսային ռիթմով, ամերիկյա՛ն պրոբլեմներով: Այդ ամենը բոլորովին կապ չուներ Քաջազնունու հետ: Դա միանգամայն այլ աշխարհ էր, ուր նա հայտնվել էր ոչ լավ օրից: Քաջազնունու և այս քաղաքի հոգեվիճակները բացարձակ տարբեր էին: Նա նայում էր խայտաբղետ անցորդներին և տեսնում էր հայությանը՝ աղքատ, անտեր, զինվորներին՝ քաղցած, հյուծված, գաղթականներին, հիվանդներին և որբուկներին՝ հարյուր հազարներով: Նա նայում էր Մեդիսոն պողոտային, բայց տեսնում էր ռազմաճկատը, որտեղ հերոսի մահով ընկել էր Արամը՝ իր ավագ տղան՝ ընտանիքի 2-րդ զինվորը:

Քաջազնունին մենակ էր և կոտրված: Բայց պետական-ազգային պատասխանատվությունը նրան իրավունք չէր տալիս երկարատև վիշտ ապրել իր զոհված տղայի համար: Իբր հայ պաշտոնյա նրա վիշտը ավելի էր, քան որդու մահը: Քաջազնունին միայն իր ընտանիքինը չէր: Նա պետական դեմք էր և ուներ ահռելի առաքելություն: Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետն էր, չնայած հիմա արդեն առանց պորտֆելի: Եվ իր անձնական ողբերգության չափը իրավունք չուներ նույնացնելու այն ողբերգության հետ, որի մեջ հայտնվել էր ամբողջ հայությունը: Քաջազնունին նախ ազգի համար պատասխանատու քաղաքական գործիչ էր, հետո նոր հայր: Եվ նա շարունակեց գործել ըստ այդմ:

Ակնկալիքները Ամերիկայից գրեթե չիրականացան: Եվ Հայաստանի համար ներդրումներ գտնելու առաքելությամբ Քաջազնունին մեկնեց նաև Պոլիս: Մեծ եղեռնից մի քանի տարի էր ընդամենը անցել, բայց հայերը քիչ-քիչ հավաքվում էին այս և ծովափնյա այլ քաղաքներում:

1919 , հունիսի 7, Պոլիս.

«Քաղաքական կացությունը տակավին մնում է անորոշ: Մեծ թվով ռուսահայեր կան հավաքված այստեղ, գլխավորապես խոշոր բուրժուաներ, որ Օդեսայի կամ Նովորոսիյսկի վրայով փախել են բոլշևիկներից: Բոլորն էլ ցանկություն ունեն «ազգասիրաբար» փոխադրվել Հայաստան՝ իրենց կապիտալներով հանդերձ, մեր երկրում խոշոր արդյունաբերական և առևտրային գործեր ձեռնարկելու համար: Պարզ է, որ իսկական շարժառիթը ազգասիրությունը չէ, այլ կապիտալները տեղավորեցնելու և շահագործելու կարիքը: Բայցևայնպես այդ տրամադրությունը մեզ համար շատ նպաստավոր է, որովհետև մեր երկիրը մեծ կարիք ունի կապիտալներու: Թող գա այդ կապիտալը»:

Քաջազնունու քաղաքական ռոմանտիզմից բան չէր մնացել: Այն, ինչ նա տեսավ, այն, ինչին նա դեմ առ դեմ հանդիպեց Հայաստանում 1918 թվից ի վեր և ինչին ի պաշտոնե չկարողացավ դիմակայել, մեծ անձնական և քաղաքական ողբերգություն էր իր համար: Նա ըստ էության հասել էր իր երազ-նպատակին՝ Հայաստանը ինքնիշխան նորաթուխ պետություն էր: Եվ այդ նպատակին հասնելուն պես, անմիջապես, մաշկի վրա զգացել էր հայաստանյան ծանր իրականության և թիֆլիսյան հեռվից երազվող Հայաստանի միջև տարբերությունը: Իմիջիայլոց՝ մաշկի մասին: Ժամանակ առ ժամանակ Հովհաննեսի մոտ սրվում էր էկզեման: Դեռ 1911-ին Բաքվից կնոջը հասցեագրած նամակներից մեկում գրել էր.

«Էկզեմայից դեռ չեմ կարողանում ազատվել, թեև արդեն 3-րդ դեղն եմ փոխում: Չիպաններս իրենց կարգին շարունակում են բուսնել, մի քանի օր էլ աչքս էր ցավում, կարմրել էր: 7 վիզիտ արի բժիշկ Գեորգենբուրգերին: Ամենայն օր սրսկում եմ մորթիս տակ մի գրամ միշյակ, ինքնազգացողությունս բարձր է պահում»:

Ինքն իրեն, առանց սեթևեթելու, միանգամայն անկեղծորեն խոստովանել է. «Ինչ է եղել իմ տաղանդների ու հակումների այդպիսի բազմակողմանիության հետևանքը: Այն, որ ոչ մի ասպարեզում ոչինչ դրական չեմ տվել. ճարտարագետին խանգարել է փիլիսոփան, գեղարվեստասերին՝ քաղաքական գործիչը և ընդհակառակը»:

Իր ունեցած այս ներքին լարումներին անընդհատ ավելանում էին նորերը՝ 1-րդ աշխարհամարտ մեկնած իր անչափահաս տղաների մասին անհանգստությունը,1915 Մեծ եղեռնը, Բաթումի պայամնագիրը, Հայաստանի առա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր