Դեպի վեր

Վարչապետ-ժողովուրդ հզոր կապի արանքում ինչքան թույլ կադրեր կան, պետք է, որ չդիմանան. Ռոբերտ Ղուկասյան

armtimes.com08/23/2019, 2:30

Վարչապետ-ժողովուրդ հզոր կապի արանքում ինչքան թույլ կադրեր կան, պետք է, որ չդիմանան. Ռոբերտ Ղուկասյան

Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզի Կալավան համայնք: Այնտեղ նա ծանոթացել էր գյուղի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանի հետ, ով կարողացել էր տարիների ընթացքում գյուղն ավելի գրավիչ դարձնել՝ հյուրատներ կառուցել եւ զարգացնել այդ ամենը: Այդ օրինակը տեսնելով վարչապետը հայտնել էր, որ պատրաստվում է Ղուկասյանին իր խորհրդական նշանակել: Երեկ արդեն պաշտոնապես վարչապետի որոշմամբ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական:

«Հայկական ժամանակ»-ը Ռոբերտ Ղուկասյանի հետ զրուցեց՝ վարչապետից ստացած առաջարկի, նրա գործունեության ուղղությունների եւ այլ հարցերի շուրջ:

- Պարոն Ղուկասյան, ձեր նշանակումը հանրության համար անսովոր կերպով եղավ: Ինչպիսի՞ն էր ձեր առաջին արձագանքը՝ վարչապետի կողմից՝ իր խորհրդականի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստանալուց հետո:

- Ճիշտն ասած ինձ դեռ մի քանի օր էր հարկավոր իրականությունը գիտակցելու համար, շատ անսպասելի էր: Բայց մի կողմից ձեւը, մյուս կողմից հանրային արձագանքը այնպիսի մի իրավիճակ էին ստեղծել, որ ճիշտն ասած չեմ էլ հիշում, թե ինչպիսին էր արձագանքս: Մինչեւ հիմա դեռ այդ մտքերի մեջ եմ՝ երկկողմանի խիստ պատասխանատվության զգացումով ե՛ւ վարչապետի առաջ, ե՛ւ ժողովրդի առաջ: Կարծում եմ սա ոչ սովորական նշանակում էր, որովհետեւ մոտ 1 ամիս անընդհատ խոսվում էր: Շատ դրական էր արձագանքս, դեռ չեմ կարողանում կենտրոնացնել մտքերս, բայց վստահ եմ մի բանում՝ այս դրական էներգետիկան շատ կարեւոր է այս երկրի համար, մենք սրա պակասն իրականում ունենք:

- Վարչապետի այցից հետո Կալավանի հանդեպ հետաքրքրությունը մեծացե՞լ է ավելի, այցելուների քանակը շատացե՞լ է:

- Իհարկե, տրամաբանական է, որ վարչապետի այցից հետո պետք է այդպես լիներ: Բայց այստեղ ուրիշ խնդիր կար. այսպես, թե այնպես մենք խնդիր ունեինք մարդկանց դիմավորելու, տեղավորելու, ուղղակի վարչապետի այցից հետո մարդկային հոսքերի առումով դարձավ շատ անկառավարելի: Հիմնականում հայերն էին գալիս, բայց այդ հոսքերի մեծ մասը բաժին էր ընկնում այն մարդկանց կամ այն խմբերին, ովքեր ուզում էին ծանոթանալ ծրագրին, փորձեն իրենք էլ կիրառել: Նրանք այն մարդիկ են ում հետ անմիջական շփում էր պետք, բայց այնքան շատ էին այդ մարդիկ, որ այդ առումով էլ էր ինձ մոտ մեծ խառնաշփոթ:

- Զուգահեռաբար շարունակելո՞ւ եք Կալավանում ձեր գործունեությունը:

- Շատ-շատերին է հուզում այդ հարցը: Ընկերներիս մեծ մասը նույնիսկ ասում էր իզուր ես այդպես անում, որ թողնում ես Կալավանը: Բայց իրականում ես Կալավանը չեմ թողնում, այնտեղ իմ տունն է, իմ գյուղն է, ոչ մի ձեւով չի նվազում գյուղի զարգացման հետ կապված իմ մոտեցումը: Դեռ գարնանը արդեն պայմանավորվել էինք մեր թիմով՝ գյուղացիներով, որ ես պետք է թուլացնեմ իմ ազդեցությունը, կամաց-կամաց մենք գնում էինք այդ քայլին: Մեծ թիմ ունենք ու ես մեծ սիրով ուղղակի թողել եմ այդ թիմին ու կարծում եմ հիմա ավելի լավ է կազմակերպվում, քան այն ժամանակ, երբ ես այնտեղ էի:

- Ո՞ր ուղղությամբ է լինելու ձեր աշխատանքը կառավարությունում:

- Կարծում եմ գաղտնիք չեմ լինի բացահայտած, որ ասեմ՝ հիմնականում դա վերաբերվելու է համայնքների զարգացմանը, բայց ոչ Կալավանի օրինակով: Կալավանի օրինակն իրականում դաժան է: Երբ որ բոլորը քեզ դեմ են ու դու առանձին անում ես: Ուղղակի Կալավանի փորձը, թե որտեղ են եղել խնդիրները, այդ խնդիրները վերացնելով հանդերձ մնացած համայնքներում կիրառվելու են: Շատերին թվում է, թե ինչպես Կալավանն է զարգացել այդ խնդիրներով, այդ նույն ձեւով պիտի զարգանան մնացած համայնքները: Բնականաբար ոչ, այն ժամանակ ուրիշ էր, հիմա լրիվ ուրիշ է:

- Ինչ-որ ծրագրեր արդեն կա՞ն ձեզ մոտ հավաքագրված, որոնք այժմ պատրաստվում եք իրականացնել:

- Այո, արդեն կան, վարչապետի հետ էլ ենք քննարկել: Բայց դա շատ ծավալուն է եւ այս պահին էլ դեռ քննարկման փուլում է: Ըստ էության բան չի փոխվում՝ այդ օրինակը կիրառել այլ համայնքներում, բայց ավելի մանրամասն կոնցեպցիան կարծում եմ մի քանի շաբաթից բոլորը կիմանան, որովհետեւ դեռ հիմա աշխատում ենք: Խնդիրը կայանում է նրանում, որ դեռ չեմ հասցրել շփվել մարդկանց հետ, պետք է հանդիպեմ Սուրեն Պապիկյանի հետ, մարզպետների հետ, լսեմ իրենց, արտահայտվեմ, քննարկենք: Ի վերջո սա արդեն վերաբերվում ոչ թե մի փոքրիկ գյուղի, այլ Հայաստանի տարբեր համայնքներին, այդ իսկ պատճառով քննարկումից հետո արդեն պարզ կլինի:

- Վարչապետը միշտ խոսում է աշխատող եւ ստեղծարար մարդու տեսակի մասին ու ըստ էության ձեր օրինակը նրա պատկերացումներին համապատասխանում էր: Ի՞նչ եք կարծում հե՞շտ կլինի բազմոցին նստած մարդուն այդ օրինակն ուսուցանել:

- Ես միշտ մտածել եմ, որ բազմոցին նստած ոչինչ չենք կարող անել, անկախ նրանից, թե դու երբ ես բազմոցին նստել: Ես 10 րոպեից ավելի չեմ կարողանում իմ աշխատասենյակում նստած մնալ, որովհետեւ տեսակով էլ այդպիսին չեմ ու ես վստահ եմ, որ իմ հիմնական գործունեությունը լինելու է դրսում՝ մարդկանց հետ՝ ուղղակիորեն ծրագրերի մեջ: Որովհետեւ այդտեղ երկար նստելով կսկսեմ փոխվել, որից, որ ամենաշատն եմ անհանգստանում: Ու կարծում եմ, որ ես ամեն ինչ պետք է անեմ, որ լինեմ ավելի շատ մարզերում:

- Ո՞ր մարզ եք պատրաստվում առաջինն այցելել:

- Շատ նախնական մտածել եմ, կարծում եմ Երեւանից ավելի հեռու մարզերն առաջնային կվերցնենք: Բոլորս էլ գիտենք՝ այդտեղ խնդիրներն ավելի շատ են, ինչքան մայրաքաղաքից հեռանում ես այնքան ավելի շատ են խնդիրները: Արագ ինտեգրման խնդիրներ ունենք, որ պետք է արագ հասցնենք լուծել:

- Իսկ վարչապետի հետ խոսակցության ընթացքում ինչ-որ ժամկետ նախանշվե՞լ է, որ օրինակ 1 կամ 2 տարում ինչ-որ արդյունքի հնարավոր կլինի հասնել:

- Խոսել ենք իհարկե, բայց ասել, որ 2 տարուց կլինի այսպես, կասի միայն այն մարդը, որը դեռ խորը չի ուսումնասիրել: Մենք ուղղակի քայլերի հերթականության ու հաջորդականության մասին ենք քննարկել: Երբ որ մենք կվերլուծենք իրավիճակը, երբ որ կորոշենք այդ հայեցակարգային ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչ քայլեր են անհրաժեշտ, ինչ ծավալի աշխատանքների մասին ենք խոսում, այդ ժամանակ ելնելով դրանից կսահմանենք, թե ինչքան ժամանակում ենք գնում խնդիրը լուծելու: Այլապես ուղղակի կասենք ժամանակ, հետո չենք անի այդ ժամանակահատվածում, հետո կասենք՝ այս ինչ եղավ:

- Առաջինը բանը, որն է, որ պետք է ասեք այն մարդուն, ով դեռ չգիտի ինչ անել, ինչից սկսել, ինչպես զարգանալ:

- Հարցը շատ պարզ է, բայց ենթադրում է շատ բարդ պատասխան: Այդպես չենք կարող ասել, թե առաջինն ինչ պետք է իմանա անհատը: Այս պարագայում պետք է խոսենք միջավայրի մասին: Կոնկրետ, եթե վերցնենք պետության տեսանկյունից, ապա պետք է ապահովել դրական միջավայր: Դրական միջավայրում տարբեր մտքեր են առաջանում եւ խնդիրը հենց զուտ միջավայրի մեջ է: Ապահովում ենք միջավայր, մարդիկ ավելի շատ են վստահում իրենց ուժերին եւ ամեն ինչ աշխատում է:

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր