Դեպի վեր

Ռոհանիի էներգետիկ առաջարկը Հայաստանին․ Իրանը դիվանագիտությունից կանցնի՞ կոմերցիոն տիրույթ

1in.am10/6/2019, 9:06

Ռոհանիի էներգետիկ առաջարկը Հայաստանին․ Իրանը դիվանագիտությունից կանցնի՞ կոմերցիոն տիրույթ

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի աշխատանքային այցը Երևան և նրա մասնակցությունը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով, անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձություններից էր Հայաստանում։ ԵԱՏՄ նիստին մասնակցելու հետ մեկտեղ՝ իրանցի պատվավոր հյուրը նաև երկկողմ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Երկու կողմերը, ինչպես հաղորդում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բաղրամյան 26-ում քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։ Հատկապես ուշագրավ է Իրանի նախագահի հայտարարությունը էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամության մասին։ Ռոհանին ասել է, որ Իրանը պատրաստ է շարունակել աշխատանքները ՀՀ կառավարության հետ՝ ընդլայնելու «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները։ Ուշագրավ է, որ այս համատեքստում Իրանի նախագահն անդրադարձել է էներգետիկայի բնագավառի մեկ այլ՝ բավական հեռանկարային համարվող և այսօր աշխարհում արագ տեմպերով զարգացող ուղղությանը՝ վերականգնվող էներգետիկային՝ ասելով, որ միաժամանակ իրանական կողմը պատրաստակամ է Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը:

«Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ», – ասել է Ռոհանին՝ ավելացնելով, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը։

Վարչապետ Փաշինյանն էլ ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ ընդլայնելու «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը: Նշվում է, որ Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ:

Հատկանշական է, որ այս հայտարարություններում չի հիշատակվում նույն էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցությանը առնչվող մի քանի այլ կարևոր հարցերի՝ ո՛չ Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ) շինարարության ընթացքի, ո՛չ Հայաստանի տարածքով իրանական գազ տարանցելու նախագծի հեռանկարների, ո՛չ էլ «գազ՝ ապրանքի դիմաց» գործարքի շուրջ բանակցությունների մասին։

Այս հարցերի վերաբերյալ վերջին ամիսներին հայտարարություններ ու մեկնաբանություններ եղել են տարբեր մակարդակներով, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։ Մասնավորապես, հուլիսին Թեհրան այցելելուց հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց իր իրանցի գործընկերոջ՝ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի այն հայտարարությունը, որ Իրանն ու Հայաստանը բանակցություններ են վարում «գազ՝ ապրանքի դիմաց» ձևաչափով գործարք կնքելու հարցի շուրջ։ Իսկ Հայաստան-Իրան 3-րդ ԷՀԳ-ի վերաբերյալ Գրիգորյանը ասել է, որ իրանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շինարարությունն ավարտին հասցնելու 18 ամսվա ընթացքում։

Ինչ վերաբերում է իրանական գազի տարանցմանը՝ հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր:

Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության խորացման, ընդլայնման հեռանկարներին շատ ենք անդրադարձել, և այսօր էլ այս հարցը շարունակում է մնալ թե՛ քաղաքական, թե՛ հանրային ու փորձագիտական քննարկումների օրակարգում։ Հայաստանն իր էներգետիկ անվտանգությունն ամրապնդելու և այս ոլորտը հնարավորինս բազմազանեցնելու, հավասարակշռելու, այլընտրանքներ գտնելու շատ լուրջ խնդիր ունի։ Եվ իր ածխաջրածնային ռեսուրսներով հարուստ մեր հարևանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այս առումով ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր է։ Միայն թե հարցն այն է, թե որքանո՞վ կհաջողվի իրացնել առկա ներուժը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը։

– Պարոն Դավթյան, «գազ՝ ապրանքի դիմաց» ձևաչափը որքանո՞վ է կապված «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի հետ։ Արդյոք դա նո՞ւյն ծրագիրն է։ Եվ ի՞նչ կասեք Իրանի նախագահի վերոնշյալ հայտարարությունների մասին։ Ի՞նչ վիճակում է հայ-իրանական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում։ Խորացման միտումներ կա՞ն։

– «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքի շրջանակներում որոշակի դինամիկա նկատվում է։

Մասնավորապես, 2006-2007 թթ․-ից, այսինքն՝ Իրան-Հայաստան գազամուղը շահագործման հանձնելուց ի վեր առկա է դրական դինամիկա։ Խոսենք կոնկրետ թվերով։ Եթե վերոհիշյալ ժամանակահատվածում այդ գազամուղով մենք ներկրում էինք մոտ 250 միլիոն մ³ գազ, ապա 2018 թ․ դրությամբ ներկրումը հասնում է արդեն 450 միլիոն մ³-ի։ Այս տարվա դրությամբ կանխատեսում ենք մինչև 500 միլիոն մ³ գազի մատակարարում։ Այսինքն՝ ակներև է որոշակի դրական դինամիկա։ Այնուամենայնիվ, սրանք դեռ այն ծավալները չեն, որոնք թույլ կտան մեզ խոսելու իրական էներգետիկ տարատեսականացման (դիվերսիֆիկացիայի) մասին։

Ինչ վերաբերում է «գազ՝ ապրանքի դիմաց» հնարավոր մոդելի կիրառմանը, որի մասին խոսվել է փոխվարչապետի մակարդակով, ապա սա ամենևին էլ նոր ձևաչափ չէ։ Նախկինում՝ 1990-ականների վերջերին, մենք նման ձևաչափով աշխատել ենք, մասնավորապես, Թուրքմենստանի հետ և ներկրելով թուրքմենական գազ՝ վճարման մոտ 50 տոկոսն ապահովում էինք տեքստիլ արտադրության ապրանքներով։

Հաշվի առնելով այն, որ Իրանն այսօր գտնվում է միջազգային պատժամիջոցների ներքո և մեկ անգամ չէ, որ հայտարարվել է, թե առանձին ապրանքատեսակների մասով այնտեղ կարող է պակասորդ ձևավորվել, չի բացառվում, իհարկե, որ նմանատիպ բարտերային գործարք կնքվի ու համագործակցություն իրականացվի նաև այս ձևաչափով։ Թեև պետք է նշենք, որ օբյեկտիվորեն տնտեսական նախադրյալները դրա համար շատ համեստ են։ Ինչո՞ւ։ Բավական է թեկուզ մակերեսորեն ուսումնասիրել իրանական շուկան, որպեսզի համոզվենք, որ այնտեղ գրեթե ամբողջությամբ բացակայում են հայկական ապրանքատեսակները։ Այսինքն՝ նախքան այդ բարտերի մասին խոսելը նախ և առաջ անհրաժեշտ է ավելացնել առևտրաշրջանառությունը և ներկայացնել հայկական արտադրանքը իրանական շուկայում։

Վստահեցնում եմ՝ իրանական շուկայում հայկական արտադրանքը բավականին թույլ է այսօր ներկայացված։

Ինչ վերաբերում է երրորդ բաղադրիչին՝ Մեղրու ՀԷԿ-ը վերջին տարիների ընթացքում, կարելի է ասել, դուրս էր մնացել հայ-իրանական օրակարգից, և միանգամայն ողջունելի է, որ վերջապես այն վերադարձվեց օրակարգ։ Սակայն այս նախագիծը այժմ մասամբ փոխակերպվել է, և հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ իրանական կողմից լսեցինք հայտարարություն առ այն, որ նաև հայկական կողմը պետք է փնտրի ներդրողների նախագիծն իրականացնելու համար։ Մինչդեռ նախկինում, երբ հաստատվում էր այս նախագիծը, ենթադրվում էր, որ հենց Իրանը պետք է հանդես գա որպես միակ ֆինանսական դոնորը՝ մշակելով մի կայանի մոդել, որը լիովին տեղավորվում է Հայաստանի էներգետիկ շահի ընդհանուր տրամաբանության մեջ։ Ենթադրվում էր, որ Մեղրու ՀԷԿ-ը առաջին 15 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքը կարտահանի դեպի Իրան, այնուհետև՝ 15 տարի անց, այն ամբողջությամբ դառնում է ՀՀ սեփականությունը։ Այսօր, փաստորեն, մենք տեսնում ենք, որ արմատապես փոխակերպվել է այդ նախագիծը։ Եվ անկեղծ ասած՝ հաշվի առնելով այն, որ նախագիծը ենթադրում է շուրջ 300 մլն դոլարի ներդրում, ես դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչ գործիքակազմով այսօր ՀՀ կառավարությունը կկարողանա նմանատիպ հսկայածավալ միջոցներ ներգրավել Հայաստան, այն էլ հայ-իրանական նախագծի իրականացման համար։ Այսինքն՝ կրկին վերադառնում ենք Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցային քաղաքականության առաջացրած խնդիրներին։ Այնպես որ՝ լավ է, որ Մեղրու ՀԷԿ-ի հարցը վերադարձել է օրակարգ, բայց, այնուամենայնիվ, կան կիրառական շատ լուրջ խնդիրներ։

Ինչ վերաբերում է վերականգնվող էներգետիկային՝ բանն այն է, որ Իրանի հյուսիսային գավառներում ավանդաբար եղել է և կա էլեկտրաէներգիայի պակասորդ։ Այն հատկապես ընդգծված է լինում ամառվա սեզոնի։ Եվ նկատում ենք, որ վերջին տարիներին Իրանում ակտիվորեն իրականացվում են նախագծեր վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Իրանն այս բնագավառում ձեռք է բերել որոշակի փորձ։ Միայն 2018 թ․-ի ընթացքում կյանքի են կոչվել վերականգնվող էներգետիկայի՝ շուրջ 40 փոքր նախագծեր այդ պակասորդը ծածկելու համար։ Բայց Իրանը, այսօր նպատակ ունենալով ապահովելու իր հյուսիսային շրջանների էներգետիկ անվտանգությունը, էներգամատակարարումը, նաև դիտարկում է Հայաստանը՝ որպես գործընկերոջ, որը կարող է մասամբ իր վրա վերցնել այդ պակասորդի լրացումը։ Այս առումով, հաշվի առնելով նաև այն հանգամանք, որ ՀՀ կառավարության ծրագրում նշված է, որ մինչև 2022 թվականը արևային էներգետիկայի տեսակարար կշիռը պետք է հասցվի 10 տոկոսի, և հաշվի առնելով այն, որ այդ ցածր ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումային միջոցներ, Իրանն այստեղ փորձում է որոշակի ակտիվություն ցուցաբերել՝ կրկին անգամ առաջարկելով մի ռազմավարություն, որի շրջանակներում Իրանը կարող է տեսականորեն հանդես գալ որպես ներդրող, և այդ գեներացվող օբյեկտներում արտադրվող էլեկտրաէներգիան ինչ-որ ժամանակահատվածի ընթացքում արտահանվի դեպի Իրանի հյուսիսային գավառներ։ Այսինքն՝ Իրանի նպատակադրումն այստեղ առավել քան պրագմատիկ է։

Բայց ամփոփելով այս 3-4 բաղադրիչները՝ պետք է փաստեմ, որ բոլոր այս խոսակցությունները և դիվանագիտական հռետորաբանությունը բանեցվում էր Իրանի կողմից, թերևս, վերջին 15 տարիների ընթացքում։ Եվ վստահեցնում եմ, որ այս 15 տարիների ընթացքում շատ քիչ են եղել այն դեպքերը, երբ իրանական կողմը դիվանագիտական հռետորաբանությունից անցում է կատարել կոմերցիոն տիրույթ՝ հանդես գալով կոնկրետ կոմերցիոն առաջարկներով։ Դա վերաբերում է և՛ վերոնշյալ բարտերային համաձայնագրի շրջանակներում ծավալների ավելացմանը, և՛ գազի գնի վերանայման հարցին, և՛ մի շարք այլ հարցերի։

– Որպես այլընտրանք ռուսական գազին՝ Իրանից ավելի մեծ ծավալներով բնական գազ ներկրելու հարցը վերջին տարիներին շատ է քննարկվել։ Դուք խոսեցիք դիվերսիֆիկացման մասին։ Չգիտեմ՝ որքանո՞վ եք համաձայն, որ մենք բավական շատ ենք կախված էներգետիկ ոլորտում մեկ երկրից և բազմազանեցման խնդիր ունենք․․․

– Միանշանա՛կ։

– Շատ լավ։ Եվ հիշենք, որ 2013 թ-ին, երբ կրկին Հայաստանը կանգնել էր ռուսական գազի գնի բարձրացման խնդրի առաջ, Թեհրանն իր դեսպանի միջոցով մի քանի անգամ քաղաքական ազդակներ ուղարկեց Երևանին, որ պատրաստ է բարեկամ Հայաստանին գազ մատակարարել շատ ավելի ցածր գներով, բայց Հայաստանի կառավարությունը չարձագանքեց։ Կարել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476477.5
EUR522526.5
RUR7.357.46
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր