Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահից մեր հասարակությունը վերջին հրաժեշտը կտա հայ երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկին՝ ժողովրդական արտիստ, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին: Նա իր մահկանացուն կնքեց և հավերժի ճամփան բռնեց 89 տարեկան հասակում:
Այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և մեր ժամանակների լավագույն երիտասարդ թավջութակահարներից Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայանալիք համերգը նվիրվում է Մեդեա Աբրահամյանի հիշատակին:
Մեդեա Աբրահամյանը այն եզակի երաժիշտ կատարողներից մեկն էր, որը դեռ խորհրդային տարիներին իր կատարումներով հիացնում էր արտասահմանյան ունկնդրին՝ բազմաթիվ համերգներով և մենահամերգներով հանդես գալով արտասահմանյան լավագույն բեմերում: Ավելին՝ նա առաջին հայ թավջութակահարն է եղել, ով հանդես է եկել աշխարհի հեղինակավոր բեմերում: Իր կատարումներով նա ներշնչանքի աղբյուր է եղել հատկապես ժամանակի լավագույն կոմպոզիտորների համար: Նրա ստեղծագործական նվագացանկում ընդգրկված ավելի քան 300 ստեղծագործություններից 120-ը գրվել է հատուկ Մեդեա Աբրահամյանի կատարման համար:
Ի հիշատակ Մեդեա Աբրահամյանի՝ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը շեշտում է, որ նրա անունն այլևս իր կենդանության օրոք էր առասպելային. «Մեդ...