Երեկ քիչ էր մնում անակնկալ հասունանար, երբ ԿԸՀ-ն հաշվարկել էր տեղամասերից եկած տեղեկատվության երրորդ մասը։ ՀՅԴ-ն ֆավորիտների թվում էր, ու շատերին նույնիսկ մի պահ թվաց, որ ավանդական կուսակցությունը հեշտությամբ հայտնվելու է 7-րդ գումարման խորհրդարանում։ ՀՅԴ-ն երեկ ուշ երեկոյան մի քանի ժամով վերածվել էր օրվա գլխավոր անակնկալի, որովհետև նախընտրական որևէ սոցհարցում չէր վկայում այն մասին, որ կուսակցությունը կարող է հաղթահարել անցողիկության շեմը կամ նույնիսկ մոտ է դրան։
Այնուամենայնիվ, երեկ անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով՝ Դաշնակցությունը ստացել է քվեների 3․89 տոկոսը և չի հաղթահարել Ազգային ժողով անցնելու 5-տոկոսանոց շեմը: Իհարկե, գործնական քաղաքականության առումով՝ սա համարվում է պարտություն, որովհետև ՀՅԴ-ն վերջին երկու տասնամյակում առաջին անգամ է, որ ներկայացված չի լինելու խորհրդարանում, մյուս կողմից՝ կուսակցությունը ստացել է պատկառելի ձայներ, այս անգամ՝ առանց իշխանության ռեսուրսի աջակցության, ու բնավ էլ չի կարելի նրան լուզեր անվանելը, մանավանդ, որ ՀՅԴ-ն ունի բազմաֆունկցիոնալ առաքելություն՝ իր համազգային օրակարգի բերումով։
Այնուամենայնիվ, ո՞րն էր ՀՅԴ-ի չստացված էլեկտորալ սյուրպրիզի գաղտնիքը։
ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է՝ իր կուռ համակարգով, կարգապահ շարքերով, ու այս հանգամանքն, անշուշտ, դեր խաղացել է, սակայն չմոռանանք, որ այս փաստը չօգնեց, որպեսզի Երևանի ավագանու վերջին ընտրություններում կուսակցությունը, մեղմ ասած, չձախողվի։
Այս անգամ ֆիասկոն ավելի իրական էր թվում, մանավանդ ՀՅԴ-ն իր էլեկտորալ դաշտում ուներ «Սասնա ծռերի» պես ակտիվ ու ագրեսիվ մրցակից։ Չնայած շատերը համարում են, որ հենց «Սասնա ծռերի» «ֆենոմենը» խորհրդարանական ընտրություններում օգնեց ՀՅԴ-ին։ Ըստ ամենայնի՝ այս վարկածն այնքան էլ հիմնազուրկ չէ, որովհետև հասարակության ազգայնական հատվածը, ամենայն հավանականությամբ, որոշեց ընտրել չարյաց փոքրագույնը, այլ խոսքով՝ ՀՅԴ-ին, որի ծրագրերը շատ ավելի իրատեսական են, իսկ կուսակցությունը, այսպես ասած, համակարգային ու կանխատեսելի է։
Մյուս կողմից՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ին հաջողվեց զերծ մնալ հակադիր ճամբարների թիրախավորումից ու աշխատել իր էլեկտորալ ռեսուրսը կոնսոլիդացնելու ուղղությամբ։ Սա էլ հանգամանք է, որն էա...