Դեպի վեր

Սոնա Ռուբենյան. «Չեմ պատկերացրել, որ այսպիսի սեր գոյություն ունի»

bravo.am05/18/2022, 10:24

Սոնա Ռուբենյան. «Չեմ պատկերացրել, որ այսպիսի սեր գոյություն ունի»

Ասում են՝ նա հայտնի ուշացող է, ու հարցազրույցի գնալիս պետք է պատրաստ լինես ամենաքիչը 20 րոպե սպասել: Բայց պարզվեց՝ ասում են: Երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ մեր հարցազրույցը հետաձգվում էր, նույնիսկ մի անգամ ասաց՝ չի կարծում, թե պատերազմից հետո իր խոսքը, հարցազրույցն ինչ-որ մեկին կհետաքրքրի, իսկ եթե հետաքրքրում է՝ ուրեմն արդեն վատ է: Ինչեւէ, մեր հարցազրույցը կայացավ, բայց այս անգամ ուշացել էր ոչ թե Սոնան, այլ՝ ես: «Դե դա Գարիկի տարածած միֆն է: Իրականում ես մի քանի անգամ մարդկանց սպասել եմ ու հասկացել, որ սպասելուց վատ բան չկա եւ որոշել եմ այլեւս չուշանալ»,- ժպտալով ասում է երգչուհին:

- Սոնա՛, Ձեզ պարբերաբար տեսնում եմ 44 -օրյա պատերազմում զոհված հերոսների հուշ-երեկոներին, տղաների մասին նաեւ երգեր եք գրել։ Հոգեբանորեն դժվա՞ր չէ ամեն անգամ ապրել ու վերապրել։

- Ասել, որ դժվար է՝ կնշանակի ոչինչ չասել։ Այդ երեկոներին մի քանի օր պատրաստվում եմ, երեկոներից հետո էլ մի քանի օր վերականգնվում։ Բայց գիտակցում եմ, որ տղաների հարազատներն ամեն օր են այդ հոգեվիճակում։ Իսկ դա ամենափոքր ու չնչին բանն է, որ կարող եմ անել նրանց համար։ Առաջինը գրվեց «Բաց վերք» երգը՝ նվիրված Նելսոն Հակոբջանյանի հիշատակին։ Նախաձեռնությունը նրա քրոջինն էր: Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը, գործիքավորել են Կարենն ու Սեւակը:

10


Հաջորդը «Կարոտի նռնենի» երգն է, որը նվիրված է Շանթ Նավոյանին: Այս երգի պատմությունը հետաքրքիր է։ Մի օր սրճարաններից մեկում նստած էի ու տեսա Ավետ Բարսեղյանին, ով այդ պահին զրուցում էր Շանթի ծնողների հետ: Տիկին Էլենին՝ Շանթի մայրիկին, միանգամից ճանաչեցի, քանի որ տեսել էի ռեպորտաժը, որում նա պատմում էր Շանթի նռնենու մասին, ու շատ էի ազդվել: Մոտեցա։ Շատ բան ունեի իրենց ասելու, բայց բառերը պարզապես շարվեցին կոկորդիս ու դուրս չեկան: Չկարողացա ապրումներս փոխանցել։ Հասկացա՝ ավելի լավ է՝ լռեմ։ Օրեր անց զանգ ստացա.«Շանթի ծնողները շատ են ցանկանում, որ այդ երգը դու երգես»։ Կարծես կայծակ անցավ միջովս. հենց այդ պահին գիտակցեցի, որ այն, ինչ չկարողացա ասել, այդ երգի միջոցով կկարողանամ:



Իսկ այդ երգում ամեն ինչ կար։ Հույսի նռնենու մասին Շանթը գրել էր պատերազմի օրերին: Նրա գրվածքում այսպիսի տողեր կան.«Պայթյունը մի պահ խլացրել էր: Նայեցի կողքերս, ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար: Տպավորություն էր, որ ընկեր եմ կորցրել: Իմ ուղղությամբ կրակված առաջին արկն իր վրա վերցրեց նռնենին»: Ավետն այդ միտքը երգի բառերի վերածեց, երաժշտությունը գրեց Արսեն Գրիգորյանը, իսկ տեսահոլովակը նկարեց Նիգ Էգիբյանը: Հոլովակում նկարվել է հենց Շանթի քույրը: Ձայնագրման ստուդիայում ես մենակ չէի. Շանթի ծնողներն այնտեղ էին: Երգեցի աչքերս փակ. չէի կարողանում տեսնել ծնողների ապրումները:

Անկեղծ ասած՝ նման երեկոներին միշտ երգում եմ աչքերս փակ: Այս պահին էլի հիշեցի մի միջոցառում, որտեղ զոհվածների մայրերն էին, ու նույն զգացողությունն ապրեցի: Նման զգացողություն ունեցել եմ նաեւ այն ժամանակ, երբ պատերազմից հետո գնացի Եռաբլուր: Այդ նույն ալիքն էլի անցավ միջովս։ Երգելու ընթացքում մի պահ բացեցի աչքերս ու տեսա այդքան վշտով լի հայացքներ, արցունքոտված աչքեր, մի կերպ երգն ավարտեցի ու դուրս եկա բեմից: Տեւական ժամանակ չէի կարողանում ուշքի գալ. ծնողներն էին ինձ հանգստացնում:

- Բոլորիս հուզող այս թեմայի մասին կարող ենք անվերջ խոսել, բայց խոսենք նաեւ ստեղծագործական այլ նորություններից: Ֆելիքս Խաչատրյանի հետ զուգերգը տարբերվող էր։ Հնարավո՞ր է, որ այս ոճում ավելի հաճախ հանդես գաք, թե՞ սա պարզապես իմպրովիզ էր:

- Իհարկե, մենք չենք դավաճանելու մեր սկզբունքներին։ Էլի լինելու են քավերներ: Ինձ համար էլ էր հետաքրքիր նման կերպ ներկայանալ։

10


-Տարիներ առաջ, երբ որոշեցիք հին երգերը նորովի, նոր ռիթմերով մատուցել, մտավախություն չունեիք, որ հանդիսատեսը կարող է չընդունել։ Գիտեք՝ ամեն նոր բան «սվիններով» է ընդունվում։

- Եթե անկեղծ, մենք այդքան շատ չենք մտածել։ Երբեք երգերը ինչ-որ չափանիշների չենք համապատասխանեցրել, գուցե դա էլ մեր հաջողության գրավակա՞նն է եղել։ Այդ երգերը երգել եմ այնպես, ինչպես կուզեի լսել։ Երբեք համաձայն չեմ եղել այն մտքի հետ, թե հանդիսատեսն է պահանջում։ Ո՛չ, առաջարկն է ծնում պահանջարկ։ Ապացույցն եղավ այն ոճը, որը ներկայացրինք։ Ժամանակին շատ էի խոսում այս մասին, հետո հասկացա, որ ոչինչ չի փոխվի իմ խոսելուց։ Եթե վաստակ ունեցող կոմպոզիտորները լռում են, ապա ես գլուխս կախ պետք է իմ գործն անեմ։

- Առաջին անգամ բեմ բարձրացաք հինգ տարեկանում՝ Երգի թատրոնում։ Անցել եք մի դպրոց, որտեղ բեմի կանոնները շատ հստակ են եղել։ Ձեր ուսուցիչները Վարդուհի Վարդանյանն ու Արթուր Գրիգորյանն էին։ Նրանց ձեռագիրն ու լինելիությունը մի՞շտ եք զգում։

- Այո՛, 5 տարեկանում բարձրացա թատրոնի ջերմ ու տաքուկ բեմ՝ Արթուր Գրիգորյանի խստապահանջ հայացքի ներքո։ Բոլորս հա՛մ սպասում էինք, հա՛մ վախենում, հա՛մ ուզում էինք մի բան ասեր մեր արածի մասին՝ գովեր, փնովեր, ջղայնանար։ Մենք այդ հայացքին անհամբեր էինք սպասում։

10


Հիմա էլ այդ բեմում ամբողջ մանկությունս գալիս է աչքիս առաջ։ Մենք օրվա մեծ մասն անցկացնում էինք այնտեղ: Օր ու գիշեր փորձեր էինք անում։ Իսկ եթե պատասխանատու համերգներ էին կամ ճանապարհորդություն, ապա մինչեւ գիշերվա երկուսը-երեքը կարող էինք փորձ անել։

- Սոնա՛, այսօր շատերն են նշում, որ Գրիգորիչի շնորհիվ են ճանաչել Արցախը։ Ձեր դեպքո՞ւմ էլ այդպես էր։

- Առաջին անգամ ընտանիքով գնացինք Արցախ՝ ոգեւորված Գրիգորիչի պատմածով ու նկարագրածով: Այդ սպասումը շատ մեծ էր։ Տեսանք ու գերվեցինք։ Մայրիկս առաջին օրը գրեց՝ «Արցա՛խ, եկա, տեսա քեզ, սիրեցի ու քո գրկում քեզ կարոտեցի»։ Հետագայում ես գրեցի երաժշտություն, ու այդ տողերը դարձան երգի բառեր։ Հիմա ավելի շատ է ձգում Արցախը։ Երբեմն պատկերացնում եմ՝ Ջդրդուզի բարձունքում եմ ու ժայռերի քամին ո՜նց է ինձ հետ խոսում: Ու հավատում եմ, որ էլի զգալու եմ այդ ամենը, էլի երգելու եմ այնտեղ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր