16:29, 7 մարտի, 2016 Մաս 1, Մաս 2 Թեղուտի լեռնահանքային համալիրը մեկ տարում փոխել է Լոռու մարզի ամբողջ տնտեսության և հատկապես արդյունաբերության պատկերը։ 2014 թվականի տարեվերջին տեղի ունեցավ Լոռու մարզում գտնվող Թեղուտի համալիրի արտադրական գործընթացի հանդիսավոր մեկնարկը։ Մեկ տարի հետո՝ 2015-ի տարերեվերջին, արդյունաբերության արձանագրված ծավալներով Լոռու մարզը երրորդն է հանրապետությունում և զիջում է միայն Երևանին ու Սյունիքի մարզին։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)` 2015-ին Լոռու մարզի արդյունաբերության ծավալը, համադրելի գներով, կազմել է մոտ 141,2 մլրդ դրամ։ Դա կազմում է Հայաստանի ամբողջ արդյունաբերության 10,4%-ը։ Առաջին հայացքից այս մարզում գրանցված աճը աչք է ծակում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը 2014 թվականի համեմատ ավելի քան երկու անգամ աճել է։ Համեմատության համար՝ 2014-ին այն կազմել էր 69,8 մլրդ դրամ։ Բայց աճը պայմանավորված է գլխավորապես Թեղուտի հանքավայրի շահագործմամբ։ Նախորդ տարի Լոռու մարզում միայն հանքարդյունաբերության ծավալը կազմել է մոտ 72,9 մլրդ դրամ, որը 6,7 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը։ Այս ճյուղը նախորդ տարի զբաղեցրել է Լոռու ամբողջ արդյունաբերության ծավալի մոտ 52%-ը։ Իսկ արդյունաբերության մյուս ճյուղերը շարունակում են թույլ դիրքերում մնալ։ Այդպիսով, Լոռին 2015-ին վերածվել է հանքարդյունաբերությունից խիստ կախվածություն ունեցող մարզի, որի վտանգներն արդեն իսկ մարզում զգացվում են։ Այդ մասին կխոսենք ավելի ուշ։ Իհարկե, դա չի նշանակում, որ 2014-ին ավելի լավ է եղել, քան 2015-ին։ Պարզապես, եթե հանաքարդյունաբերության գրանցած աճը մեկ քայլ առաջ համարենք Լոռու տնտեսության համար, ապա չպետք է մոռանանք, որ դա միևնույն ժամանակ մի քանի քայլ հետ է բնապահպանության հարցում։ Իսկ գլխավորն այն է, որ այդ աճը տնտեսության համար որակական աճ չէ։ Մինչ արդյունաբերությանն ավելի մանրամասն անդրադառնալը, մի քանի նախադասությամբ վերադառնանք անցյալ։ Երբեմնի հզոր Լոռին Մինչև 1988-ի դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժը Լոռու մարզը Հայաստանի արդյունաբերական ամենազարգացած և աշխույժ կենտրոններից մեկն է եղել։ Մարզի արտադրական գլխավոր կենտրոններից մեկը համարվող Վանաձոր քաղաքը (նախկինում՝ Կիրովական), եթե ոչ՝ ամենակարևորը, արտադրության զարգացվածության մակարդակով համեմատվել է մայրաքաղաք Երևանի հետ և տարբեր տարիներ ցուցանիշներով զիջել է միայն մայրաքաղաքին։ Վանաձորում այդ տարիներին գործել է 30-ից ավելի խոշոր ձեռնարկություն։ ԽՍՀՄ տարիներին Լոռու մարզում հատկապես զարգացած է եղել քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունն ու սարքաշինությունը, հանքարդյունաբերությունը, թեթև եւ սննդի արդյունաբերությունը։ Այլ ճյուղերի գործարաններ և ֆաբրիկաներ ևս գործել են այս մարզում։ Այդ տարիներին Լոռու մարզում գործող խոշոր ձեռնարկությունների մասին հոդվածներում և հրապարակումներում հաճախ կարելի է հանդիպել Քիմիական կոմբինատի, Քիմիական մանրաթելերի գործարանի, «Պոլիմերսոսինձ» ԳԱՄ-ի, «Էլեկտրոն» գործարանի, «Բազում» միավորման և այլ ֆաբրիկաների ու գործարանների անուններ։ Սակայն միայն երկրաշարժը չէ, որ ազդել է Լուռու արդյունաբերության անկման վրա։ Ինչպես ՀՀ մյուս մարզերը, Լոռին ևս զգալի կորուստներ է ունեցել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Դրան էլ գումարվել է մարզի տնտեսական պոտենցիալի ոչ արդյունավետ կառավարումը իշխանությունների կողմից։ Լոռիում մշակող արդյունաբերության ճյուղերից ինչ-որ չափով պահպանվել է միայն սննդի ու հիմնային մետաղների արտադրությունը Մշակող արդյունաբերությունը ևս նախորդ տարի որոշակի չափով աճել է այս մարզում։ Սակայն դրա ծավալները մեծ չեն, և աճը չի նպաստել մարզի տնտեսության ընդհանուր վիճակի բարելավմանը։ Արտադրանքը կազմել է մոտ 57 մլրդ դրամ, աճը՝ 12,2%: Մշակող արդյունաբերության ծավալն հիմնականում ապահովել են սննդամթերքի արտադրությունը (16,6 մլրդ դրամ, 2014-ի համեմատ նույնն է մնացել) և հիմնային մետաղների արտադրությունը (35,5 մլրդ դրամ, աճը՝ 19,6%): Երբեմնի քիմիական արդյունաբերության կենտրոն համարվող Լոռին հիմա զրոյական դիրքերում է այդ հարցում։ Նախորդ տարի այստեղ քիմիական արդյունաբերության ծավալը կազմել է ընդամենը 580 մլն դրամ։ Լոռու արդյունաբերության մյուս ոլորտը էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումն է։ Ոլորտում արտադրանքի ծավալը նախորդ տարի կազմել է 10,3 մլրդ դրամ։ Աճը՝ 42,4%: Այս դեպքում ևս աճի ցուցանիշը չի ոգևորում, քանի որ արտադրանքի ծավալը փոքր է։ Վանաձորում պլանավորված է նոր էլեկտրակայան կառուցել, որի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել։ Իսկ ջրամատակարարման ոլորտը Լոռիում ապահովել է ընդամենը 1 մլրդ դրամ։ Աճը՝ 4,6%: Արտահանման ցուցանիշով ևս Լոռին երրորդն է հանրապետությունում՝ Երևանից և Սյունիքից հետո։ 2015-ին այս մարզին բաժին է ընկել ՀՀ արտահանման 12,5%-ը՝ ավելի քան 184 հազ. դոլար։ 2014-ի համեմատ 22,7% աճ է գրանցվել։ Տրամաբանական է, որ արտահանման գերակշիռ մասը հանքահումքային արտադրանքն է։ 10 տարի և որակական աճի բացակայություն Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո ընկած ժամանակահատվածում՝ մինչև 2012 թվականը, Լոռու արդյունաբերությունն աճել է, սակայն արտադրանքի ծավալները, միևնույն է, փոքր են մնացել։ Հաջորդ երկու տարիներին նորից անկում է գրանցվել։ Իսկ ամենամեծ ցուցանիշը 2015-ինն է։ Ին...
Կարդալ ամբողջովին