Հունվարի 29-ին Մուրացան բժշկական կենտրոնում նորածնի մահվան առնչությամբ իրավապահ մարմինները մինչև այսօր լռում էին: Միայն աշխատանքային օրվա ավարտին «Ազատության» հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկի հիման վրա հանձնարարվել է նյութեր նախապատրաստել:
Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով, անկախ նրանից, որ ոստիկանությունը հարազատներից դիմում չի ստացել, և ծնողները ստորագրությամբ հրաժարվել են դիահերձումից, միայն մամուլում տեղ գտած հրապարակումները բավարար են քննություն սկսելու համար․ - «Ամեն դեպքում նորածնի մահվան փաստը ինքնին հիմք է, որպեսզի ստուգողական գործողություններ արվեն: Այն էլ այս պարագայում, երբ որ զանգվածային լրատվամիջոցները քանի օր է արդեն դրա մասին ահազանգում են՝ դեպքի օրվանից սկսած առնվազն: Երեխայի հարազատներն էլ իրենց դիրքորոշումում ուղիղ սլաքներն ուղղում են բժիշկների դեմ»:
Ու մինչ դատախազությունը քննություն կիրականացնի, ծնունդ ընդունած բժիշկ Նշան Գևորգյանի մասին նոր փաստեր են ի հայտ գալիս:
Ինչպես պարզ է դառնում «Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալներից, Գևորգյանն իր բժշկական պրակտիկայի ընթացքում հասցրել է 4 տարբեր գործերով կանգնել դատարանի առջև և մեղավոր ճանաչվել: Իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 7 ամսվա մեջ նա դարձել է 3 անձի մահվան մեղավորը: Դրանից 3 տարի անց էլ կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել կաշառք պահաջնելու դեպքով:
Նկատենք, սակայն, որ Գևորգյանը պատիժները ճաղերի հետևում չի կրել: Նախ համաներման է արժանացել, իսկ այնուհետև պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան, որը, ի դեպ, դեռ չի ավարտվել: Ու ինչպես է ստացվել, որ այս բժիշկը կրկին աշխատում է հիվանդանոցում, գրեթե ոչ մի կառուցից մեզ այդպես էլ սպառիչ պատասխան չտվեցին:
Առողջապահության նախարարությունից և մարզպետարանից ասացին, թե իրենք չեն կարող վերահսկել, թե ով ում է գործի ընդունում:
«Մարզային բժիշկներին ո՛չ ընդունում ենք, ո՛չ էդ ինֆորմացիային տիրապետում ենք, ո՛չ էլ․․․ Էդ հարցով դիմեք մարզպետարան: Գլխավոր բժիշկը կպատասխանի, թե ինչու է փորձաշրջանի ժամանակ աշխատել: Բժիշկներին իրանք են նշանակում և ազատում», - «Ազատությանն» ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Առողջապահության գծով Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը փոխանցեց, որ մարզպետի հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն, իսկ քրեական անցյալով բժշկին աշխատանքի ընդունելու համար պատասխանատու է հիվանդանոցի տնօրենը, ով, ինչպես պարզվեց, արձակուրդում է և միայն վաղն է վերադառնալու Հայաստան:
Փոխարենը նրա տեղակալ Անահիտ Հայրապետյանն «Ազատությանը» նոր մանրամասներ հաղորդեց արդեն երրորդ օրը անհասա...
Կարդալ ամբողջովին