«Դեռ չենք կարողացել փոքրաթիվ աշակերտություն ունեցող դպրոցների համար ճիշտ մոդել ընտրել». ԿԳ նախարար
Լոռու մարզի սահմանամերձ Դաշտադեմ գյուղի միջնակարգ դպրոցը մեկն է նրանցից, որտեղ տարիներ շարունակ մի շարք առարկաների գծով թափուր տեղերը չեն լրացվում: «Միշտ մրցույթ ենք հայտարարում, բայց մասնակցություն չենք ունենում: Վերջին տարիներին միակ մասնակցությունն ունեցել ենք 2014թ.-ին, երբ մաթեմատիկա առարկայի ուսուցիչ ընդունեցինք»,- ուսուցչական կազմի վերջին համալրումն է հիշում Դաշտադեմի դպրոցի տնօրեն Սերջեյ Աղաջանյանը:
Վերջինիս խոսքով ներկայումս դպրոցն ունի հայոց լուզու և հայ գրականություն, շախմատ, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլ առարկաների ուսուցիչների կարիք: Այս դասաժամերը տարիներ շարունակ լրացվում են ոչ մասնագետների կողմից:
Երկհարկանի դպրոցում ներկայումս սովորողների թիվը չի հասնում երկու տասնյակի: Դպրոցում դասապրոցեսը հիմնականում անցկացվում է երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ տարբերակով: Ուսուցման այս եղանակը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը համարում է ոչ արդյունավետ:
«Մենք դեռևս երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարանների հիմնահարց ունենք, ի վերջո դեռ չենք կարողացել այդ փոքրաթիվ աշակերտություն ունեցող դպրոցների համար ճիշտ մոդել ընտրել: Այդ հարցը դեռ մեր առջև է և ամենադժվար խնդիրներից է»,- օրերս Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում նշեց ԿԳ նախարարը` հավելելով, որ այդպիսի դպրոցները հանրապետությունում քիչ չեն:
Մեր դիտարկմանը, որ միևնույն ուսուցիչը մի քանի առարկա է պարապում, այդ թվում` նաև իր մասնագիտությանը ոչ հարակից առարկաներ, ինչն ուղղակիորեն ազդում է կրթության որակի վրա, Լ. Մկրտչյանը նախ համաձայնվել էր, ապա հավելել.
«Իհարկե, ազդում է որակի վրա, միանշանակ: Եկեք ճիշտ խոստովանենք, ոչ մի երկկոմպլեկտ կամ եռակոմպլեկտ դասարան չի լուծում մեր հիմնախնդիրը: Երբ ասում ենք, որ մենք այդտեղ պրոբլեմ ունենք, դա ի նկատի ունենք: Ոչ մի նշանակություն չունի այդ դպրոցում քանի աշակերտ է սովորում, որովհետև այդ աշակերտներից յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ հավասար պայմաններ մյուսների հետ»:
Լոռիում թափուր աշխատատեղերը չեն լրացվում հատկապես հեռավոր գյուղերում, որտեղ հասնելը և՛ ժամանակատար է, և՛ ծախսատար: Սրան գումարվում է նաև առարկաների փոքր ժամաքանակը, ինչի հետևանքով աշխատանքը հեռավոր գյուղերում դառնում է ոչ գրավիչ ու ոչ շահավետ:
Արդյունքում դպրոցների տնօրենները տարիներ շարունակ թարմացնում են թափուր տեղերի մրցույթների հայտարարությունները` այս կերպ կատարված համարելով օրենքի պահանջը:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանի խոսքով` մարզի մի շարք գյուղական դպրոցներում տարիներ շարունակ պահանջված են համարվում հատկապես քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, երգ-...
Կարդալ ամբողջովին