Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 23-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, շնորհավորելով Ղազախստանի իր գործընկերոջը գլխավոր դատախազ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ոչ միայն կպահպանվի փոխադարձ վստահության և հարգանքի վրա կառուցված՝ երկու երկրների դատախազական կառույցների միջև գործակցության առկա դինամիկան, այլ նաև հնարավոր կլինի վերջինս հասցնել զարգացման նոր մակարդակի:
«Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել հատկապես իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ՂՀ գլխավոր դատախազությունների սերտ համագործակցության առնչությամբ, ինչի մասին են վկայում քրեական գործերով իրավական օգնության բազմաթիվ հարցումների կատարման փաստը:
...