Այս շաբաթվա վերջին օրերին՝ սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում՝ ներկայացնելով Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» ստեղծագործության հիման վրա բեմադրված Կարինե Քոչարյանի պիեսը:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Սունդուկյանի անվան թատրոնի նախկին դերասանուհի, վերջին 28 տարում Նյու Յորքում բնակվող և ստեղծագործող Կարինե Քոչարյանը ներկայացրեց բեմադրության ստեղծման պատմությունը. - «Ես հինգ ամիս եղել եմ Արցախում, այնտեղ եմ գնացել Նյու Յորքից։ Այդ հինգ ամսվա մեջ բեմադրել եմ Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» բեմադրությունը։ Գնացել եմ Արցախ, որովհետև պատերազմից հետո մտածել եմ, որ ուզում եմ ֆիզիկապես իրենց կողքին լինեմ և ինչ-որ ձևով իրենց աջակցեմ։ Թեև իրենց աջակցելու համար էնտեղ գնացի, բայց իրենք ինձ օգնեցին, ավելի հույս ու հավատ տվեցին։ Նյու Յորքում զբաղվում եմ թատերական գործունեությամբ, ունեմ իմ 26 տարվա «Սփյուռքի ձայնը» հեռուստահանդեսը։ Վերջին շրջանում հաղորդումներ էի անում Արցախից»։
Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել Արցախում և երեք օր շարունակ լեփ-լեցուն դահլիճի հանդիսատեսը շատ ջերմ ընդունելության է այն արժանացրել. - «Հոտնկայս, արցունքախառը, հուզված ծափահարություններով։ Բայց ես դրանից հետո որոշեցի, որ մենք պետք է գանք Հայաստան, ներկայացումը հանձնենք Հայաստանի ժողովրդին, որպեսզի իրենք տեսնեն արցախցուն, արցախի դերասաններին, Արցախի թատրոնը»։
Երևանում ներկայացումները տեղի կունենան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Այնուհետև թատերախումբը կմեկնի մարզեր՝ մինչև այս ամսվա վերջը հյուրախաղերով հանդես գալու Արտաշատում, Հրազդանում, Գյումրիում և Վանաձորում: Հյուրախաղերը կամփոփվեն «Թատերական Լոռի» միջազգային թատերական փառատոնին մասնակցությամբ:
Կարինե Քոչարյանը 2015 թվականին հայ հանդիսատեսի դատին է հանձնել նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված թուրք գրող Քեմալ Յալչնի «Հոգիս ձեզ մոտ կխայտա» գործի հիման վրա ստեղծված իր բեմադրությունը, որը ներկայացվել է Երևանում, Գյումրիում և Վանաձորում. - «Այդ գործը դոկումենտալ գործ էր անատոլիական գյուղերում գաղտնի ապրած հայերի մասին, ծպտյալ հայեր...
Կարդալ ամբողջովին