1988 թ. դեկտեմբերի 7 ՝ հայոց պատմության ամենաողբերգական օրերից մեկը, երբ վայրկյանների ընթացքում ավերակների վերածվեցին տասնյակ ու տասնյակ ծաղկուն գյուղեր ու քաղաքներ, ունեցանք շուրջ 30 հազար մարդկային զոհեր, հողին հավասարվեցին հարյուրավոր գործարաններ, ուսումնական հաստատություններ, մշակութային օջախներ, արտադրական հսկա համալիրներ: Սեւով երիզվեց նաեւ երկրաշարժի էպիկենտրոնը խորհրդանշող Սպիտակ քաղաքը՝ իր մերձակա բնակավայրերով: Եղերական այդ օրերին շրջանը ղեկավարում էր արմատներով ղարսեցի, ընտանյոք Սպիտակում հաստատված՝ այսօր արդեն տնտեսագիտության դոկտոր Նորիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ՝ հայրենի երկրամասի եւ մայր հայրենիքի համար ջանք ու եռանդ չխնայած մի գործիչ, որին էլ «ՀՀ»-ն հրավիրել է զրույցի:
-Պարոն Մուրադյան, նախ խնդրելու եմ խոսել Ձեր ղեկավարած տարիներին շրջանում արված գործերի մասին, այնուհետեւ անդրադառնալ ողբերգության օրվան:
-Կարծում եմ, այսօր էլ շատերը երանությամբ են հիշում Սպիտակի՝ նախկին միությունով մեկ հայտնի կարի արտադրական միավորումը, որտեղ աշխատում էր շուրջ 10 հազար մարդ: Նույնքան կարեւոր էր ու հայտնի նաեւ վերելակների գործարանը: Ես առանձնացնում եմ հատկապես այս երկու խոշոր ձեռնարկությունները, որովհետեւ դրանք կենսական նշանակություն ունեին ոչ միայն շրջանի, այլեւ ծաղկող մեր երկրի համար: Գալով երկրաշարժի օրվան, ասեմ, որ այդ օրը, առավոտյան ժամը 6-ին ինձ հրավիրեցին Կենտկոմ: Ինձ հետ էր նաեւ շրջանի ագրոարդի նախագահը: Մեզ ընդունեց Վլադիմիր Մովսիսյանը եւ խոստացավ, թե հաջորդ տարվա համար ինչ կառույցներ են նախատեսված շրջանում՝ գյուղատնտեսության գծով: Նույն օրը, ժամը 11:15-ի կողմերն ինձ հրավիրեցին բյուրո՝ որպես քարտուղար հաստատվելու համար: Ստորագրելու փաստաթուղթ կար, նորանշանակ քարտուղարներն ստորագրեցին, եւ երբ ես մոտեցա նույնն անելու, զգացի, որ ձեռքս դողում է, չեմ կարողանում գրիչը բռնել: Երկրորդ անգամ փորձեցի՝ ձախով բռնելով աջս: Հենց այդ պահին երկրաշարժը խփեց… Վիճակն ահավոր էր, ես՝ ցայտնոտի մեջ, թե ինչ պիտի անենք: Գիտեի, որ Սպիտակում վթարային շենքեր կան, որոնցից մեկում էլ ապրում էր քույրս՝ իր ընտանիքով: Արագորեն նստեցինք մեքենան՝ հարկավոր էր շուտ հասնել հարազատ քաղաք: Աշտարակի ճանապարհին հանդիպեցինք մեր շրջանի ՆԳ բաժանմունքներից մեկի պետին՝ արյան հետքերով, դեմքը վիրավոր: Հարցումիս, թե ինչ է պատահել՝ պատասխանը եղավ. «Սպիտակն այլեւս չկա…»: Չէի ուզում հավատալ կատարվածին: Մինչ Սպիտակ հասնելը, հասանք Ապարան, մտա քարտուղարի՝ Թամարա Ալոյանի մոտ, ներկայացրի իրավիճակը: Իսկ այստեղ արդեն շատ ու շատ էին սպիտակից ու շրջանից տուժածները: Թամարան անմիջապես կազմակերպեց հրապարակում հավաքված եւ անընդհատ եկող տուժյալների օգնությունը՝ հիվանդանոց, բուժօգնություն եւ հետո՝ Երեւան: Իսկ երբ հասա Սպիտակ՝ երկինքն աչքերիս սեւացավ. ծաղկուն քաղաքը դժոխքի էր վերածվել: Հետո ուղղաթիռով, զինվորականների հետ վերադարձա Երեւան, եղա նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի մոտ, ներկայացրի շրջանի աղետալի վիճակը՝ հավաստելով, որ երկրաշարժի էպիկենտրոնը հենց Սպիտակն է՝ ավերված իր քսան գյուղերով: Ոչ մի կառույց չէր մնացել գոնե կիսավեր. ամեն ինչ հավասարվել էր հողին: Ֆադեյ Սարգսյանն առաջինը զանգահարեց Վրաստան, տեղեկացրեց կատարվածի մասին եւ օգնություն խնդրեց: Եվ նույն օրը փրկարարներ եկան Ջավախքից, բարեկամ հանրապետության այլ շրջաններից՝ իրենց հետ բերելով սննդամթերք, առաջին անհրաժեշտության այլ միջոցներ ու պարագաներ: Իսկ նրանցից առաջ, կարող եմ ասել՝ մերկ ձեռքերով ավերված քաղաք հասան ապարանցիները, ուսանողական խմբեր՝ մայրաքաղաքից: Նույն գիշերը, ժամը 4-ին էպիկենտրոն եկավ երկրի ղեկավարը՝ Սուրեն Հարությունյանը, որ այցելել էր Գյումրի, աղետյալ այլ շրջաններ: Իսկ ճանապարհներ չկային՝ ողջը քարուքանդ էր… Դեկտեմբերի 8-ին աղետի գոտում էր նաեւ Նիկոլայ Ռիժկովը եւ առանց Գորբաչովի հետ համաձայնեցման՝ նա երկրում չէր, ելույթով դիմեց տարբեր երկրների՝ շեշտելով, որ աղետն ահռելի է եւ միայնակ անհնարին է փլուզված երկիրը վերականգնել: Դա շատ համարձակ քայլ էր, որը հսկայական օժանդակություն էր բերելու վիրավոր մեր հայրենիքին: Եկան Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ռուսաստանից, միության մյուս հանրապետություններից, աշխարհի տարբեր երկրներից: Կես տարում ահռելի աշխատանք կատարվեց: Չմանրամասնեմ բոլորը:
-Եվ ժամանակներ անց Դուք նախաձեռնեցիք հուշահամալիրի կառուցումը Սպիտակում:
-Այո, այն նվիրված է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին եւ երախտագիտության խորհուրդ ունի հանդեպ այն երկրների կազմակերպություններն ու մարդիկ, ովքեր եկել էին մեր ցավը կիսելու, օգնելու մեր ժողովրդին: Փրկարարներ էին նրանք, բժիշկներ, երկրաբաններ, երկրաշարժագետներ, զինվորականներ, ովքեր անձնուրաց նվիրումով աշխատեցին, որպեսզի դուրս գանք երկիրը պատուհասած դժոխային վիճակից: Այս հուշահամալիրով հայ ազգի շնորհակալական վերաբերմունքն ենք կամեցել հայտնել օտարազգի մեր բարեկամներին:
-Եվ սա Ձեր անձնակա՞ն նախաձեռնությունն է, թե՞… Եվ ...
Կարդալ ամբողջովին