ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը ոչ միայն հրաշալի դերասան է եղել՝ հայտնի իր նուրբ խաղաոճով, այլև մեծահոգի, հոգատար մարդ, որը կարողացել է աշխատել մի քանի կոլեկտիվում՝ բարեկամաբար վերաբերվելով յուրաքանչյուր մարդու: Այդ են փաստում նրա գործընկերները, որոնք երկար տարիներ համագործակցել են լուսահոգի Վանիկ Մկրտչյանի հետ, սիրել ու գնահատել նրան:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վանիկ Մկրտչյանի խաղընկեր Դավիթ Հակոբյանը խոստովանեց, որ բառեր չի գտնում արտահայտվելու համար: Ընկերոջ կորուստը Հակոբյանի համար անսպասելի էր: «Նա շատ հումորով էր, ազնիվ, բարձր պրոֆեսիոնալ էր, հրաշալի խաղընկեր: Վանիկն իմ ընկերն էր, և շատ եմ տխրում, որ կամաց-կամաց հեռանում են ինձ հետ «դու»-ով խոսող մարդիկ: Վանիկը պատրաստակամ էր, նվիրված էր: Շատ եմ ափսոսում»:- Ասաց Հակոբյանն ու հավելեց, որ Մկրտչյանի ընտանիքի հետ շատ է կապված. Վանիկ Մկրտչյանի որդին՝ Վարդան Մկրտչյանը Դավիթ Հակոբյանի աշակերտն է եղել: Հակոբյանը համբերություն մաղթեց Վանիկ Մկրտչյանի հարազատներին ու ընկերներին:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց, որ դժվարությամբ է հավատում, որ Վանիկ Մկրտչյանն այլևս իրենց հետ չէ: Ընդամենը մի քանի օր առաջ են հանդիպել թատրոնում, քննարկել համավարակի տարածման, պատերազմի, ներկայացումներով նորից հանդես գալու և այլ հարցեր: Մկրտչյանը նշել է, որ շատ է կարոտել բեմն ու շուտափույթ ցանկանում է նորից խաղալ: «Կյանքով լեցուն պրոֆեսիոնալ էր: Նա իրեն մշտապես ստեղծագործական գործընթացում էր տեսնում: Արտիստ էր, որն ավելի քան 45 տարի խաղացել է մեր թատրոնի բեմում: Անդավաճան ընկեր էր, որի աշխատանքային կենսագրությունը Պարոնյանի անվան թատրոնում է սկսկվել: Վանիկ Մկրտչյանը հանդես է եկել մեր բեմի հսկաների՝ Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգրյանի, Մելինե Համամաջյանի, Մայիս Կարագյոզյանի և այլոց հետ: Մկրտչյանի ներկայությունը թատրոնում մեր երիտասարդներին, միջին սերնդի դերասաններին մեծ ուժ էր տալիս»,-ընդգծեց Շահբազյանը:
Նրա խոսքով՝ Մկրտչյանը քիչ էր խոսում և շատ էր լսում, բեմում գույն էր, և թատրոնի ամենազբաղված դերասաններից: «Տիրապետում էր ոչ միայն դերասանական վարպետությանը, այլև հրաշալի երգում էր: Նրա մահը թատրոնի համար մեծ կորուստ է: Մենք կորցրել ենք և՛ լավ արտիստի, և՛ լավ ընկերոջ»,- եզրափակեց թատրոնի տնօրենը:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը Վանիկ Մկրտչյանին շատ լավ ընկեր է համարում, քանի որ նա կարող էր աջակցել յուրաքանչյուր պահի: «Շատ հոգատար էր: Թատրոնում շատ կարևոր նշանակություն ունի կոլեկտիվը, էական է, որ մեկը մյուսին թիկունք լինի, իրար օգնեն ու ...
Կարդալ ամբողջովին