Արդեն երկու օր է, Ազգային ժողով-կառավարություն հարաբերություններում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել:
Չորեքշաբթի օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նոյեմբերի 16-17-ին երկօրյա այցով Մոսկվայում էր` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Երեկ կեսօրին էլ ԱԺ լիագումար նիստում սկսվեց 2017թ. բյուջեի նախագծի քննարկումը, որին կրկին վարչապետն ու փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկա չէին: Նախկին վարչապետները բոլոր դեպքերում աշխատել են իրենց գործուղումների օրակարգն այնպես դասավորել, որ թե՛ հարցուպատասխանի, թե՛ բյուջեի նախագծի քննարկման գոնե սկզբում ԱԺ դահլիճում լինեն: Իհարկե, կարող ենք ասել, որ նախկինում Հայաստանը ԵԱՏՄ անդամ չէր եւ պարտավորված չէր Մոսկվայում կամ անդամ որեւէ երկրի մայրաքաղաքում նման նիստերի մասնակցել, կամ այդ նիստերը բարեբախտաբար չեն համընկել նման քննարկումների հետ, բայց մյուս դեպքում էլ հատկապես հարցուպաասխանի ժամանակ վարչապետը Սահմանադրության ուժով է պարտավոր լինել ԱԺ-ում: Իսկ բյուջեի քննարկման ժամանակ վարչապետի հետ միասին պետք է նաեւ կառավարության մյուս անդամներն էլ ներկա լինեին, քանի որ դա երկրի թիվ մեկ քաղաքական օրենքն է, որն ԱԺ է ներկայացվում տարին մեկ անգամ:
Մինչդեռ, երբ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը սկսեց ներկայացնել նախագիծը, կառավարությունից միայն ինքն էր ԱԺ-ում: Ավելի ուշ, իհարկե, ծուլորեն մի քանի նախարարներ ժամանեցին, բայց այդ վիճակն այնքան անմխիթար էր, որ անգամ որեւէ բան չնկատող, խորհրդարանի աշխատանքների նկատմամբ խորը անտարբերություն որդեգրած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին դա դուր չեկավ: «Իհարկե, սկսում են բյուջեի քննարկումները, բայց այս տարիների ընթացքում առաջին անգամ եմ տեսնում, որ բյուջե ենք քննարկում, բայց կառավարությունն այստեղ չի: Այսպիսի՞ բան: Զարմանալի պատմություն է»,- ընդամենը մի թեթեւ նեղսրտեց Գ. Սահակյանը:
Վարդան Արամյանը ներողություն խնդրեց, բայց դա այն հարցը չէր, որ ներողությունով փակվեր: Ընդունենք՝ Հայաստանի վարչապետի համար դժվար, անգամ անհնար էր այդ օրերին Մոսկվայում չլինելը, սակայն բյուջեի քննարկման ժամանակ այդ ներկայությունն ապահովելը շատ էլ հնարավոր էր: Հատկապես որ երեկ օրվա ընթացքում վարչապետն ու փոխվարչապետն արդեն Երեւանում էին: Նրանք օրվա երկրորդ կեսին ընդունել էին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Թեեւ այս դեպքում էլ կարելի է մտածել, որ չէին կարող այդ հանդիպումը բաց թողնել ու ԱԺ գալ, բայց կարող էին գոնե բյուջեի նախագծի քննարկումներն ընդամենը մեկ օրով հետաձգել: Հատկապես որ այն շարունակելու համար այսօր արտահերթ նստաշրջան է հրավիրված:
Այս դեպքում դժվար է ասել, Կարեն Կարապետյանն այդ ներկայությունը չէ՞ր կարեւորել, թե ընդամենը երկու ամսվա փորձառություն ունենալով՝ չէր գիտակցել, որ իր եւ իր նախարարների ներկայությունն ԱԺ-ում պարտադիր է: Բայց վարչապետը միայնակ չէ, նա ունի ԱԺ-ի հետ հարաբերությունները կարգավորող հատուկ աշխատողներ, վերջապես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այն պաշտոնյան է, որ այդ ամենը քաջ գիտակցում է: Նա գերազանց գիտի թե՛ ԱԺ-ի, թե՛ կառավարության գործունեությունն ու հարաբերությունները միմյանց հետ: Այդ դեպքում կարելի է մտածել, որ կամ՝ Դ. Հարությունյանն այդ մասին զգուշացրել է Կ.Կարապետյանին, բայց վերջինս դա չի կարեւորել, կամ էլ նա հարկ չի համարել վարչապետին այդ մասին ասել, ու այդպիսով ԱԺ-ում ստեղծվել է աննախադեպ վատ իրավիճակ:
Բայց այս դեպքում էլ գոնե Գա...
Կարդալ ամբողջովին