-Սրբազան, նախ պիտի խնդրեմ խոսեք Ձեր, Ձեր անցած ճանապարհի մասին,- այսպես սկսվեց մեր զրույցն ուսումնական եզակի այս հաստատության դեկանի հետ՝ յուրօրինակ պատկերասրահ հիշեցնող իր աշխատասենյակում:
-Ծնվել եմ Էջմիածնում, պարզ, սովորական հայ ընտանիքում: Մայրս, հայրս հավատավոր, մաքուր, զուլալ մարդիկ էին, ինչպես բոլորի համար՝ իրենց ծնողները: Դպրոցից հետո ընդունվել եմ հոգեւոր ճեմարան: Այն ժամանակ այսպես էր կոչվում այս կրթօջախը, որովհետեւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի շենքը դեռ գործում էր որպես քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի թանգարան: Ընդունվել եմ 1989-ին՝ Վազգեն Ա Վեհափառի ժամանակ, ավարտել եմ 1994-ին, ձեռնադրվել սարկավագ, մեկ տարի հետո՝ հոգեւորական քահանա: Ավարտելուց հետո եկեղեցական երաժշտություն եմ դասավանդել հոգեւոր ճեմարանում: Ասեմ, որ շատ հետաքրքիր՝ հոգեւոր երաժշտության, մշակութային զարթոնքի տարիներ էին: Որքան հիշում եմ, 1997 թ. ՀՀ մշակույթի նախարարության եւ գերմանական Սաքսոնիա երկրամասի նույնանուն նախարարության միջեւ պայմանագիր եղավ, որ գերմանական պետական կրթաթոշակով Հայաստանից երկու ուսանող կարող են մեկնել Գերմանիա՝ հոգեւոր երաժշտության բարձրագույն դպրոցում սովորելու: Այդ պայմանագիրը երջանկահիշատակ Ստեփան Լուսիկյանի՝ այն ժամանակվա մեր մշակույթի փոխնախարարի ջանքերի արդյունք էր: Եվ եղավ ընտրություն՝ մեկը՝ կոնսերվատորիայից, մյուսն ինձ բախտ վիճակվեց: Մեկնեցինք Հալե քաղաք, ընդունվեցինք Ավետարանական եկեղեցական երաժշտության բարձրագույն դպրոց, որը գործում է նաեւ այսօր: Ուսանելուց հետո ջանացի յուրացնել նաեւ գերմաներենը՝ հաճախելով հատուկ, ամենօրյա դպրոց: Այնուհետ ուզեցի խորանալ կանոնական իրավունքի մեջ եւ դիմեցի Մարտին Լյութերի անվան համալսարան՝ ընդունվելով իրավագիտության ֆակուլտետ, մեկ տարի սովորեցի «Պետություն եւ եկեղեցի» բաժնում, բայց, քանի որ ավետարանական համալսարան էր (կանոնական իրավունքը եկեղեցական իրավունքն է՝ միայն մեկ տարվա կուրսով), ստիպված եղա տեղափոխվել Մյուստեռ Վեստֆալենի՝ Կայզեր Վիլհելմի կաթոլիկ համալսարան, որի աստվածաբանության ֆակուլտետում գործում էր կանոնական իրավունքի ինստիտուտ. այստեղ պատրաստում են եկեղեցական դատավորներ, փաստաբաններ, որոնք կարող են կաթոլիկ եկեղեցու դատարաններում քննել ամուսնա-իրավական եւ ամենատարբեր հարցեր: Ինչեւէ, շատ հետաքրքիր շրջան էր ուսումնառության իմ այդ փուլը: Երախտագիտությամբ եմ հիշում իմ դասախոսներից պրոֆեսոր Գոլցին, ով շատ հայասեր մարդ էր եւ Հալեում հիմնեց «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, որտեղ բազմաթիվ կարեւոր եւ հիշարժան միջոցառումներ կազմակերպվեցին: Այժմ համապատասխան կադրերի բացակայության պատճառով կենտրոնը, ցավոք, միացել է արեւելագիտության ինստիտուտին:
Անպայման ուզում եմ հիշատակել, որ այնտեղ իմ գերմանացի ընկերների հետ հաճախ համերգներ էինք տալիս, կազմակերպում հայ-գերմանական եկեղեցական երաժշտության երեկոներ՝ ընդգրկելով Բախի, Շուբերտի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի գործերից: Լսել էի, որ Հալեում հայեր կան՝ Հայաստանից եկած, այսպես կոչված, ծպտյալ հայեր, եւ որոշեցինք հայտնաբերել: Կազմակերպեցինք հայ-գերմանական հոգեւոր երաժշտության երեկո՝ տարածելով հայտարարություններ: Երբ Հալեի հին եկեղեցիներից մեկում արդեն սկսելու էինք համերգը, վերեւից նայեցի՝ տեսնեմ ողջ սրահը լցված է հայերով: Ավարտին շփվեցինք, զրուցեցինք մեր հայրենակիցների հետ, հետո կազմեցինք ժամանակավոր վարչություն, եւ օրեր անց հիմք դրվեց սաքսոնահայ համայնքին: Երեսուն հայ ընտանիք կար, օրական մեկին հյուր էի գնում: Բոլորը հայտնվում էին հյուընկալի տանը: Հաջորդ օրը մյուսի հյուրն էի, եւ նորից՝ նույնը. հիմա էլ շուրջբոլորի հայերն այդ տանն էին հավաքվում: Եվ այդպես՝ երեսուն օր շարունակ: Արդյունքում համայնքն ավելի կուռ ու ամբողջական դարձավ, վարչության կանոնադրությունը հաստատվեց, պատարագներ տրվեցին, կատարվեցին ծեսեր, ստեղծվեց Հայտունը, եկեղեցի ունեցան, համայնքն աշխուժացավ: Ասեմ, որ Գերմանիայում ունենք փոքրաթիվ, բայց հայրենանվեր գործարարներ, ովքեր մեծ գործեր են անում՝ հիվանդանոցների վերանորոգում, մանկապարտեզներ, կրթաթոշակներ սովորողների համար… Ինչեւէ: 2004 թ. Վեհափառի հանձնարարությամբ վերադարձա հայրենիք եւ նշանակվեցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ, մեկ տարի հետո՝ աստվածաբանական ֆակուլտետի դեկան: 2006-ին ձեռնադրվեցի եպիսկոպոս: Պաշտպանեցի դոկտորական ատենախոսություն, երեք տարի հետո ստացա պրոֆեսորի կոչում:
-Հետաքրքիր կենսագրություն՝ բարձրակարգ ուսումնառություն, օտար երկրում համայնքի ստեղծում, գիտական կոչումներ, այժմ էլ պատասխանատու պաշտոն: Ուրախ եմ, սրբազան: Այժմ գանք Ձեր ղեկավարած ֆակուլտետին՝ ե՞րբ է ստեղծվել, ո՞ւմ նախաձեռնությամբ, ինչպիսի՞ ծրագրերով է իրականացվում ուսուցումը:
-Ֆակուլտետը բացվել է 1995 թ.՝ երջանկահիշատակ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի ջանքերով՝ շատ պատրաստված, գիտական մտքի մեծ պաշարի տեր մի անհատականություն, որին հասնելու համար մենք դեռ շատ պիտի աճենք: Ի դեպ, պիտի շեշտեմ, որ Երեւանի պետհամալսարանը նախկին Միության երկրներում միակ բուհն է, որն այսօր ունի աստվածաբանության ֆակուլտետ: Դա հաջողացնելը, ինչ խոսք, դժվար է եղել, որովհետեւ խորհրդային մտայնություն ունեցողներ շատ են եղել եւ ամեն ինչ արել են այն չունենալու համար, բայց մեր շատ սիրելի Աճեմյանը կարողացել է: Այս առումով երախտապարտ պիտի լինենք նաեւ այն ժամանակվա իշխանություններին՝ ընդառաջելու համար: Ինքս ֆակուլտետը ղեկավարում եմ 2005 թվականից: Այն ուներ երկու ամբիոն՝ աստվածաբանություն եւ կրոնագիտություն: Ընթացքում բացեցինք նաեւ Հայ եկեղեցու պատմության ամբիոնը: Եղավ ...
Կարդալ ամբողջովին