Մարտիրոս ՍԱՐՅԱՆ
Կանցնե՞ր, արդյոք, հայ գեղանկարչության նահապետի մտքով, որ իրեն՝ վրձնի կախարդին փառավորած Մինասի երկրային կյանքին էլ էր քիչ ժամանակ մնացել, որ նա ապրելու էր իր ուսերին առած տասնամյակների կեսը միայն՝ ընդամենը 47 տարի: Բայց այդքանն էլ բավական էր, որ բնատուր տաղանդով օժտված նկարիչը շռնդալից մուտքով ներխուժեր հայ գեղանկարչության խտաբնակ անդաստան եւ իր շքեղ վրանը խփեր այնտեղ: Հայ քանդակագործության հսկան ու նկարիչը՝ Երվանդ Քոչարը, սքանչանալու էր. «Մինասը նկարչական աշխարհում երեւույթ է, նրա նկարները զրնգուն հնչողություն կունենան Փարիզի նման նկարչական արվեստի կենտրոնում՝ արվեստների մայրաքաղաքում…»:
Հայ գեղանկարչական արվեստը մի նոր աստիճանի բարձրացրած Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թ., Ախուրյանի լեռների գոգավորության մեջ ծվարած Ջաջուռ գյուղում: Նրա մայր Սոֆոն կարսեցի քահանայի դուստր էր, հայրը՝ վեց քույրերի միակ եղբայր, մշեցի դարբին Կարապետը: Նկարչի կնոջ՝ Գայանե Մամաջանյանի վկայությամբ՝ մոր փեշերից անբաժան Մինասը մի անգամ որտեղից որտեղ ճարած գունավոր լաթեր է բերել մորը եւ խնդրել, որ դրանք կարի իր հագուստին… Ասել է, թե դեռ այդ հասակից էր նրա ներաշխարհը լցված գույներով…Իսկ Հայրենականի տարիներին Ջաջուռի լեռներում պատահական հանդիպումը նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ բախտորոշ էր լինելու Մինասի համար, եւ նա հասկանալու էր, որ իր կոչումը նկարիչ դառնալն է:
Գեղագիտական կրթությունը ստանում է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետեւ՝ գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա այն շարունակում Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: Հենց այս քաղաքում էլ կազմակերպված խմբակային եւ անհատական ցուցահանդեսներին մասնակցելով՝ Մինասը շռնդալից հաջողություններով մուտք է գործում գեղարվեստի մեծ աշխարհ: Իսկ 1960 թ. Երեւանում բացված առաջին անհատական ցուցահանդեսը տարակարծիք տպավորություն էր թողնելու եւ առիթ դառնալու լուրջ խոսակցությունների: Շատ արվեստագետների համար անընկալելի էր նկարչի անսովոր մտածելակերպը, ու գույները՝ շփոթեցնող: Բայց գալու էր ժամանակը, երբ փարատվելու էր այդ շփոթմունքը՝ վերածվելով հիացմունքի: «Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է,- հետագայում արձագանքելու էր աշխարհահռչակ Գառզուն,- իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է եւ շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ…»:
Շատ արվեստագետների համար ներշնչանքի առաջին աղբյուրն իր հարազատ ոստանն է, իր բնաշխարհը: Այդպես է նաեւ Մինասի պարագայում. նրա ստեղծագործությունների հիմնական թեման հայրենի եզերքն է, իր ծննդավայրի հրաշագեղ բնությունը, այնտեղ ապրող ու աշխատող մարդիկ, արեւից այրված լեռները, տապից խանձված դաշտերը՝ Հայաստանի բնության խրոխտ ու բանաստեղծական մի անկյունը: Լույսի եւ արեւի պաշտամունք ունեցող գեղագետի կտավներում գերակշռում են կարմիրը, կապույտը, դեղինը, նարնջագույնը: Սակայն ամենապայծառ կտավներում անգամ խտացված թախիծ կա ու տխրություն: Դա ապրումների անդրադարձն է կարոտի, երազի, սիրո: Մանկության օրերին գյուղում ստացած տպավորությունների պայծառ ու գունեղ ցոլացումներն են «Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը» եւ այլ գործերում: Իսկ «Ջաջուռ» պատկերաշարը եւ նույնանուն կտավը, ինչպես գեղարվեստի գիտակներն ե...
Կարդալ ամբողջովին