Նարինե Աբգարյանի հետ որոշել էինք հանդիպել Պատանի հանդիսատեսի թատրոնի մոտ: Մինչ ես կհասնեի, նրան արդեն շրջապատել էին փոքրիկ դպրոցականներ ու նրանց ուսուցչուհին, որը երեխաներին ծանոթացնում էր գրողի հետ:Իր գրքերի պես լուսավոր էր Աբգարյանը, BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմեց կյանքի դժվարին օրերի, հաղթահարած հիվանդության, գրելու առանձնահատկությունների ու Հայաստանը շատ սիրելու մասին:
- Ինձ հետ բերել եմ Ձեր գրքերից «Ապրել երկարը». կբացե՞ք պատահական էջ ու կիսվեք, թե ինչպես եք գրել այդ պատմվածքը:
- Շատ լավ է, որ հենց «Սովը» բացվեց: Երբ մտածել էի պատերազմի մասին գիրք գրել, տարբեր պատմություններ ունեի, որոնք ցանկանում էի դրա մեջ ներառել: Պատմվածքի գլխավոր հերոսը ռուս հայտնի դերասանուհի է, որի մայրը հայ է, հայրն՝ ադրբեջանցի: Բաքվի ջարդերի ժամանակ 8 տարեկանում նրան ճամպրուկով հասցրել են օդանավակայան: Ճամպրուկի վրա մեխերով անցքեր են արել, որ կարողանա շնչել, խեղդվելու վախն ամբողջ կյանքում ուղեկցել է նրան, սարսափելի կլաուստրաֆոբիա ունի: Անունը չեմ տա, եթե ցանկանա ինքը կխոսի այդ մասին:
- Գիրքն ամբողջությամբ պատերազմի մասին է, անհնար է առանց արտասվելու կարդալ այն, իսկ Ձեզ ինչպե՞ս են այդ տողերը տրվել:
-Գիտեք, թե ես ինչքան եմ արտասվել: Շատ դժվար էր, գիրքը գրելու ընթացքում 6 կգ նիհարեցի. ուզում էի 40 պատմվածք ներառել, բայց 30-ով սահմանափակվեցի: Հոգեկան մեծ լարում էր պահանջում, ցանկանում էի հույզերը հնարավորինս քչացնել, որ ավելի քիչ ճնշեմ ընթերցողին: Բայց պատերազմի մասին անհնար է հեշտ պատմել: Երեւի, պատերազմի մասին գրելու իմ առաջին ու վերջին փորձն էր: Գուցե առանձին ինչ-որ պատմվածքներ կլինեն, բայց ոչ՝ ամբողջական գիրք. ո՛չ հոգեպես, ո՛չ էլ ֆիզիկապես դրան պատրաստ չեմ:
-2020-ի պատերազմը մեծ ցավ էր մեզ համար, ի՞նչ էր Ձեզ համար այս տարիքում նորից նման բանի ականատես դառնալ:
-Ախր, մենք այն բավական միամիտ սերունդն ենք, որը համոզված էր՝ նորից պատերազմ չի տեսնելու: Մինչեւ խելքներս գլուխներս չհավաքենք, ճիշտ ենթադրություններ չանենք ու դասեր չքաղենք, մեր գլխին այդ արհավիրքը պտտվելու է: Չկարողացանք մեր անկախությունը ճիշտ ըմբռնել եւ ամեն մեկս պատասխանատվություն կրել: Ես էլ մեղավոր եմ, տասնյակ անգամներ եկել եմ իմ երկիր, տեսել բազմաթիվ սխալներ, այդ մասին խոսել եմ, բայց հետո նորից հեռացել. որեւէ բան չեմ արել փոխելու համար:
- Ինչի՞ց սկսել, որ այս անվերջանալի թվացող քաոսից կարողանանք ազգովի դուրս գալ:
- Ժամանակ է պետք, որ այս հողմապտույտը հանգստանա: Համարում եմ, որ պետք է շարունակենք շատ աշխատել: Ռուբեն Վարդանյանը ճիշտ է ասում՝ եթե հիմա հասկանանք, թե ինչ են ասում այն մարդիկ, որոնք ուզում են փշուր-փշուր եղած երկիրը հավաքել, գոնե մի փոքր ջանք ներդնենք նրանց օգնելու համար, ապագա կունենանք:
- Եկեք անցում կատարենք Ձեզ: Ինչպե՞ս պաղպաղակ վաճառել ցանկացող աղջնակը մեծացավ ու դարձավ գրող:
- Կյանքիս ընթացքում պարբերաբար ինչ-որ բաներ գրելու անօգնական փորձեր եմ արել, բայց լուրջ չեմ վերաբերվել դրանց: Ուսանող տարիներին օրագրեր էի պահում, հետո երբ կարդացի, հասկացա՝ եփած հավի ծիծաղն էլ կգար: Ամբողջ կյանքում պրոֆեսիոնալ ընթերցող եմ եղել, երբեք չեմ մտածել գրող դառնալու մասին: Եթե համացանցը չլիներ ու բլոգներ չբացվեին, ես երբեք գրող չէի լինի: Պարզապես ուրիշների օրինակին հետեւեցի ու որոշեցի գրել, քանի որ պատմելու բան ունեի (ծիծաղում է,-հեղ.):
- Ինչի՞ մասին էիք ուզում պատմել ու կիսվել մարդկանց հետ:
- Իմ սերնդի մանկությունն ավարտվեց, երբ երկրաշարժ եղավ ու պատերազմ սկսվեց: Միակ լուսավոր ժամանակը, որ մեծ հաճույքով կուզեի վերադառնալ, հենց մանկությունն է: Այդ պատճառով սկսեցի այդ տարիների մասին պատմվածքներ գրել, հետագայում դրանց հիման վրա եղավ «Մանյունյա» գիրքն ու սկիզբ դրվեց գրողի իմ կարիերային: Շատ շնորհակալ եմ Աստծուն, որ այսպիսի զբաղմունք ունեմ, այն ինձ հագեցնում է, օգնում, սովորեցնում: Այնպես որ, երջանիկ մարդ եմ:
- Իսկ ի՞նչ է սովորեցնում:
- Համբերություն, աշխատասիրություն, ներողամտություն: Մի քանի օր առաջ Երեւանի մասին պատմվածք էի տեղադրել իմ բլոգում, ու շատ կոշտ մեկնաբանություններ եղան, որ իրավունք չունեք Երեւանում ջազ լսել, երբ Հայաստանն այս վիճակում է: Բացարձակ չեմ հասկանում այդ հոգեբանությունը. մենք ապրելու իրավունք ունենք, պետք է նաեւ ամեն ինչ անենք, որ մխիթարենք ծանր հոգեվիճակում հայտնված մարդկանց:
-«Մանյունյան» Ձեր ամենալուսավոր ու բարի գրքերից է, այն ընտանիքի, ընկերության ու սիրո մասին է: Ի՞նչ եք ցանկացել փոխանցել ընթերցողին:
- Պարզապես գրել եմ: Երեւի սխալ է նախապես մտածել ասելիքի մասին: Ընթերցողը հիմար չէ, հենց սկսում ես նրան սովորեցնել ու ուղղորդել, զայրանում է: Դու պարզապես պատմում ես, ամեն մեկն իր ունակությունների ու կարողությունների չափով է գնահատում: Արդյունքում`շատ տարբեր ընկալումներ են լինում գրքի վերաբերյալ: Մեկ-մեկ իմ մասին այնպիսի բաներ են գրում, հերոսներիս այնպիսի տեսանկյունից վերլուծում, որ շշմում եմ: Մտածում են, թե ես հանճար եմ, բայց նման բան անգամ մտքումս չեմ ունեցել (ծիծաղում է, -հեղ.):
- Սկսել եք ստեղծագործել այն ժամանակ, երբ դեպրեսիա եք ունեցել ու Ձեզ հիվանդություն են ախտորոշած եղել: Կպատմե՞ք այդ շրջանը հաղթահարելու մասին:
- 36 տարեկանում ինձ ցրված սկլերոզ էին ախտորոշել. շատ ուժեղ գլխացավեր ունեի, երբեմն այնքան ուժեղ, որ չէի տեսնում: Չգիտեի էլ՝ ինչ հիվանդություն է, հետո պարզեցի, որ այդ ախտորոշմամբ երկար չեն ապրում: Երբ կրիտիկական իրավիճակում ես հայտնվում, հիստերիկա չի լինում, մոբիլիզացնում ես բոլոր ուժերդ, եւ ուղեղդ սկսում է հստակ աշխատել: Ամեն ինչ պլանավորել էի. ո՞ւմ հետ է երեխաս ապրելու, ի՞նչ եմ անելու: Այդպես 3 տարի ապրել եմ, վախ կամ ընկճվածություն չկար, բայց հոգեկան ծանր վիճակում էի ու դեպրեսիա ունեի: Հարաբերություններն էլ ամուսնուս հետ այդքան լավ չէին: Ու այդ ընթացքում, երբ հասկանում էի, որ ապագա չունեմ, նստեցի ու սկսեցի զվարճալի պատմություններ գրել:
- Երեւի Ձեզ այդ վիճակից դուրս բերելու միակ ու ճիշտ ելքն էր, ու հենց ինքներդ եք Ձեզ փրկել:
-Գուցե: Ես էլ Բարոն Մյունհաուզենի պես ինձ մազերից քաշելով հանեցի այդ իրավիճակից: Երբ «Մանյունյան» հրապարակվեց, ախտորոշումս էլ հերքվեց: Մի հիանալի բժշկի մոտ էի, պրոֆեսոր էր ու իսկական գեղեցկուհի, ասաց. «Բալա ջան, քեզ մոտ սահմանային վիճակ է, ոչ կարող եմ հաստատել ախտորոշումը, ոչ էլ՝ հերքել: Դու պետք է որոշես՝ հիվա՞նդ ես, թե՞ ոչ: Գնա ու ապրի»: Հավատացի իրեն, հիվանդանոցից մինչեւ մետրոյի կայարան արտասվել եմ, շորերս մզելու էին (ծիծաղում է,- հեղ.): 3 տարվա արցունքները թափվեցին, այդ ժամանակ առաջին ու վերջին անգամ այդ պատճառով լաց եղա:
- Գրելը բավական դժվար է, այն սովորական աշխատանք չէ, որ 9-ից գնաք ու որեւէ ժամի ավարտեք:
- Այ, այդպես էլ պետք է աշխատես. մտածես, որ գործի ես գնացել: Գրելն իսկապես դժվար է, ոչ միայն հոգեբանորեն ես լարվում, այլ նաեւ ֆիզիկապես: Ավարտելուց հետո այնպիսի տպավորություն է, որ տուն ես մաքրել կամ վազել: Ուրիշ բաղադրատոմս չկա, պետք է ամեն օր գրել, ես առավոտյան թարմ գլխով աշխատելն եմ նախընտրում: Ամեն օր պետք է գոնե 1 էջ մաքուր տեքստ ունենամ: Մեկ-մեկ չի ստացվում, զայրանում եմ, կամ ավելի շատ գրում ու գովում ինձ: Մարդիկ պատկերացնում են, թե մուսա ունես, գալիս է, ու դրանից ոգեւորված՝ անընդհատ գրում ես: Ամեն ինչ իրականում այդպես չէ. եթե ամիսը մեկ անգամ գոնե նա քեզ այցելի, արդեն մեծ երջանկություն է: Քեզնից բառեր ես հանում, պատմություններ ստեղծում ու հիմնականում ինքդ էլ չգիտես, թե այն ինչպես կավարտվի: Ես երբեք վերջաբանը չեմ իմանում:
- Անդրադառնանք Ձեր վերջին գրքին՝ «Սիմոն»-ին: Այն հումորով, հուզիչ ու կենդանի պատմություն է: Ինչպե՞ս ծնվեց բոլորին սփոփող ու կանանց երջանկացնող տղամարդու կերպարը:
- Ամեն ինչ սկսվեց թաղման պատմությունից. առանձին պատմվածք էր, ու մտադրություն չունեի գիրք դարձնել: Պարզապես գլխավոր հերոսուհիներն ինձ հանգիստ չէին տալիս, եւ երբ մեր շրջանի նախկին դատախազը պատմեց Սիլվայի պատմությունը, եկավ գրքի գաղափարը: Մեզ մոտ մեղադրելն ավելի լավ է ստացվում, քան փորձել հասկանալ ու ներել: Այս գիրքն այն մասին է, որ ոչ մի հանդիպում պատահական չէ. քո կյանքում հայտնված ամեն մարդ սովորեցնում է քեզ ու ինքն էլ սովորում, ու ինչ էլ լինի հետո, որքան էլ ցավոտ բաժանվեք, պետք է շնորհակալ լինել: Իմ ամբողջ ցանկությունը Սիմոնի միջոցով ներելու ու հասկանալու մասին գրելն էր: Նա իմ ամենասիրելի հերոսներից է, ինքն էլ չի հասկանում, թե մյուսների համար ինչ է արել:
- «Սիմոնը» «Մեծ գիրք» գրական մրցանակի ընդլայնված ցանկում է, ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Մեծ սպասելիքներ չունեմ, քանի որ մոտավորապես գիտեմ այդ մրցանակի ներքին խոհանոցը: Ընդլայնված ցանկում ընդգրկվելու համար էլ շնորհակալ եմ, առավել եւս, որ շատ ազգային գրող եմ, իմ գրեթե բոլոր գրքերը հայերի մասին են: Ինձ համար մեծ պատիվ է, որ Ռուսաստանում նկատել են իմ աշխատանքը, դա արդեն իսկ մեծ հաջողություն է:
- Ձեր գրքերը յուրահատուկ սիրո խոստովանություն են Բերդին ու այն հայտնի են դարձրել: Քաղաքի ո՞ր հատվածն է շատ թանկ Ձեզ համար:
-Իմ մանկության տունը, որտեղ մեծացել եմ, թթենին, որը, ցավոք, էլ չկա: Իմ մանկության մեծ մասն անցկացրել եմ այդ թթենու վրա ու ամեն ինչ վերեւից եմ հիշում (ծիծաղում է, -հեղ.): Տատիկս փռից տաք հացը հանում էր, մեջը պանիր, տնական կարագ ու կանաչի դնում եւ բաժանում երեխաներին: Բարձրանում էինք ծառն ու համով-համով ուտելով՝ նայում, թե մեծերն ինչ են անում: Իսկ նրանք լոբի կամ պոպոք էին մաքրում մուրաբայի համար:
- Ինչ լավ է ուտելիքներից խոսեցիք: Ձեր գրքերում էլ կերակուրներ միշտ կան ու շատ համով են նկարագրված:
- Սնունդը կյանքի մեծ մասն է, դու այն ես, ինչ ուտում ես: Լոլիկի հոտն իմ ամենասիրելին է, երբ պոկում ես պոչն ու զգում այն: Խանութում ինձ երեւի խելագարի տեղ են դնում. ամեն ինչից հոտ եմ քաշում: Երբ մանկությանս հոտերն առնում եմ, չեք պատկերացնի՝ ոնց եմ ուրախանում: Հոտերը, համերը, գույները, ձայները շատ կարեւոր են: Ասում են, երբ հեղինակը շատ է գրում ուտելիքի մասին, ուրեմն՝ դիետա է պահում: Մի հետաքրքիր բան պատմեմ՝ ուսանողական տարիներին շատ էինք սոված մնում, միշտ ուտելիքի պակաս կար: Մի անգամ շատ սոված էինք պառկել, ու Եղեգնաձորից մեր ընկերուհին պատմեց՝ ինչպես են թոնիրում գառ խորովում, այնքան համով էր նկարագրում՝ կշտացած քնեցինք: Երբ սով ես ապրած լինում, սննդի մասին ավելի ստույգ ես գրում:
- Իսկ ինքներդ ի՞նչ եք սիրում պատրաստել:
- 15 տարեկանից պատրաստում եմ ու արդեն հոգնել եմ դրանից: Բայց փորձարկումներ անել ու նոր բաղադրատոմսեր սիրում եմ: Հայերս կանաչեղեն ենք շատ ուտում, ընկերս կատակում է, որ մենք աշխարհի ամենականաչակեր ժողովուրդն ենք, դրա համար կովերը մեզ ատում են: Երբ հյուր եմ ունենում, անպայման շուշան ու սիբեխ եմ հյուրասիրում: Այդ ուտելիքը մեզ յուրահատուկ է դարձնում, մինչդեռ ամաչում ենք դրանից: Առհասարակ, ամաչում ենք նրանից, ինչը մեզ հայ է պահում: Նախ պետք է մեզ ճիշտ ընդունենք, հասկանանք համաշխարհային պատմության մեջ մեր դերն ու ներդրումը: Մենք հասարակ ու պարզ ժողովուրդ ենք, ու պետք չէ ամաչել գյուղական կենցաղից ու սիրուն տներից: Բոլորը սվաղել են ու միանման դարձրել, ախր, մենք այնքան լավ մշակույթ ունենք: Սիրենք մեզ այնպիսին...
Կարդալ ամբողջովին