Այսօր առավոտից մայրաքաղաքում սովորականից ավելի աշխույժ ու տոնական էր: Եռուզեռ, ծաղիկներ, կարմիր սրտաձեւ փուչիկներ, նվերների տոպրակները ձեռքերին սիրահար զույգեր եւ բազում ժպտացող դեմքեր: Այս ամենի «մեղավորը» փետրվարի 14-ի տոնն է՝ աշխարհի շատ երկրներում նշվող Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը:
Վերջին տասնամյակում Հայաստանում հատկապես Երեւանում այս տոնը նշում են առավել մեծ ոգեւորությամբ ու սպասումով: Չնայած եկեղեցականները շարունակում են պնդել, որ մենք այս տոնի սեփական տարբերակն ունենք` Սուրբ Սարգսի օրը, միեւնույն է՝ այն տարեցտարի ավելի լայն թափով է նշվում:
Կոնֆետներ, ծաղիկներ, անվանական բաժակներ ու շապիկներ, կարմիր սրտաձեւ փուչիկներ ու բացիկ. Սուրբ Վալենտինի օրվա ամենատարածված նվերները շարունակում են մնալ հիմնականում սրանք: Այս օրը նվերների խանութներում գերակշռում է կարմիր գույնը եւ ինչպես ծաղկավաճառներից մեկը կեսկատակ ասաց՝ այսօրվա գույնը կարմիրն է, եթե ոչ մի ծաղկի գին չբարձրանա, կարմիր վարդը, միեւնույն է, թանկացնում են:
«Հայկական ժամանակի» այցելած խանութներում հայտնեցին, որ այս տարի ե՛ւ իգական ե՛ւ արական սեռի ներկայացուցիչները հիմնակնում տուփեր են գնել՝ դրանք զանազան կոնֆետներով լցնելու նպատակով: «Բոլոր դեպքերում նախընտրում են համեմատաբար մատչելի բաներ, անգամ տուփեր առնելիս են մի քանի հարյուր դրամի մեջ են տատանվում»,- ասաց խանութի աշխատողը:
«Նախորդ տարիներին, եթե փափուկ խաղալիքներ սրտիկ բարձեր եւ նմանատիպ բաներ էին առնում, հիմա անգամ զեղջերի դեպքում չեն վերցնում: Գնալով մոտեցումը, նախասիրությունները փոխվում են, մարդիկ ավելի թեթեւ, բայց օրիգինալ բաներ են նախընտրում: Հիմա շատ նորաձեւ են տուփի մեջ հավաքած նվերները՝ փոքր խմիչք է՝ կողքին որեւէ հուշանվեր ու քաղցրավենիք: Մեկը կար, եկավ գարեջրի համար տուփ վերցրեց, կողքերը երիշկեղեն ու պանրի տեսականի էր լցնելու»...
Կարդալ ամբողջովին