Նախևառաջ պետք է փաստել, որ ՀՀ արտգործնախարարի այցն իրապես խորհրդանշական էր: Մերձավոր Արևելքում ՀՀ պետական շահերն առաջ մղելու, տարածաշրջանային գործընկեր պետությունների հետ քաղաքական երկխոսությունն ու համակողմանի համագործակցությունը ակտիվացնելու, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում ակտիվ ներգրավվելու, տարածաշրջանային զարգացումներից բխող սպառնալիքներին դիմագրավելու և հայ համայնքներին հուզող խնդիրների լուծումներ տալու նպատակով Հայաստանը հայտարարում է Մերձավոր Արևելքում ՀՀ նոր ինքնիշխան ռազմավարության մասին, որը խարսխված է անցյալ տարի դեսպանահավաքի ժամանակ ամրագրված արտաքին քաղաքական երեք կարևորագույն սկզբունքների՝ ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության վրա: Եվ այս տեսանկյունից Եգիպտոսի ընտրությունը պատահական չէր ինչպես հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների կարևորության, այնպես էլ տարածաշրջանում ընթացող զարգացումների տեսանկյունից:
Այցի արդյունքում հստակ ամրագրվեց երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական համագործակցությունը խորացնելու երկուստեք պատրաստակամությունն ու քաղաքական հարաբերությունների ներուժը: Երկու երկրների միջև գործում է քաղաքական խորհրդակցությունների հարթակը, Միջկառավարական հանձնաժողովը, առաջիկայում նախատեսվում է Եգիպտոսի նախագահի այցը Հայաստան: Երկու երկրները հանդես են գալիս Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում կայունության պահպանման և հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Հատկանշական է, որ Արևելյան Միջերկրականի զարգացումների համատեքստում հայկական կողմը հայտարարեց Եգիպտոսին իր աջակցության մասին. անդրադարձ կատարվեց Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը և ծավալապաշտական քաղաքականությանը, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Կարևոր է ամրագրել նաև, որ Հայաստանը հստակ արձանագրում է, որ իր հարաբերությունները Եգիպտոսի հետ որևէ կերպ պայմանավորված չեն որևէ երրորդ երկրով, այլ բխում են ՀՀ շահերից: Բազմակողմ համագործակցության առումով կարևորվեց միջազգային և տարածաշրջանային կառույցներում, այդ թվում՝ ԵԱՏՄ, Աֆրիկյան միության, ԱՊԼ-ի շրջանակներում փոխադարձ աջակցությունը։ Հայաստանը զգալի ջանքեր է գործադրում Եգիպտոս-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ և շահագրգռված է գործընթացը հաջողությամբ ավարտելու հարցում: ...
Կարդալ ամբողջովին