«Հայրի՜կ, հայրի՜կ, պապը եկել է»,- հորը՝ Մհեր Մկրտչյանին, տուն է կանչում փոքրիկ Ռուբիկը։ Հիշո՞ւմ եք՝ հենց այս դրվագով է սկսվում Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմը։ Ռուբիկը ֆիլմում շինարար Հովսեփի մեծ ընտանիքի ամենակրտսեր անդամն է, որը սիրում է հարցեր տալ ընտանեկան բարդ հարաբերությունների մասին։ Ֆիլմի էկրանավորումից 50 տարի անց հանդիպելով Ռուբիկին՝ Աշոտ Նիկողոսյանին, ես էլ առաջին հերթին հետաքրքրվեցի՝ «Հայրի՛կ, ե՞ս էլ եմ իմ ուրիշ ընտանիքն ունենալու» իր հայտնի հարցի պատասխանը որն է։Աշոտը միակն էր, որի համար դուբլ չի արվել
«Իմ մասնակցությամբ ամենահուզիչ տեսարանը, կարծում եմ, այն է, երբ Ֆրունզիկը քնած է, եւ ես լացում, ասում եմ՝ «Ինչո՞ւ ես բոլորին նեղացնում»։ Ես՝ էդ տարիքի երեխա, պետք է կադրում լաց լինեի, իսկ դա էդքան էլ հեշտ չէր»,- ասում է արդեն 58-ամյա Աշոտ Նիկողոսյանը։
Թեեւ ֆիլմի նկարահանումներից անցել է կես դար, բայց աշխատանքային ամեն մի մանրուք հստակ հիշում է. ով կար այդ պահին նկարահանման հրապարակում, ինչ հրահանգներ էր տալիս ռեժիսոր Հենրիկ Մալյանը։
«Չէի պատրաստվում տանը։ Մինչեւ նկարահանումն ինձ բացատրում էր՝ «Բալա՛ ջան, սենց պիտի անես, նենց պիտի անես»։ Համ էլ ո՞ւր էր էդքան տեքստ, որ մի հատ էլ անգիր անեի. մի քանի նախադասություն էր էլի։ Մալյանն ասել է ծնողներիս, որ Աշոտը միակն էր, որի համար որեւէ տեսարանի կրկնակի նկարահանում(դուբլ) չի արվել»,- նշում է զրուցակիցս։
Նկարահանման հրապարակում հայտնվել էր, կարելի է ասել, բակից. Մհեր Մկրտչյանի մանկության ընկերը՝ Ժորա Հարությունյանը, իրենց շենքում էր ապրում, տեսնելով աշխույժ տղային՝ առաջարկել էր, այսօրվա տերմինաբանությամբ, մասնակցել քասթինգի, որին հավաքվել էին բավական շատ երեխաներ։ Ֆիլմի նկարահանումները տեւել էին ութ ամիս՝ Երեւանում եւ Մոսկվայում։
«Երկուսուկես ամիս Մոսկվայում ենք ապրել, որովհետեւ տաղավարային նկարահանումները հիմնականում այնտեղ էին։ Ու մենք ամբողջ խմբով ուտուշ-խմուշների մեջ էինք, Ֆրունզիկն էր երգում... Ես մինչեւ հիմա էդպիսի երգիչ չգիտեմ»,- վերհիշում է Մհեր Մկչրտչյանի կրտսեր խաղընկերը։ Աշոտ Նիկողոսյանն ասում է, որ «Մոսֆիլմի» նկարահանման ստուդիան 7-ամյա երեխայի համար հսկայական քաղաք էր, որտեղ ամեն ինչ՝ կենդանիների անկյունից մինչեւ ճաշարան, հետաքրքիր էր։ Ի դեպ, ճաշելու դրվագի հետ կապված հետաքրքիր պատմություն կա։ Պարզվում է՝ այդ տեսարանի համար դուբլերն այնքան են կրկնվել, որ ճաշը վերջացել է, ստիպված են եղել պարզապես եռման ջուր ուտել։
Ֆրուզիկի «հայրական» սերը
Աշոտ Նիկողոսյանի համար ֆիլմի հիշողությունները թանկ են առաջին հերթին մարդկանց շնորհիվ։ Ամենաջերմը Մհեր Մկրտչյանի մասին է խոսում. «Ֆրունզիկն ինձ շատ էր սիրում, ու դա փոխադարձ էր, իհարկե։ Այդ շրջանում ինքը մամային ասել էր, որ ինձ էնքան է սիրում, որ Դոնարային համոզել է՝ մի տղա ունենան։ Այ էդպիսի կապ էր»։
Զրուցակիցս վստահ է, որ եթե Մհեր Մկրտչյանը լիներ մեծ ազգի զավակ, աշխարհն ավելի բաց լիներ, նրան կճանաչեին Խորհրդային Միության սահմաններից դուրս։ Աշոտ Նիկողոսյանը յուրահատուկ վերաբերմունք ունի նաեւ ռեժիսորի նկատմամբ. «Մալյանն ու Ֆրունզիկն այնքան ուժեղ էին, որ կարծես մյուսներին խամրեցնեին»։ Նրա խոսքով՝ քչերը գիտեն, որ Մալյանը էքստրասենսի հատկություններ ուներ։ Ջերմ ժպիտով հիշում է նաեւ Ազատ Շերենցին, որի հետ նկարահանող խումբը շատ էր սիրում կատակներ անել։
Նախկին խաղընկերների հետ կապ, ցավոք, Աշոտ Նիկողոսյանը չի պահել, թեեւ շատ կուզեր, որ ֆիլմի 50-ամյակը նշվեր, հավաքվեին, տեսնեին՝ ով կա, ինչպես են ճակատագրերը դասավորվել։ Մի անգամ պատահաբար փողոցում հանդիպել է Շաքե Թուխմանյանին։ «Ասացի՝ Դուք Թուխմանյան Շաքեն եք, չէ՞, պատասխանեց՝ այո՛, ասացի՝ ես էլ Աշոտն եմ։ Նայեց, նայեց, մեկ էլ ճչաց ու փաթաթվեց»,- պատմում է նա։
Դերասանի քրտնաջան աշխատանքը
«Իհարկե, լավագույն ֆիլմերից չէ, բայց ամեն տարիքում նայելիս ինչ-որ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Բացի այդ, նաեւ կան հիշողություններ՝ Սովետ էր, մարդկանց սառնարանները լիքն էին, հարաբերությունները շատ ավելի սուրբ էին։ Հենրիկ Մալյանն էլ էնքան բարձր էր, որ հրամցնում էր էդ համուհոտը, ինքն իր էպոխայի համար սիրուն ֆիլմ է»,- ...
Կարդալ ամբողջովին