«Արմենպրես»-ի թղթակիցը Ջեսահի հետ հաղորդակցվելու, գրքի շուրջ զրուցելու հնարավորություն ունեցավ Գրքի երևանյան փառատոնի շրջանակում, որը մեկնարկել է հուլիսի 31-ին:
«Անանկենդան» վեպն սկսել եմ գրել 2018 թվականից: Յոթ կամ ութ ամսում եմ վերջացրել, սակայն ավելի քան երկու տարի գծագրում էի այն: Անհրաժեշտ էր սյուժետային գիծը պահելու համար այն մասերի բաժանել, հետաքրքիր լուծումներ գտնել: Հերոսը պետք է հայտնվեր մի վայրում, որտեղ նրան հնարավոր չէր լինի գտնել»,-նշում է գրողը:
Ջեսահը կարծում է, որ վեպը կարող է դուր գալ և՛ պատանիներին, և՛ հասուն ընթերցողին: «Կարող ես այնպես գրել, որ ընթերցողների լայն շրջանակը կարդա, բայց գիրքը չկորցնի իր գեղարվեստական արժեքը: Գուցե ժամանակի ընթացքում կարծիքս փոխեմ, բայց հիմա այդպես եմ մտածում»,-ասում է նա:
Ջեսահը վստահեցնում է՝ երբեմն գրողի ներսում մաղձ է կուտակվում, որը կարող է լավ գրականություն դառնալ: Ըստ նրա՝ եթե այն ինչ-որ կերպ չարտահայտես, հնարավոր է՝ թույնը մնա: «Ավելի լավ է գրել և ձերբազատվել դրանից: Պատահում է, որ հետդ «կեղտոտ» դեպք է լինում, որին հետո ցանկանում ես գրական լուծում տալ: Գրում ես ու մոռանում: Հետո ընթերցում ես, զարմանում, որ դու ես նման բան գրել: Ափսոսում ես մոռանալ»,-պատմում է գրողը:
Ջեսահն առաջին անգամ 20 տարեկանում է ստեղծագործել: Խոստովանում է՝ ուղարկել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին, որն այն հավանության չի արժանացրել: Երկար ժամանակ Ջեսահը պարզապես շատ է ընթերցել, երբեմն-երբեմն ստեղծագործել: «Երբ գրեցի «Անանկենդանը» և երկար աշխատեցի այս ստեղծագործության վրա, այն ուղարկեցի Արքմենիկին: Նա հավանեց. հաճելիորեն զարմացած էի»,-անկեղծանում է նա:
...Կարդալ ամբողջովին