Առաջիկայում ևս կլինեն այլ օբյեկտներ կամ խոշոր կազմակերպություններ, որոնց գործունեության կասեցման կամ փակման մասին կհայտարարվի, սակայն տեսչական մարմինը դեռևս անուններ չի կարող հնչեցնել։
«Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը՝ անդրադառնալով խոշոր առևտրի կենտրոններից մեկի՝ «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցմանը:
Ըստ նրա՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական գործառություններ իրականացնել տարբեր տնտեսվարողների, կազմակերպությունների շրջանում։ Վարչապետի հանձնարարականից հետո սկսվել են գույքագրման աշխատանքներ հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում, մեծ առևտրի կենտրոններում, սպասարկման վայրերում:
Հրդեհային անվտանգության նորմերի պահպանման կարևորությունը նորից առաջ մղվեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ժամանակավոր կացարանում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհից հետո, որը, ըստ նախնական տվյալների, բռնկվել էր հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով։
Ողբերգական դեպքի օրը՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարել էր ուշադրություն դարձնել քաղաքացիական այն օբյեկտներին, որտեղ պատշաճ կերպով չեն պահվում հակահրդեհային կանոնները: «Մենք մեծ օբյեկտներ ունենք, որոնք չեն փակվում միայն այն պատճառով, որ չստացվի, թե մի քանի հարյուր մարդու զրկում ենք օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Այս պահից հանձնարարում եմ, որ կոմպրոմիս չպետք է լինի: Այսօրվանից գնացեք և փակեք այն օբյեկտները, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային պայմաններին»,- հրահանգել էր երկրի ղեկավարը:
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանի խոսքով՝ «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման որոշումն ընդունվել էր վարչապետի հանձնարարականից առաջ։ Իսկ հանձնարարականից հետո տեսչական մարմինն արտահերթ խորհրդակցություն է իրականացրել և հստակ հանձնարարականներ տվել տարածքային բաժնի պետերին ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որ հանրապետության ամբողջ տարածքով գույքագրեն այն վայրերը, որտեղ հրդեհի բարձր ռիսկ կա, այսինքն՝ մարդկային կուտակումներով վայրեր, առևտրի մեծ կենտրոններ և այլն:
Ըստ նրա՝ գույքագրվելուց հետո ցանկերը զտվում են, դրանից հետո կազմվում է հստակ ժամանակացույց և իրականացվում վերահսկողական գործառույթներ․ «Այսինքն՝ համեմատվում են՝ արդյոք այդ օբյեկտները գույքագրման արդյունքում տեսչական մարմնի տարեկան ծրագրով կամ գործունեության ծրագրում ընդգրկվե՞լ են, թե՞ ոչ։ Հետո տեսչական մարմնի գործունեության և տարեկան ծրագրերին զուգահեռ իրականացվում է վերահսկողական գործառույթ»։
Պապիկյանը վստահեցնում է՝ տեսչական մարմնի համոզմունքը նույնպես նույն է, ինչ հնչեցրել էր վարչապետը․ «Որևէ տնտեսվարողի հետ այս հարցում կոմպրոմիս չպետք է լինի, եթե կա մարդու կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիք»։
Պապիկյանի խոսքով՝ հիմնական գրանցվող խախտումները վերաբերում են, օրինակ, հրդեհաշիջման, ծխահեռացման համակարգերի ապահովմանը․ «Հիմնականում կանոնների չպահպանումն արդարացվում է, որ կա՛մ տեղյակ չեն՝ ինչպես պետք է դա արվի, կա՛մ պարզապես թերի են կատարել, կա՛մ էլ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք չունեն և կարճ ժամանակահատվածում չեն կարող դրանք սահմանել, կարգավորել։ Կարող է լինել տնտեսվարող, որ հրդեհաշիջման առաջնային միջոցներն ունենա, բայց տարհանման ելքերն ու ծխեցման համակարգերը՝ ոչ։ Հիմնականում խախտումները նույնական են՝ որոշակի տարբերություններով։ Հնարավոր է՝ մեծ առևտրի կենտրոնը բոլոր նորմատիվ պահանջներն ունենա, բայց փոքր սպասարկման օբյեկտները՝ ոչ»։
Իսկ որո՞նք են հրդեհային անվտանգության պահպանման համար անհրաժեշտ նորմատիվ ձևաչափերը, Պապիկյանը պարզաբանում է. «Ըստ նորմատիվ իրավական դաշտի՝ պետք է լինեն հակահրդեհային ինքնաշխատ համակարգ, հրդեհի ազդանշանման համակարգ, կրակմարիչներ, հրդեհաշիջման համակարգեր, հակահրդեհային ավազաններ, հիդրանտներ, դեպի դուրս բացվող դռներ, տարհանման պլան։ Այսինքն՝ լինեն տարհանման ելքերի ուղղություններ, ներքին ու արտաքին ջրագծերի ցանցեր, էլեկտրական տն...
Կարդալ ամբողջովին