Սկիզբը՝ այստեղ.
Երեխայի հանդեպ դրսևորած վերաբերմունքից և վարքային կառույցից զատ, մայրը նաև սեփական կյանքի մոդելի ձևավորմամբ է զբաղվում: Իսկ նման հեռանկարային ձևավորումն ունենում է մի քանի բովանդակային, դերային և արժեհամակարգային կարգախոս՝ կախված մոր անհատական առանձնահատկություններից և իրավիճակային գնահատումից: Նախորդ հոդվածում խոսեցինք դրանցից երկուսի մասին՝ «Կյանքը` հանուն երեխայի» և «Ամուսնու կերպարի հետ պայքար»: Շարունակելով` անդրադառնանք հաջորդ կարգախոսներին.
Երրորդ կարգախոս. «Ժառանգականություն»: Հաճախ մայրը, ամուսնալուծությունից հետո, պայքարում է ոչ միայն` ամուսնու կերպարի, այլ նաև բնավորության ենթադրվող գծերի դեմ, որոնք կարող են հանդիպել երեխայի մոտ: Հիմնականում այս երևույթը դիտվում է այն ոչ լիարժեք ընտանիքներում, որտեղ կա մայր-տղա փոխհարաբերությունը: Մայրը սկսում է երեխայի մեջ փնտրել հորից հնարավոր ժառանգվող հատկանիշները: Դրանք հիմնականում այն հատկանիշներն են, որոնք անվանարկվում են` որպես հոր «անցանկալի գեներ» և արտահայտվում են տղամարդկային կերպարին բնորոշ գերակտիվությամբ և ագրեսիվությամբ: Հոր ժառանգականության ներքո, մայրը հիմնականում բացառում է երեխայի մեջ ինքնուրույնության առկայությունը, իրեն ենթարկվելու ցանկությունը, ինչպես նաև կյանքի և ապագայի հանդեպ սեփական տեսակետի առկայությունը: Իսկ վարքային շեղումների շտկման անկարողությունը նա վերագրում է այդ «անցանկալի գեներ» ասածին, դրանով իսկ ինքն իրեն ձերբազատելով դաստիարակման մեջ բացթողումների հանդեպ սեփական մեղքի առկայությունից:
Չորրորդ կարգախոս. «Երեխայի սերը գնելու փորձ»: Ամուսնալուծությունից հետո երեխաները հիմնականում մնում են մոր հետ, ինչը ծնողների շփումը դարձնում է անհավասար: Մայրը երեխայի հետ է լինում ամեն օր, իսկ հայրը` միայն հանգստյան օրերին: Հայրը չունի ամենօրյա հոգսեր և կարող է լիովին տրվել երեխաների ամենասիրելի գործին՝ նվերներ մատուցելուն: Պատկերը հետևյալն է. մայրիկի հետ ծանր աշխատանքային օրեր, հայրիկի հետ՝ զվարճալի հանգստյան օրեր: Զարմանալի չէ, որ ինչ-որ վեճի ժամանակ, երեխաներից որևէ մեկը՝ աղջիկ կամ տղա, մայրիկին կարող են պատասխանել հետևյալ արտահայտություններով.
– Իսկ հայրիկն ինձ վրա չի բարկանում…
– Իսկ հայրիկն ինձ նվիրել է…
Նման իրավիճակները խոցում են մորը: Նրա մոտ ցանկություն է առաջանում գերազանցել հորը և ետ գնել երեխայի ուշադրությունն ու սերը: Իր կողմից նա երեխային մի ամբողջ կույտ նվերներ է մատուցում, ինչն իր մեջ թաքցնում է այն միտքը, որ երեխան չմտածի, թե միայն հայրն է դրան ընդունակ: Հայրն ու մայրը սկսում են մրցակցել երեխայի սիրո համար՝ նպատակ ունենալով ապացուցել ոչ այնքան երեխային, որքան իրենք իրենց և շրջապատին, որ նրան պակաս չեն սիրում և ցանկանում են ամենալավը: Որպես կանոն, նման իրավիճակի հետևանքով երեխան սկսում է կենտրոնանալ ծնողների հետ հարաբերություններում միայն նյութական կողմի վրա՝ փորձելով ամեն կերպ ստանալ իրեն անհրաժեշտ ամեն բան:
Այնուամենայնիվ, հետամուսնալուծության ճգնաժամի ժամանակ անհատի ներքին ոչ ներդաշնակ լինելն իր ձեռագիրն է ունենում երեխայի անձնային ձևավորման մեջ, քանի որ երեխաները հիմնականում ընկալում են իրավիճակները, կողմնորոշվում են` ըստ մեծահասակի արձագանքի:
Ինչպե՞ս ճիշտ իրազեկել երեխային ծնողների ամուսնալուծության մասի...
Կարդալ ամբողջովին
