Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը Երեւանի եւ ՀՀ մարզերի 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններ է հրապարակել, որտեղ նրանք ներկայացնում են, թե ինչպես են ձայներ հավաքագրել Հանրապետական կուսակցութան համար:
Այսպես՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն զանգահարել է հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների թվով 136 տնօրենների եւ ներկայանալով Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ներկայացուցիչ՝ հետաքրքրվել հավաքագրվող ցուցակների մասին:
Պարզվել է, որ ՀՀ մարզերի եւ Երեւանի թվով 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին: ՀԿ-ն պարզել է նաեւ, որ ցուցակներում հիմնականում երեխաների ծնողներն են: Անգամ եղել է տնօրեն (Գյումրու թիվ 37 դպրոցի), որն ընդունել է, որ վախեցրել է մարդկանց՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ի դեպ, Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանի ամուսինը՝ Արտակ Ավետիսյանը, թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն է: Ըստ ՀԿ-ի՝ դպրոցը ներկայացրել է 1700 հոգու անուն:
Զանգահարողի այն հարցին՝ վստահելի՞ են այդ 1700 մարդիկ, թիվ 37 դպրոցի տնօրենը պատասխանում է. «Լրիվ, լրիվ, 1000 անգամ ստուգված մարդիկ են: Մենակ չեմ արել, իմ ամուսինս էլ է ոլորտի մեջ: Աշխատում են մեկ ամիս, ամենավերջին ձեւով վախեցնելով, ովքեր երկու տեղ են գրանցվել, համ էստեղ, համ էնտեղ, դուրս են բերվել ցուցակից: Այս ամենի գլխին կանգնած է ամուսինս»:
Տեղեկացնենք, որ մարզերում տնօրենների կողմից հավաքագրված ցուցակները փոխանցվել են մարզպետարանների կրթության վարչություններ ու քաղաքապետարաններ: Իսկ Երեւանում՝ թաղապետարաններ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն իր հայտարարության մեջ նշել է նաեւ, որ Արարատի մարզի Վեդիի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հետ է զանգել եւ «զեկուցել», որ ցուցակները անձամբ ինքն է հավաքել: Այսպիսով, ՀԿ-ն զանգահարել է 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններին, որոնցից 114 տնօրեններ ընդունել են ցուցակներ հավաքագրելու փաստը:
Դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները հրապարակելուց ընդամենը ժամեր անց ՀՀԿ կենտրոնական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է. «Ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, նույնականացում: Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՀՀ քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս: Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որեւէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի խախտում»:
Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայներ հավաքագրող դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունները հրապարակել է sut.am էլեկտրոնային կայքէջում: Սակայն ձայնագրությունները հրապարակելուց հետո կայքի ղեկավարությունը պարբերաբար հայտարարությամբ էր հանդես գալիս, որ կայքն անընդհատ «հարձակումների» է ենթարկվում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հետ, ով ասաց. «Մենք մեր գործողությունների մասով նախապես խորհրդակցել ենք իրավ...
Կարդալ ամբողջովին