Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ձգողականություն» բալետի հիմքում Լեւոն Շանթի «Հին աստվածներ» դրաման է: Սեղանի շուրջ BRAVO.am-ը նոր բեմադրության մասին հետաքրքիր ու բացահայտումներով լի զրույց է ունեցել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի, բեմադրող բալետմայստեր Արա Ասատուրյանի եւ գլխավոր կերպարներից աբեղային մարմնավորող Գոռ Սարգսյանի ու Րաֆֆի Գալստյանի հետ: - Ըստ Նյուտոնի՝ ձգողականությունը (գրավիտացիա) հիմնարար փոխազդեցությունն է բոլոր նյութական մարմինների միջեւ: Ինչի՞ց է ձեզ համար սկսվում ձգողականությունը:
Շարաֆյան. Ձգողական ուժը համատիեզերական երեւույթ է եւ իսկապես ղեկավարում է ամեն ինչ: Երկար էինք փնտրում այնպիսի բառ, որը կարտահայտեր բալետի ասելիքը, եւ Նարինե Գրիգորյանի (լիբրետոյի ու գեղարվեստական գաղափարի հեղինակ,-հեղ.) միտքն էր նման վերնագիր ընտրել: Չնայած տարակուսում էի՝ ինձ թվում էր ձ-ն հանելիս ստացվում է գողականություն, Նարինեն էլ միանգամից բացատրեց, որ այդ դեպքում առանց հ-ի հպարտությունը պարտություն է:
Արա. Գրավիտացիան ավելի լավ է հնչում:
- Անվան ընտրության հարցում շա՞տ եք տանջվել, քննարկել ու չհամաձայնել իրար հետ:
Արա. «Հին աստվածները» շատ հայտնի գործ է, բայց մեր պատմության ու լիբրետոյի մեջ շեշտադրումները փոխվել են, դրա համար էլ գրավիտացիան ամենաճիշտն է արտահայտում բալետի հիմքում Նարինեի դրած մտահղացումը:
Գոռ. Այս բալետում ամեն ինչ զգացական է՝ յուրաքանչյուր րոպե ու շարժում ապրում ես: Հրաշալի է ստացվել, ամեն անգամ պարելիս մեզ նորովի ենք գտնում եւ ուրիշ լուծում տալիս:
Րաֆֆի. «Ձգողականությունը» նաեւ երկակիության մասին է. Նարինեն հաճախ էր մեզ ասում, որ կրակը կարող է ե՛ւ վառել, ե՛ւ տաքացնել: Ես ու Գոռն աբեղային ենք մարմնավորում, ով ձգտել է դեպի բնականը, ազատությունը, դեպի վերեւ: Փիլիսոփայական է նաեւ վերջում իր թռչուն դառնալն ու ճախրելը:
Արա. Նաեւ երկակիության շուրջն էինք մտորում վերնագիր ընտրելիս. վանահայրն ու աբեղան մի ընդհանուրի երկու կեսն են՝ ամեն մեկն իր ձեւով է ձգտում ծայրահեղության, նրանց երկխոսությունն էլ ամեն մարդու մեջ ապրող տարբեր եսերի պայքարն է:
Րաֆֆի. Մեկը ձգտում է բնությանն ու տրվում նրան, մյուսը՝ փորձում խեղդել սերն իր մեջ: Վանահայրը մնում է իր հավատքին ու կրոնին հավատարիմ, իսկ աբեղայի դեպքում սերն է հաղթում:
Շարաֆյան. Երկար տարիներ աշխատել եմ Երուսաղեմի ճեմարանում ու այս հարցում բավական խորացել (ծիծաղում ենք,-հեղ.): Ես էլ էի կանգնել ընտրության առաջ՝ դառնալ հոգեւորական, թե մնալ աշխարհիկ կյանքում: Ամուսնացա, նույնիսկ՝ փախա, հետո վտարվեցի, ապա վերադարձա. հետաքրքիր տարիներ եմ անցկացրել: Սիրում եմ հոգեւորականների մթնոլորտն ու ուսանողներին, որոնց մեջ այնքան մաքրություն կա: Դա երեւում է նաեւ բալետի մեջ. գրելիս մտովի վերադարձա այդ օրերը:
Րաֆֆի. Դուք էլ եք փաստորեն աբեղա (ծիծաղում ենք,-հեղ.):
Արա. Որոշ չափով կենսագրական գործ է ստացվել:
Շարաֆյան. Անսպասելի էր, երբ առաջարկեցին ստեղծել բալետը, մյուս կողմից էլ հաճախ է լինում, որ այն, ինչ ուզում եմ անել, նպաստող հանգամանք է առաջանում: Հոգեւորականներին արգելվում է ընտանիք կազմել, քանի որ արդեն ամուսնացած են եկեղեցու հետ: Դա կարեւոր ու արդիական հարց է ամբողջ աշխարհում, որովհետեւ այդ երեւույթը քրիստոնեությունն ընդունելուց շատ ավելի հետո է ի հայտ եկել: Գրիգոր Լուսավորիչը կին ու որդի ուներ, հաջորդ կաթողիկոսները հենց նրա տղան ու թոռը եղան, հետո սկսեցին աղջիկներ ծնվել, ու այնպես ստացվեց, որ կինը սկսեց խանգարել (ծիծաղում ենք,-հեղ.): Այս պատմության մեջ բոլորս գործող անձինք ենք, եւ արվեստի ուժը հենց նրանում է, որ բարձրացնում ենք մեր օրերում արդիական դարձած հարցեր:
Արա. Ծայրահեղությունների աշխարհում տեսնում ենք, որ մի կողմն իրեն ամեն ինչ թույլ է տալիս, մյուսն՝ ամեն ինչից հրաժարվում: Ոսկե միջինն է պետք գտնել, այ, հենց դա ենք մենք փորձում անել բալետի միջոցով:
Րաֆֆի. Ով այդ միջինը գտնի, երջանիկ մարդ կլինի: Միջինը հավասարակշռությունն է, եթե աշխարհն այն կորցնի, ամեն ինչ կխախտվի ու քաոս կտիրի: Աշխարհը պահում են հենց հավասարակշռություն ունեցող մարդիկ:
- Ավելի շատ բալետի զգայական կողմից խոսեցինք, իսկ ինչպիսի՞ն էր այն ստեղծելու ընթացքը, սկսենք երաժշտությունից:
Շարաֆյան. Բալետը ստեղծելու ընթացքը մոտ մեկ տարի տեւեց. միաժամանակ մի քանի գործի վրա էի աշխատում: Բեմադրելու գործը հանձն էր առել Վիլեն Գալստյանը, բայց, ցավոք, հիվանդացավ: Երբ բեմադրությունը ստանձնեց Նարինե Գրիգորյանը, որոշ հատվածներ դուրս եկան, փոխարենը նորերը եղան, հիմա էլ փոփոխություններ անելու առաջարկ կա: Այս տարբերակը մոտ 80 րոպե է տեւում, իսկն այսօրվա ունկնդրի համար է, ոչ ոք պակաս բան չի զգում: Թեեւ որոշ կրճատումների դեմ պայքարում էի (ծիծաղում ենք,-հեղ.):
- Բոլոր հեղինակների համար դժվար է իրենց գրածից որեւէ բան պակասեցնել:
Արա. Միշտ այդ պայքարը կա, որովհետեւ գրելու ընթացքում հոգեհարազատ են դարձել ու հանկարծ դուրս են մնում:
Շարաֆյան. Զանգվածային տեսարաններ կային, որ թեեւ բավական ճոխ էին ստացվել, դուրս մնացին: Հիմա զգում եմ, որ այսքանն էր պետք, բայց նրանք էլ ափսոս էին:
- Արա, Դուք ինչպե՞ս այդ գեղեցիկ երաժշտությունը վերածեցիք շարժման ու կյանք տվեցիք:
Արա. Նարինե Գրիգորյանի շնորհիվ էր. շատ հետաքրքիր կոնցեպտ առաջարկեց: Նա մի քիչ բարդույթավորվում էր, որ բալետից այնքան էլ չի հասկանում, բայց իրականում համեստություն էր անում, քանի որ ամեն ինչ արագ ընկալեց: Այդ լիբրետոն լրիվ բալետային է, ներկայացման կմախքն ինձ ճիշտ փոխանցեց, որի հիման վրա էլ հավաքվեցին պլաստիկ տեսարանները: Նարինեն երեւակայության ու խելքի տոպրակ է, կարողանում է տարատեսակ մտքերը գաղափարական հիմքի վրա դնել, դրանում էլ նրա յուրահատկությունն է: Ամեն ինչ ստացվեց նաեւ մեր դերակատարների շնորհիվ: Կարելի է ասել, որ մաքուր բալետ չէ, այլ պլաստիկ դրամա՝ ի վերջո թատերական տարրն ուժեղ է, իսկ այն պահանջում է անկեղծ խաղ ու իրական զգացմունքներ:
- Տղաներ, պատմեք՝ այդ ի՞նչ կարեւոր փորձ ստացաք ու ինչպե՞ս մտաք աբեղայի կերպարի մեջ:
Գոռ. Մեզ համար նորություն էր տեսնել, թե թատրոնն ու բալետն ինչպես են միաձուլվում: Շատ եմ սիրում ազատ շարժուձեւ, բայց, ցավոք, խաղացանկում մոդեռն բալետային ներկայացումներ չունենք, հուսով եմ՝ կավելանան: Նարինեի հետ աշխատելը շատ ուրիշ էր, նա բացատրում էր ամեն շարժման իմաստն ու ինչպես մեր հոգեվիճակով այն ստանանք: Երբ համեմատում եմ ինձ առաջ ու հիմա՝ մեծ փոփոխություն եմ նկատում, թեկուզ՝ ներքին աշխարհի հետ կապված: Սկզբում մի փոքր բարդ էր, նման կերպ չէինք աշխատել, միշտ կոնկրետ շարժումներ ու վիճակ էր եղել: Պետք է կարողանայինք հանդիսատեսին հասկացնել, թե ամեն դրվագում ինչ ենք զգում, ինչ է կատարվում մեզ հետ ու ինչ ենք անում: Բայց նախ ինքներս պետք է այդ ամենը մեզ համար պարզեինք: Ամեն շարժումն իմաստավորված է, արտահայտում է հոգեվիճակ ու շատ գեղեցիկ է ստացվել:
Րաֆֆի. Նարինեն մեզ համար գրքից հատվածներ էր կարդում ու բացատրում ժեստերով: Վերցնում էինք նրա դերասանական խաղից եւ միմիկաներից, վերամշակում եւ ինքներս արտադրում: Բալետը համր արվեստ է, իսկ այս ներկայացման մեջ ձայնարկություններ, աղոթքի տեսարան ու խոսքի հատվածներ կան: Բեմադրողն ու ռեժիսորը մեզ ազատություն էին տվել, ու ամեն ինչ բնական էր ստացվում: Տեսարան ունենք, որ տղաների պարի ժամանակ դահլիճում խունկի հոտ է տարածվում, դա էլ օգնում է մթնոլորտ ստեղծել: Բեմի հնարավորություններն օգտագործել ենք. հետեւի հատվածը բարձրանում է, ցատկում ենք ու հայտնվում ջրի տակ:
Արա. Մի փոքր վտանգավոր էլ է նման ցատկ կատարելը, բայց պարողները խիզախորեն նետվում են: Վախենում էինք նրանց համար:
Րաֆֆի. Բեմի բանվորներն ամեն անգամ ուզում էին քիչ իջեցնել, որ չվնասվենք, մենք էլ դեմքի վրա ենք ընկնում. բարձրությունը մոտ 1,5 մետր է:
- Գեղեցիկ է ստացվել նաեւ եկեղեցու պատկերը, աստղազարդ երկինքը, էկրանին երեւացող աբեղան: Այդ տեսանյութում ձեզնից նաեւ դերասանական հմտություն է պետք գալիս:
Րաֆֆի. Տպավորություն է, որ պարզապես նկար է, բայց այն կենդանի պատկեր է. մոտ 5 րոպե մի կետի ենք նայել:
Արա. Այդ ընթացքում Նարինեն անընդհատ խոսել է ու տրամադրել նրանց:
Րաֆֆի. Բավական դժվար էր, աչքերը չորանում էին, թարթել չէինք կարող, բայց մի կերպ դիմանում էինք (ծիծաղում ենք,-հեղ.):
Արա. Ներկայացման ձեւավորումն արել ու ֆիլմը նկարել է Սուրեն Թադեւոսյանը: Նրա հետ էլ հետաքրքիր էր աշխատել, բավական բծախնդիր է ու եզրափակիչ տեսարանի պատճառով այնքան է տանջել: Փորձերի վերջին օրն էր, բոլորը հոգնած էին, անընդհատ չէր հավանում, ժամերով աշխատեցրել է, ու վերջում հասկացանք, թե ինչի համար էր այդքան տանջում:
Րաֆֆի. Երբ նման նվիրվածություն ես տեսնում, դու էլ ես ուզում լավ արդյունք ապահովել, մոտիվացված ես լինում ու հնարավորը ներդնում հաջողության համար:
- Ինչո՞ւ էր պետք 1909 թվականին Լեւոն Շանթի գրած դրաման 2022-ին բեմադրել նորովի:
Շարաֆյան. Մեր արձակի լավագույն գործերից է: Շանթը եղել է մեր Առաջին հանրապետության ղեկավարներից մեկը, բայց բոլորը նրան լքել են, երբ երկրում խորհրդային կարգեր են հաստատվել: Անգամ այն տարիներին պիեսը բեմադրվում էր Պետերբուրգում, որովհետեւ շատ ուժեղ ասելիք ուներ: Եթե Կոմիտասը գրի չառներ հողի հետ աշխատող մարդկանց երգերը մինչեւ տրակտորների կիրառությունը, կկորչեին: Եզակիներից ենք, որ հորովելներ ունենք, որովհետեւ մեր հողն այնքան քարքարոտ էր ու այն մշակելը մի ամբողջ ծիսակարգ էր: Երբ օպերային ձայնով մեկը ժողովրդական երգ է կատարում, գյուղացին միանգամից զգում է, որ սուտ է: Նույն հարցը մեր առաջ էր դրված՝ ինչպե՞ս կյանք տալ «Հին աստվածներ»-ին, որ կեղծ չստացվի: Ու դա արեցինք բալետի լեզվով: ԱՄՆ-ից Կատյա Քուշերյանն առաջարկեց բալետ անել, մինչ այդ իրեն չէի ճանաչում, բայց նա լսել էր իմ երաժշտությունը: Իրեն էլ ասել եմ, որ հանճարեղ քայլ էր, քանի որ այս գործը թատերականացված բալետի լեզու էր պահանջում: Իսկ Նարինե Գրիգորյանին հրավիրելը Կարեն Դուրգարյանի գաղափարն էր:
Արա. Կարեւոր էր, որ ե՛ւ հայ գրականության նմուշ օգտագործենք, ե՛ւ ժամանակակից կոմպոզիտորի գործ: 70-80-ականներին բոլոր հայ կոմպոզիտորները բալետներ էին գրում, ժամանակին հայրս (Աշոտ Ասատուրյան,-հեղ.) էլ է բեմադրել նրանց գործերը: Այդ ավանդույթը պետք է վերականգնել, որովհետեւ լավ նմուշներ ունենք: Անցած տարի արեցինք Չարենցի «Սոմա»-ի հիման վրա գրված Տերտերյանի օպերան:
Շարաֆյան. 3 բալետ ունեմ, 4-րդը ստեղծման փուլում է, բալետային լեզուն ինձ միշտ գրավել է, որովհետեւ մարդը քայլելուն զուգահեռ հարաբերության մեջ է մտնում բնության հետ: Պարողներից ամեն մեկի դեպքում բեմադրության ոճը փոխվում է, որովհետեւ Րաֆֆին ու Գոռն իրենց սիրտն ու ոգին են դնում:
Րաֆֆի. Ամեն մեկս յուրովի է պարում ու սյուժեն իր ձեւով պատմում:
Շարաֆյան. Ամեն անգամ բեմի վրա նոր ներկայացում է ստեղծվում. սա մեռած արվեստ չէ: Խորհրդավորություն է լինում ամեն անգամ: Պետք է անպայման նշեմ Վիկտորիա Ռիեդոյին, որը շատ գեղեցիկ ձեւավորում է արել:
Արա. Աբեղաներից բացի, շատ լավ վանահայր ...