-Վիգեն, ձեր մեջ ե՞րբ ծնվեց երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը:
-Միշտ սիրել եմ այն. տանը դաշնամուր ունեինք, և ես հաճախ էի նվագում, ինչպես կարող էի: 14 տարեկանում ընտանիքով տեղափոխվեցինք Իսպանիա՝ Բարսելոն: Այդ ժամանակահատվածում չէի մտածում երաժշտությամբ զբաղվելու մասին, սակայն 18 տարեկան էի, երբ ընկերոջս հետ խանութում շրջելիս տեսա դարբուկա հարվածային գործիքը: Վերցրեցի այն և փորձեցի նվագել: Սիրեցի այդ գործիքը, սովորեցի նվագել և ժամանակի ընթացքում այն փոխարինեցի այլ հարվածային գործիքներով՝ դհոլ, կախոն…
-Իսկ հետո… Ինչու՞ կիթառ:
-Բարսելոնում մեր ընտանիքով հաճախ էինք քեռուս տանը խնջույքների մասնակցում: Հավաքույթներին քեռակինս կիթառ էր նվագում և ինքնամոռաց երգում: Կիթառի մեղեդիներն ինձ գրավում էին, հրապուրում: Նրան խնդրեցի մեկ շաբաթով գործիքն ինձ տրամադրել: Նվագս ավելի ամբողջական դարձնելու համար որոշեցի նաև երգել, և պարզվեց, որ ստացվում է:
-Այդ ժամանակ ի՞նչ երաժշտություն էիք լսում: Որևէ կատարող ազդեցություն թողե՞լ է ձեր երգարվեստի վրա:
-Բազմաժանր գործեր էի լսում, բայց առանձնահատուկ էին Դավիդ Բիսբալի երգերը: Երբ ես սկսեցի երգել, նա իր առաջին քայլերն էր անում երգարվեստում:
-Ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Հեղինակային երգերս շատ չեն, քանի որ բավականին դժվար եմ գրում և ինձ երգահան չեմ համարում: Կարող եմ մի քանի տող գրել և շարունակել հաջորդ օրը միայն: Ստեղծագործելիս ապավինում եմ երևակայությանս: Ամեն իրավիճակ պատկերացնում եմ, և այդ հույզը, ապրումը դառնում է երգ: Բառերը ծնվում են երաժշտության հետ: Կարծում եմ, որ բառերը երաժշտությունն էլ ավելի են գեղեցկացնում, լրացնում մեկը մյուսին, և հնարավոր է դառնում լիարժեք փոխանցել զգայական ներաշխարհի ելևէջները: Ինձ համար առանձնահատուկ է «Քեզ սիրել անսահման», (Amarte sin medida) երգը, որը նվիրել եմ ընկերուհուս, ով այժմ կինս է:
-Ինչու՞ որոշեցիք ձեր երաժշտական գործունեությունը շարունակել Հայաստանում:
-Բարսելոնում երգում էի «Բարսելոն էթնիկ բենդ» խմբում: Կատարում էինք տարբեր ժողովուրդների ազգային երգեր, այդ թվում՝ հայկական: Երգել եմ «Half folk» տրիոյի հետ և 2014 թվականին մասնակցել «Ծովից ծով» հայկական ազգային երգերի միջազգային մրցույթին, որը տեղի էր ունենում Կրեմլում: Արժանացանք «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Դա իմ առաջին մեծ բեմն էր, և ելույթի դուրս գալիս ոտքերս դողում էին: Մասնակցում էին հայտնի և հզոր խմբեր տարբեր երկրներից, բայց մեզ էլ գնահատեցին:
Երբ եկա Հայաստան, ծանոթացա երաժիշտներ Աշոտ Ոսկանյանի, Դավիթ Պողոսյանի հետ, ովքեր դարձան իմ մտերիմները: Սկսեցինք նվագել տարբեր ակումբներում՝ կատարելով և՛ իմ՝ երաժշտասերին դեռ ոչ ծանոթ հեղինակային, և՛ հանրությանը վաղուց արդեն հայտնի երգեր: Հետագայում ծանոթացա նաև Սոֆի Մխեյանի հետ: Նա առաջարկեց միասին կատարել «Մի քիչ» երգը: Երգը ներկայացրել ենք տարբեր երկրներում, նկարահանվել է տեսահոլովակ, կարծես թե այն սիրվել է: Ներկայումս Սոֆին իմ պրոդյուսերն է: Բազմաթիվ ծրագրեր ենք ցանկանում իրականացնել՝ նոր տեսահոլովակներ, երգեր, համերգներ…
-Հայ հանդիսատեսն ինչպե՞ս սկզբում ընդունեց ձեզ: Ձեր առաջ դռները հե՞շտ ...
Կարդալ ամբողջովին