Դեպի վեր

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` BBC-ի Hard Talk-ին

b24.am01/24/2023, 1:06

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` BBC-ի Hard Talk-ին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին:

Սթիվեն Սակուր- Պարոն Վարդանյան, միգուցե մեր HardTalk-ի լսարանը շատ բան չգիտի Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն Դուք պետական նախարար եք մոտ 120 000 բնակչութուն ունեցող մի փոքրիկ տարածքում և հենց հիմա գտնվում եք հրատապ ճգնաժամի մեջ, քանի որ դեպի Հայաստան տանող ձեր ցամաքային ճանապարհը ներկայումս շրջափակված է։ Ինչպիսի՞ն է այսօր ձեր տարածքում ապրող մարդկանց իրավիճակը:

Ռուբեն Վարդանյան – Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հարցազրույցի համար։ Շատ կարևոր է, որ աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում շրջափակված երկրում և այն մասին, որ հազարամյակներ շարունակ իր հայրենիքում ապրող 120 000 մարդ վերջին 35 տարիներին պայքարում է սեփական անկախության համար: Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական «էկոակտիվիստները» փակել են Ճանապարհը և Ադրբեջանի աջակցությամբ հայտարարում են, որ հիմա վերահսկում են ճանապարհը։ Ներկայումս Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների օգնությունից բացի մենք ոչինչ չենք ստանում. այստեղ ունենք 30 000 երեխա, ձմեռ է, էլեկտրաէներգիան սահմանափակ է, հիմնականում գազ չկա։ Առանց Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների օգնության՝ սննդամթերք, դեղորայք և բենզին մուտք չի գործում մեր տարածք։

Սթիվեն Սակուր – Այսպիսով, Կարմիր խաչը հետևում է, որ որոշ դեղամիջոցներ մատակարարվեն, բայց ես նկատեցի, որ ներդրել եք կտրոնային համակարգ, որով տրամադրվում է շաքարավազ, մակարոնեղեն, բրինձ, ձեթ, բայց տպավորություն է, որ եթե այդպես շարունակվի, ձեր տարածքը երկար ժամանակ չի կարող գոյատևել, այդպես չէ՞: Մարդիկ տառապելու են, և դա չի կարող շարունակվել։

Ռուբեն Վարդանյան – Նախ և առաջ Կարմիր Խաչը միայն մեկ կամ երկու բեռնատար ունի, նրանք և ռուս խաղապահները դեղորայքի կամ սննդի շատ սահմանափակ քանակություն կարող են բերել։ Հետո, դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են։ Մենք հազարավոր տարիներ այստեղ ենք ապրում և շատ վճռական ենք տրամադրված մնալու մեր հայրենիքում։ Ինչպես ասացի, 35 տարի է, ինչ այս կռիվը շարունակվում է, և մենք պաշտպանում ենք մեր տարածքը և հավատում ենք մեր արժեքներին: Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք բախվում ենք, հավատում եմ, որ ժողովուրդը ամուր կկանգնի և նվիրված կմնա սեփական հայրենիքին։

Սթիվեն Սակուր -Դուք հենց նոր ձեր տարածքն անվանեցիք Արցախ, պետք է պարզաբանեմ, որ մինչ Դուք այն անվանում եք Արցախ, Ադրբեջանի կառավարությունը ինչպես նաև միջազգային հանրությունը այն անվանում են Լեռնային Ղարաբաղ, ուստի պարզապես ուզում եմ հստակեցնել դա: Ինձ ամենաշատը շփոթեցնում է այն, որ Դուք ունեք մոտ 2000 ռուս զինվորականներ՝ խաղաղապահներ ձեր տարածքում։ Հիմա, ինչու՞ նրանք չեն բացում ճանապարհը, որպեսզի մատակարարումները տեղ հասնեն:

Ռուբեն Վարդանյան – Մինչ այս հարցին պատասխանելը, ուզում եմ ասել, որ եթե նայեք 80-ականների Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության պատմության դասագրքերը, ապա նույն Արցախ անունը հիշատակվում է որպես հայկական տարածք։ Ես ոչ մի նոր բան չեմ ասում, սա արդեն կար խորհրդային տարիներին՝ ադրբեջանական դպրոցական պատմության գրքերում։ Իսկ հիմա վերադառնանք Ձեր հարցին:

Առաջին հերթին մարդիկ պետք է հասկանան, որ ընդամենը 2000 խաղաղապահ կա, և նրանք ունեն զենք օգտագործելու շատ սահմանափակ մանդատ, և ճանապարհը փակել են ֆորմալ առումով «էկոակտիվիստները», որոնք քաղաքացիական անձինք են։ Առանց պատրանքների, զինվորների քանակը քիչ է, նրանք միայն թեթև զենք ունեն, և կրակելու իրավունք չունեն։ Ահա ինչու, ցանկացած խաղաղապահի դեպքում միշտ շատ դժվար է միջամտել երկու կողմերի միջև, եթե հակամարտությունը շարունակվում է։


Սթիվեն Սակուր – Բայց ճշմարտությունն այն է, պարոն Վարդանյան, որ Վլադիմիր Պուտինն այս պահին ավելի մեծ խնդիրներ ունի: Ուկրաինա ներխուժումը հանգեցրել է պատերազմի, որը սպառում է Մոսկվայի ռեսուրսները, և վերջին բանը, որ Պուտինը, անկեղծ ասած, ուզում է անել, ներքաշվելն է Լեռնային Ղարաբաղում հակամարտության մեջ: Սա է ճշմարտությունը։ Սա Ձեզ շատ ավելի խոցելի է դարձնում, այդպես չէ՞։ Քանի որ Ռուսաստանի աջակցությունը չի երևում:

Ռուբեն Վարդանյան – Նախ ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Ռուսաստանի որոշումների կայացման դաշտում, բայց մենք սահմանափակում ունենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստան ստորագրած փաստաթղթով, որով ադրբեջանական կողմից սահմանափակվել էր զինվորների թվաքանակը, այդ պատճառով ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, ուղարկել են, չեն ուղարկել, բայց մենք հետևում ենք մեր ստորագրած փաստաթղթին, որն այսօր Ադրբեջանն ամբողջությամբ խախտում է։ Որովհետև նրանք երաշխավորել են բաց ճանապարհ Արցախում ապրող հայերի համար առանց որևէ վերահսկողության, և այժմ դալիովին խախտում են։

Սթիվեն Սակուր -Այո, ես հասկանում եմ, որ թյուրըմբռնում է եղել, որը ներառել էՀայաստանի կառավարությունը, Ադրբեջանի կառավարությունը, բայց ինձ համար հետաքրքիրն այն է, որ Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հիմա խիստ քննադատում է Մոսկվային՝ ասելով, որ ռուս խաղաղապահները ձախողում են իրանց պարտականությունները: Բայց հետաքրքիր է, որ Դուք շատ ավելի քիչ եք քննադատում Մոսկվային, ինչո՞ւ:

Ռուբեն Վարդանյան -Գիտեք, ես Ձեզ խորհուրդ եմ տալիս գալ այստեղ և կհասկանաք, թե որքան կարևոր է, երբ շրջապատված եք 10 միլիոնանոց պետությունով, որն ունի մեծ փողեր, շատ զենք, և մենք ունենք ընդամենը 120 000 մարդ՝ 30000 երեխաներով, որոնց պետք է պաշտպանել, և մենք ունենք 2000 ռուս զինվոր: Ես ուզում եմ Ձեզ այս հարցը տալ՝ պատրա՞ստ եք վարկաբեկել այն մարդկանց, ովքեր ձեզ հետ են այս իրավիճակում։

Սթիվեն Սակուր -Այո, ես Լոնդոնում եմ, Դուք Լեռնային Ղարաբաղում եք, սա ձեր իրականությունն է, որին պետք է առնչվեք, և հենց հիմա թվում է, որ ոչ միայն ռուսները ձեզ չեն օգնում, այլև ձեր հարաբերությունները Հայաստանի և, մասնավորապես, վարչապետ Փաշինյանի հետ գնալով ավելի վատ են դառնում։ Թվում է, թե Երևանում կառավարությունն աշխատանքային հարաբերություններ չունի ձեզ հետ:

Ռուբեն Վարդանյան -Ես չգիտեմ այս տեղեկատվության մասին, ի դեպ մեր երկրում թիվ մեկ պաշտոնատար անձը՝ նախագահը, միշտ լավ հարաբերությունների մեջ է վարչապետի հետ, դրա համար էլ չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, և սա մանիպուլացիա է, որին վստահ չեմ, որ իմաստ ունի անդրադառնալ մեր զրույցի ընթացքում:

Սթիվեն Սակուր -Կարծում եմ՝ կարևոր է դիտարկել Ձեր անցյալը և ինչու եք այսօր Լեռնային Ղարաբաղում։ Դուք շատ հարուստ մարդ եք, առնվազն մեկ միլիարդ դոլար եք վաստակել Մոսկվայում բիզնես կարիերայի շնորհիվ, որը համընկավ Վլադիմիր Պուտինի վերելքի հետ։ Սրանից պարզ է դառնում, որ Դուք երկուսով բավականին մոտ եք: Ինչու՞ անցած տարի որոշեցիք հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, որը պահանջում է Պուտինի հատուկ թույլտվությունը, հեռացաք Ռուսաստանից և որոշեցիք ապրել Լեռնային Ղարաբաղում։ Ինչու՞ արեցիք դա։

Ռուբեն Վարդանյան -Նախ և առաջ, ես սկսել եմ իմ բիզնեսը 1991 թվականին ամերիկյան ներդրողների 35,000 դոլարով՝ կառուցելով տարածաշրջանի լավագույն ներդրումային բանկը և Ռուսաստան բերելով բազմաթիվ ներդրողների և խոշորագույն ընկերությունների: Ես բիզնեսով եմ զբաղվել Անգլիայում, ԱՄՆ-ում։ Ես տարբեր ընկերությունների խորհրդի անդամ եմ 30 երկրներում, բարեգործական և սոցիալական ծրագրեր եմ իրականացրելշատ վայրերում ։ Ուստի կարծում եմ՝ Ձեր եզրակացությունը Վլադիմիր Պուտինի հետ իմ մտերմության մասին ճիշտ չէ, քանի որ ես աշխատել եմ իշխանության մաս կազմող և մասնավոր հատվածում աշխատող շատ մարդկանց հետ շատ տարբեր երկրներում և այդ է պատճառը, որ․․․․

Սթիվեն Սակուր -Գիտեք, որ OCCRP-ը և Նավալնի հակակոռուպցիոն հիմնադրամը երկուսն էլ մեղադրել են Ձեզ, այսպես ասենք, նախկինում կասկածելի բիզնեսով զբաղվելու մեջ: Ձեզ երբեք մեղադրանք չի առաջադրվել որևէ բանի համար, այդուհանդերձ, կան պնդումներ, թե Դուք եղել եք օլիգարխիկ համակարգի մաս, որը վերահսկել է Վլադիմիր Պուտինը, և դա մասամբ բացատրում է Ձեր մեծ հարստությունը:

Ռուբեն Վարդանյան – Տեսեք, 4 տարի առաջ այս հրապարակումը եղավ, և ես չորս տարի շարունակել եմ մնալ և պաշտոնավարել բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, ինչը հաստատում է, որ ճշմարտությունն իմացող մարդիկ, ինձ անձամբ ճանաչող մարդիկ հասկանում են, թե ինչ են նշանակում առանց որևէ ապացույցի այդ բոլոր պնդումները, որովհետև ոչ մի իրավական գործ ոչ մի երկրում երբևէ տեղի չի ունեցել:

Շարունակվող մեղադրանքներ կան թագավոր Չարլզի մասին, Ջորջ Քլունիի մասին և իմ այլ գործընկերների և ընկերների մասին, ովքեր աշխատել են ինձ հետ տարբեր նախագծերում, ինչպես օրինակ Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուն և շատ այլ մարդիկ, որոնց ես պատիվ եմ ունեցել ճանաչելու և նրանց հետ աշխատելու: Եվ դա է պատճառը, որ ամենայն հարգանքով լրագրողների նկատմամբ, պետք է ասեմ, որ այդ պնդումները պարզապես հրապարակում էին առանց որևէ ապացույցի, և երկրորդը, որ այն ֆինանսական հաստատությունը, որը ես ղեկավարում էի այն ժամանակ, տրիլիոն դոլարների շրջանառություն ուներ իր հարյուր հազարավոր հաճախորդների հետ, և մեղադրել Ռուբեն Վարդանյանին ինչ-որ բան անելու համար նման էր J․P․ Morgan-ին կամ Սիթի բանկին մեղադրելուն։ Ես կարծում եմ, որ սա իսկապես մանիպուլյացիա է, և Դուք ևս կրկնում եք այս տեղեկությունը…

Սթիվեն Սակուր -Ես պարզապես անդրադառնում եմ գրառումներին, և Դուք, իհարկե, կարող եք վիճարկել իմ ասածները։ Բայց ճշմարտությունն այն է, որ հատկապես Ադրբեջանը ասում է, որ Դուք, և ես այստեղ մեջբերում եմ Բաքվում գտնվող քաղաքական վերլուծաբան Էլխան Շահինօղլուին, նա ասում է՝ Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի մարդն է Ղարաբաղում և նախագահը նախապատրաստում է, որ Լեռնային Ղարաբաղում լիակատար պատասխանատվություն ստանձնեք։ Դա՞ է Ձեր մտադրությունը:

Ռուբեն Վարդանյան – Գիտեք, ես կարծում էի, որ մեր քննարկումը լինելու է մարդու իրավունքների, ստեղծված իրավիճակի և այս աղետի շուրջ, և եթե Դուք տրվեք այս շահարկումներին, հատկապես ադրբեջանական կողմից տարվող, մենք կարող ենք անվերջ խոսել։ Ես կնախընտրեմ խոսել այն մասին, թե ինչպես է 120,000 մարդ գոյատևում այս սարսափելի ժամանակաշրջանում քաղաքական կողմի կամ «էկոակտիվիստների» ճնշման տակ։ Ի դեպ, խորհուրդ եմ տալիս ստուգել, թե վերջին 30 տարիների ընթացքում բնապահպանական քանի՞ բողոք է եղել Ադրբեջանում, և քանի՞ անգամ է Ալիևի ավտորիտար վարչակարգը թույլ տվել, որ ոչ թե հայերը, այլ ադրբեջանցիները որևէ ընդդիմադիր խոսք ասեն իր դեմ։ Մենք խոսում ենք մի բանի մասին, որն իսկապես զարմացնում է ինձ, Դուք չեք շոշափում այն, թե ինչ է կատարվում հիմա այստեղ և ինչպիսին է Ադրբեջանի պահվածքը։ Ի դեպ, այսօր Եվրախորհրդարանը․․․

Սթիվեն Սակուր – Ավելի քան շահագրգռված եմ խոսել այն մասին, թե ինչ է կատարվում, բայց այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն ավելի մեծ պատկերի մաս է կազմում: Ավելի մեծ պատկերն այն է, որ այս տարածաշրջանում հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է արդեն շատ տասնամյակներ: Այն, ինչ մենք տեսանք 2020 թվականին, այն էր, որ ադրբեջանական զորքերը մեծ հաղթանակ տարան, և դուք կորցրեցիք ավելի քան երկու երրորդն այն տարածքների, որը վերահսկում էիք մինչև 2020 թվականը: Դուք այժմ վերահսկում եք մի փոքր անկլավ, որը մեկուսացված է տնտեսական շրջափակումով, և ինձ թվում է, որ ձեր միակ իրատեսական տարբերակը կա՛մ Ադրբեջանի հետ քաղաքական գործարք կնքելն է, կա՛մ ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղի հայ համայնքը կորոշի, որ իրավիճակն այլևս կայուն չէ և կհեռանա : Այսպիսով, ո՞րն է լինելու՝ քաղաքական գործա՞րքը, թե՞ հեռանալը:

Ռուբեն Վարդանյան – Նախ՝ թույլ տվեք ավարտել: Այսօր Եվրախորհրդարանը հաստատեց նախագահ Ալիևին ուղղված կոշտ ուղերձով բանաձև, որով պահանջում է ապաշրջափակել ճանապարհը։ Ոչ միայն Ռուսաստանը, այլև Ֆրանսիան, Եվրախորհրդարանը և ԱՄՆ-ը զարմանալիորեն միակարծիք են այս հարցի վերաբերյալ, ինչն իսկապես շատ առանձնահատուկ է, քանի որ մենք բոլորս գիտենք, թե ինչպիսին են այսօր եվրոպական խոշոր երկրների և Ռուսաստանի հարաբերությունները: Երկրորդը․․․

Սթիվեն Սակուր -Պարոն Վարդանյան, եթե անգամ շրջափակումը վերացվի, իմ հարցը մնում է այն, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի համայնքը երկարաժամկետ կենսունակ լինել։ Անգամ Հայաստանի կառավարությունն ասում է, թե սա այլևս տարածքային խնդիր չէ, նրանք այլևս Լեռնային Ղարաբաղը անկախ պետության կամ Հայաստանի մաս դարձնելու հավակնություն չեն ներկայացնում։ Երևանում ասում են, որ սա պարզապես իրավունքների հարց է, ձեր տարածքում գտնվող հայ համայնքի համար մարդու իրավունքների և անվտանգության բանակցված երաշխիքների հարց է։ Ամեն ինչ հուշում է, որ երկարաժամկետ հեռանկարում դուք լինելու եք Ադրբեջանի ինքնիշխան պետության կազմում։ Դուք ընդունո՞ւմ եք դա:

Ռուբեն Վարդանյան – Արցախցիները դեռևս խորհրդային շրջանում՝ 1988-ին, ասացին, որ երբեք չեն լինի Ադրբեջանի կազմում։ Նրանք պայքարում են իրենց ազատության համար և արել են բոլոր անհրաժեշտ իրավական քայլերը:
Եվ այսօր մենք շատ պարզ հարց ենք ուղղում աշխարհին՝ ասելով. մենք ունե՞նք ինքնորոշման իրավունք մի պետությունում, որը խախտում է մարդու բոլոր իրավունքները սեփական ժողովրդի նկատմամբ: Ինչպե՞ս կարող ենք ապրել մի երկրում, որտեղ Ադրբեջանի գոյության 104 տարուց 44 տարին մեկ ընտանիք է ղեկավարում երկիրը (նախ՝ Խորհրդային Միության կազմում, իսկ հետո՝ որպես անկախ հանրապետություն),որտեղ ադրբեջանցին որևէ իրավունք չունի, հայերի մասին՝ չեմ էլ խոսում։ Ինչպե՞ս եք պատկերացնում ազգային փոքրամասնության համար, ինչպես...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD392.5401.5
EUR418435
RUR5.525.85
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր