Նախընտրական պրոցեսները նոր ուղղություն են վերցրել։ Չնայած ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն մի քանի դաշինքներ են ձեւավորվել, մյուսներն էլ ընթացքի մեջ են, սակայն վերջին օրերին ընդդիմադիր դաշտի տարբեր ուժերի, այդ թվում՝ արդեն ձեւավորված դաշինքների միջեւ, միավորման բանակցություններ են ընթանում։
Տարբեր ուժերի ներկայացուցիչներ այցելում են միմյանց, անգամ կան «հաշտեցնողներ»։ Ակտիվ բանակցողներից մեկն էլ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանն է, ով ջերմ հարաբերություններ ունի մի քանի ուժերի հետ՝ ՀԱԿ-ի, «Ելք»-ի, Գագիկ Ծառուկյանի եւ այլն։ Նա օրերս իր հարցազրույցներից մեկում չէր էլ թաքցրել, որ ինքն ակտիվ հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի հետ՝ ընտրություններին մասնակցելու հարցով։ Տեղեկություններ կան, որ այդ հանդիպումներն ընթանում են հետեւյալ օրակարգով՝ Սուքիասյանն առաջարկում է մի կողմ դնել նախկինում ունեցած բոլոր տարաձայնությունները եւ մեկտեղվել մեկ պլատֆորմում, որն իշխանափոխության միակ երաշխիքն է լինելու։
Եթե տեսականորեն չի կարելի բացառել Գագիկ Ծառուկյանի ձեւավորելիք դաշինքի եւ Վարդան Օսկանյանի «Համախմբում», Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» եւ Արամ Գասպարի Սարգսյանի Դեմոկրատական կուսակցություններից կազմված դաշինքի համագործակցությունը, ինչպես նաեւ այլ ուժերի միավորումը՝ ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով, ապա խնդիր է առաջացնում «Ելք»-ը, որի առաջնորդներից գոնե երկուսը՝ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը, շատ են քննադատել Ծառուկյանին եւ, թվում է, անհաղթահարելի հակասություններ ունեն նրա հետ։ Չնայած քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ, ինչպես հայտնի է, չկան, եւ Էդմոն Մարուքյանի հետ միավորվելու հանգամանքը դրա վառ ապացույցն է։ Ի դեպ, բանակցությունների ավարտին են սպասում նաեւ Ստեփան Դեմիրճյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ-ը, որոնք դրանից հետո կկայացնեն ընտրություններին մասնակցելու եւ կոնկրետ ում հետ մասնակցելու որոշումը։ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններից ձեւավորված դաշինքում առնվազն երկու անհաղթահարելի ռուբիկոն են նշում՝ համագործակցությանը խանգարող․ Մարտի 1-ին մեղսակցությունը եւ նախկինում իշխանության մաս կազմելը։
Բայց սառույցն այստեղ էլ է կարծես սկսել հալվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասում է, որ իր համար առայժմ հասկանալի չէ, թե այս դաշինքներն ինչ են ուզում անել, ուր են ուզում տանել ժողովրդին, ժամանակը ցույց կտա ամեն ինչ, իսկ իրենք կսպասեն։ Որեւէ հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ «Ելքն» ընտրություններին մասնակցի Վարդան Օսկանյանի եւ Գագիկ Ծառուկյանի ստեղծած դաշինքների հետ համատեղ, հարցրինք Սասուն Միքայելյանին։ «Մենք ունենք հուշագիր, կոնսենսուս, ո...
Կարդալ ամբողջովին