44-օրյա պատերազմի մեկնարկից հետո ընկած մեկ տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավականին ուշ սկսեց Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք երբեմն համակարգված չէին։ Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտեցին անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտն ուսումնասիրող վերլուծաբանները։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ նաև սա էր պատճառը, որ նախորդ ամիսներին Սև լճի, Վերին Շորժա-Կութ, Երասխի և Գորիս-Կապան ավտոմայրուղու հատվածներում առաջացան ճգնաժամային իրավիճակներ։
«Ընտրություններից հետո նոր սկսվեց աշխատանք, ես կասեմ այսպես՝ անվտանգությունը ինչ-որ չափով պաշտպանելու կամ ապահովելու համար։ Պարզ է՝ պատերազմից անմիջապես հետո խառնաշփոթ վիճակ էր, կառավարությունը շոկի մեջ էր, ակնհայտ է դա, այս ծանր պարտությունից հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
«Անշուշտ, լարված ներքաղաքական իրավիճակը խոչընդոտ էր, որպեսզի կառավարությունը զբաղվի երկրի անվտանգային հարցերով», - շարունակեց վերլուծաբանը։ Բայց, ընդգծեց նա, «արտահերթ ընտրություններից հետո՝ հունիսի 20-ից հետո, երբ ձևավորվեց նոր Ազգային ժողով, նոր կառավարություն, կայունանում է իրավիճակը, ու ակնհայտ երևում է, որ քայլեր արվում են։ Օրինակ, մեկ քայլը ակնհայտ երևացող՝ ակտիվացումը միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Հայաստանը հիմա ավելի ակտիվ է աշխատում»։
Պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, ուր ի շարս այլ կետերի որպես կառավարության «ամենակարևոր անելիք» նշված էր նաև՝ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ», որի իրականացման համար Փաշինյանը մինչև այս հունիս ժամանակ էր խնդրում։
Թեև ցայսօր հայտնի չէ՝ ընդունվե՞լ է արդյոք Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների ծրագիրը և, որն ավելի կարևոր է, ի՞նչ բովանդակություն ունի այն, սակայն նախորդ ամիս ընդունված կառավարության 2021-2026թթ. ծրագրում պնդում կա. - «Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը»։
«Ռազմավարական առումով՝ Հայաստանի Հանրապետությունը աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի։ Էականորեն կփոխ...
Կարդալ ամբողջովին