![](https://img1.newsinfo.am/big/Ekd92dz_rV.jpg)
Վերջին օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ մշակույթի նախարարությունը արգելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանում անել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 7-ին:
Գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը նախապես պայմանավորվել էր թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի հետ և հունվարի 25-ին միջոցառման հրավերի ֆեյսբուքյան իվենթ ստեղծել, սակայն հաջորդ օրը ֆեյսբուքյան իր էջում և միջոցառման իվենթի մեկնաբանություններում գրել էր, որ կողմերի կամքից անկախ հանգամանքներում միջոցառումը տեղի չի ունենա Չարենցի տուն թանգարանում՝ նշելով, որ խնդիրը տեխնիկական է:
Նշենք նաև, որ միջոցառման իվենթի մեկնաբանություններում իր դժգոհությունն էր հայտնել բնապահպանության նախարարի օգնական Մեսրոպ Եսայանը՝ հարցնելով՝ գրքում չի՞ պատմվում Սահակաշվիլու հակահայ գործունեության մասին ու նշել, թե լավ կլիներ՝ թանգարանի տնօրինությունը Սաակաշվիլու կողմից բանտերում հայտնված ջավախահայերին, Վրաստանում անցանկալի անձ հայտարարված բազմաթիվ գործիչների հատուկ հրավիրեր:
Մեր հարցին՝ խնդիրն իսկապես տեխնիկակա՞ն է, թե նախարարությունից են արգելել, գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանն ասաց, որ իրեն, ընդհանուր առմամբ, ասել են, թե տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէ շնորհանդեսն անել Չարենցի տուն-թանգարանում.
«Թանգարանի տնօրինության նկատմամբ ես շատ հարգալից վերաբերմունք ունեմ: Դա հարցի մի կողմն է: Հարցի մյուս կողմն այն է, որ ինձ պարբերաբար շշուկներ են հասնում, որ հրահանգ է եղել նախարարությունից, ինչն, ի դեպ, արդեն մամուլում էլ է տարածվել: Հիմա ինձ, որպես պաշտոնական տեղեկատվություն, ասվել է, որ կան տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով հնարավոր չէ, ինչի մասին ես հայտարարություն եմ տարածել: Ինչ վերաբերում է իմ տպավորություններին՝ ես չեմ կարող միանշանակ ինչ-որ բան ասել: Մի կողմից ինձ շատ հարգարժան մարդուց եղել է պարզաբանում, մյուս կողմից մենք Հայաստանում ունենք նախադեպեր, որ նախարարությունը ուղիղ արգելանք է դրել որևէ միջոցառման կամ որևէ բովանդակության ներկայացման հետ կապված՝ ընդ որում՝ վերջին մեկ տարվա ընթացքում: Արդյո՞ք հանրության այն տպավորությունը, որ սա ևս գրաքննության դեպք է՝ լեգիտիմ լինելու իրավունք չունի: Խնդիրը սա է: Այսինքն՝ հնարավոր է, որ արգելելու մասին լուրերը ճիշտ չեն, և հնարավոր է՝ ճիշտ են: Եթե դրանք ճիշտ են, ապա սարսափելի է, որ Հայաստանում արդեն սովորություն է դառնում գրաքննությունը: Եթե դրանք ճիշտ չեն, է՛լ ավելի սարսափելի է, որ որդեգրված գործելակերպը հանգեցրել է նրան, որ նման տեղեկատվությունը միանգամայն լեգիտիմ լինելու իրավունք է ստացել»:
Բազմաթիվ հակասական կարծիքներ են տարածվել գրքի մասին, կայքերից մեկն անգամ «Սաակաշվիլու վկաները Հայաստանում» վերնագրով հոդված է հրապարակել՝ գրելով, որ ֆեյսբուքում Սաակաշվիլիի պաշտամունքի արշավ է սկսվել:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Վրաստանի նախկին նախագահի հակահայ լինելու մասին մեղադրանքները, Միքայել Նահապետյանը պատասխանեց.
«Նախ սկզբում ասեմ, որ ես Սաակաշվիլու թիմի մասը չեմ, ես Սաակաշվիլու փաստաբանը չեմ, նրա պաշտպանը ու շահերի ներկայացուցիչը չեմ: Երկրորդ. ջավախահայերն իմ ազգակիցներն են, իմ եղբայրներն են: Ջավախքի խնդիրը շատ նուրբ խնդիր է, որի հետ կապված ես չունեմ այն բավարար դիվանագիտական գիտելիքները, որ կարողանամ միանշանակ տեսակետ արտահայտել: Ինչ վերաբերում է թարգմանել կարելի-չի կարելի լինելուն, Սաակաշվիլին հակահայ է կամ հակահայ չէ, այսպես ասեմ. եթե մենք ասում ենք՝ ինչ-որ մեկը հակահայ է և հրաժարվում ենք ուսումնասիրել, թե իրենք իրենց խնդիրներն ինչպես են լուծել, որովհետև աշխարհում յուրաքանչյուրն ինքն իր խնդիրներն է լուծում, և մեր խնդիրը ոչ ոք չի լուծելու, եթե հրաժարվում ենք ուսումնասիրել իրենց փորձը՝ իրենց խնդիրները լուծելու ճանապարհին, դա նշանակում է, որ մենք լռելյայն հակվում ենք այն կարծիքին, որ մեկը, ով հակահայ չէ, կգա ու մեր խնդիրները կլուծի: Նման բան չի լինելու: Հակահայ, թե հայամետ, մեր խնդիրները մենք ենք լուծելու: Ու դրա համար է, որ մեզ պետք է ուսումնասիրել թե՛ հակահայերի, թե՛ հայամետների փորձը: Այդ կարծիքն արտահայտողները թող ասեն՝ ո՞վ է հայամետ....
Կարդալ ամբողջովին