Կառավարության հերթական նիստում ընդունվեց որոշում, որով ավելացվելու են հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում սահմանված տարածքների չափերը: Կառավարության նախկին որոշմամբ՝ տնտեսավարողները ստանալու էին պետական աջակցություն՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ 0.5-10 հա-ի համար (0.5-5 հա սահմանաչափը վերաբերում էր խաղողի այգուն, 0.5-3 հա՝ ինտենսիվ պտղատու այգուն ու հատապտղանոցին): Նոր որոշմամբ՝ տարածքների չափերը տասն անգամ մեծացվել են՝ հասցվելով 0.5-100 հա-ի: Ե՛վ հին, և՛ վերանայված ծրագրով պետությունը կատարված ծախսերի 40%-ի չափով, իսկ սահմանամերձ համայնքներում և կոոպերատիվների համար 50%-ի չափով փոխհատուցում է իրականացնելու: Ինչո՞վ էր պայմանավորված ընդամենը մի քանի ամիս առաջվա կառավարության որոշման վերանայումը: Ինչպես ծրագրի վերանայման ընթացքում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ծրագրի առաջին տարբերակը արձագանք չի գտել գյուղատնտեսությամբ զբաղվողների շրջանում, և կառավարությունը ստիպված է եղել վերանայելու ծրագիրը, մեծացնելով գյուղատնտեսական հողատարածքների չափերը: Այլապես թե՛ 2018-ին և թե՛ այս տարի ընդամենը մի քանի հոգի էին դիմել կառավարության առաջարկած «գայթակղիչ» արտոնություններից օգտվելու համար: Դա խոստովանեց նաև վարչապետը: «Տարվա կեսին հասկացանք, որ ծրագրերով նախատեսված միջոցները չենք կարողանում իրացնել, որովհետև բավարար չափով հայտեր չունենք: Որովհետև փոքր տնտեսությունները նախաձեռնություն չէին ցուցաբերում:
Բայց սա առանձին քննարկման, վերլուծության թեմա է»: Հիմա կառավարությունում հույս ունեն, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կբարձրանա ծրագրի արդյունավետությունը, նրանում կընդգրկվի շահառուների ավելի լայն շրջանակ: Հատկապես, որ ըստ վարչապետի, խոշորների մոտ հետաքրքրություն կար, բայց ծրագրի պայմանները (առավելագույնը 10 հա) դրա հնարավորությունը չէին տալիս: Ըստ վարչապետի՝ այս փոփոխությամբ նրանց համար ճանապարհը բաց է: Զարմանալի է, որ վարչապետի մոտ հարց չի առաջացել, թե որոնք են պատճառները, որ հանրապետությունում խաղողագործությամբ զբաղվող 60-70 հազար տնտեսություններից ավելի քան 1 տարվա ընթացքում ընդամենը 10-15-ի մոտ է հետաքրքրություն առաջացել կառավարության աննախադեպ աջակցության նկատմամբ:
Վարչապետի, կառավարության համար, թերևս, հենց դա պետք է լիներ ամենակարևորը, արժեշղթայում ի՞նչն է, ո՞ր գործոնը կամ գործոններն են, որ հեռու են պահում մարդկանց գրեթե անտոկոս վարկերից: Ընդհանրապես, չմտնելով հարցի էության մեջ, չփորձելով ոչինչ պարզել, ամեն ինչ բացատրելով փոքր տնտեսությունների անտարբերությամբ, վարչապետն ու իր թիմը շտապում են գնալ այլ ճանապարհով. մեծացնել հիմնվելիք այգիների տարածքները և դրանց համապատասխան պետական սուբսիդավորումը: Մինչդեռ սատանան, ինչպես ասում են, հենց այդ «անտարբերության» մեջ է, որ այդպես շտապում է շրջանցել վարչապետը: Ցավոք, միայն այդ հարցում չէ, որ կառավարությունն ու վարչապետը չթաքցրած ու ոչնչով չհիմնավորված շտապողականություն են դրսևորում: Հայաստանում շուրջ 10 տարի է՝ ֆիլոքսերա է տարածված, որի դեմ պայքարի միակ միջոցը նոր, ֆիլոքսերադիմացկուն պատվաստված այգիների հիմնումն է: Բայց քանի որ այս ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, հիմա պարզ չէ, տեղական-հայկական սորտերը այլածին՝ ամերիկյան պատվաստակալների վրա իրենց ինչպես կդրսևորեն որակական առանձնահատկությունների պահպանման առումով: Պարզ չէ, թե այգեթաղի ժամանակ պատվաստները ինչքանով կջարդվեն, շարքից դուրս կգան (բացի Հայաստանից, աշխարհում էլ ոչ մի տեղ այգի չի թաղվում):
Ծրագիրը պահանջում է լիցենզավորված տնկիներ, Հայաստանում այդպիսիք գրեթե չկան: Խաղողի՝ ընդհանրապես: Դրսից բերելուց նշանակում է, որ տեղական սորտեր չեն լինի: Դրանից էլ հետևում է, որ Հայաստանում արտադրվելիք գինիները լինելու են ոչ հայկական սորտերի, իսկ աշխարհի հետաքրքրությունը հայկական գինիների նկատմամբ պայմանավորված է մեր աբորիգեն սորտերին բնորոշ առանձնահատկություններով: Նմանատիպ բազում հարցեր կան, որոնք շուտով ծառանալու են երկրի առաջ, քանի որ Հայաստանում ամենահեռանկարային ճյուղերից մեկը գինեգործությունն է, իսկ դրա հումքի՝ խաղողի արտադրությունը լրջորեն վտանգված է նշյալ և նման բազմաթիվ այլ պատճառներով: Վարչապետն էլ, չհետաքրքրվելով խաղողագործների ( և ոչ միայն սրանց) անտարբերության պատճառներով, շտապում է վերոնշյալ չլուծված հարցերի պարագայում, անորոշության պայմաններում հարյուրավոր հարցերի վրա այգիներ հիմնելու դեպքում միլիոնավոր դոլարներով ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Շտապում է, ինչի՞: Հավանաբար ուզում է ինչ-որ թվային արդյունքներ ցույց տալ: Ի՞նչ կտա դա երկրին, տնտեսությանը:
Դժվար է ասել: Շտապում է, բայց և վախենում, որ մի շարք հարցերում, այդ թվում և փոխհատուցման չափի (որ...
Կարդալ ամբողջովին