ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ:
«Հարգելի՛ պարոն նախարար,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Զբիգնև Ռաուին ջերմ հյուրընկալության համար։
Ուրախ եմ լինել Լեհաստանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։ Այս երեք տասնամյակներն առաջընթացի, փոխադարձ վստահության և փոխըմբռնման տարիներ էին, որոնք ամուր հիմք են ապահովել միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացման ու ամրապնդման համար։
Հայ-լեհական հարաբերությունները խարսխված են մեր երկու ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության, ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացին:
Այսօր գործընկերոջս հետ ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի և Լեհաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Մենք պատրաստակամություն ենք հայտնել` քայլեր ձեռնարկելու հայ-լեհական տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ, ինչի համար ունենք շուրջ 30 փաստաթղթից կազմված ամուր իրավապայմանագրային դաշտ և աշխատանքային արդյունավետ հարթակ՝ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 7-րդ նիստը առաջիկայում նախատեսվում է անցկացնել Երևանում:
Իհարկե, Հայաստանի ու Լեհաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն գոհունակությամբ կարող ենք նշել, որ այդ ուղղությամբ մենք հետզհետե աճ ենք գրանցում: Հայ-լեհական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար հեռանկարային ոլորտներ ենք համարում տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, ագրոբիզնեսը և վերականգնվող էներգետիկան:
Մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ ենք կատարել Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը և Արևելյան գործընկերության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերին։ Այս առումով Լեհաստանը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից մեկը, կարևոր դերակատար է մեզ համար, և մենք ակնկալում ենք այս ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնում:
Բնականաբար, այսօրվա մեր քննարկումների առանցքում էին տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցեր: Իհարկե, անդրադարձել ենք ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցությանը, որտեղ այժմ նախագահում է Լեհաստանը։ Պարոն Ռաուին հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։
Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լ...
Կարդալ ամբողջովին